Ուզու՞մ եք ճամփորդել, ուրախ և անմոռանալի հիշողություններով լի ժամանակ անցկացնել, տեսնել բազմաթիվ հիանալի վայրեր, և այդ ամենը շատ էժան։ Եթե այո, ապա այցելեք Հայաստան։ Փոքրիկ, սակայն միևնույն ժամանակ, հետաքրքիր և հիասքանչ վայրերով լի երկիր, որտեղ կզգաք երկրի և մարդկանց ջերմությունը։
Այսպիսով, եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է ճամփորդել Հայաստանում հնարավորինս էժան և, միևնույն ժամանակ, լիարժեք վայելել ձեր այցելությունը։
Նախքան Հայաստան մեկնելը, պարզեք ձեր վիզայի հետ կապված հարցերը, ինչի մասին լիարժեք տեղեկատվություն կարող եք գտնել գնալով այս հղմամբ։ Վիզայի արժեքը բավականին էժան է․ 21 օրվա համար հարկավոր է վճարել ընդամենը 8$ / 6€, իսկ 120 օրվա համար՝ 41$/40€։
Եվ այսպես, ահա այն երեք հարցերը, որոնց հարկավոր է պատասխանել, երբ ուզում ես ճամփորդել․
Որտե՞ղ մնալ։
Ի՞նչ և որտե՞ղ ուտել։
Ինչպե՞ս տեղաշարժվել երկրում։
Հայաստանում շատ են բարձրակարգ հյուրանոցները, հոսթելները և մոթելները, այնպես որ կարող եք չանհանգստանալ մնալու վայր գտնելու համար։ Սակայն, եթե փնտրում եք ամենաէժան տարբերակը, խորհուրդ կտամ ընտրել հոսթելները, որոնք, նույնիսկ եթե գտնվում են Երևանի կենտրոնում, կարող են արժենալ ընդամենը 4500-5000 դրամ (~10 $)՝ նախաճաշը ներառյալ։ Այս դեպքում դուք նույնիսկ տաքսիի կարիք չեք ունենա, քանի որ Երևանը փոքր է և դուք կարող եք անկաշկանդ զբոսնել քաղաքով։
Մայրաքաղաքից դուրս կարող եք մնալ հյուրատներում։ Հայերը շատ հյուրանկալ են և ուրախությամբ կնդունեն ձեզ իրենց տանը, կտրամադրեն առանձին սենյակ և հաճելի անակնկալներ կմատուցեն ազգային ուտեստների տեսքով։ Այս տարբերակը շատ մատչելի է, և երբեմն նույնիսկ անվճար։ Միևնույն ժամանակ դուք կծանոթանաք Հայաստանի փոքր քաղաքների և գյուղերի ապրելակերպին։
Հայ գյուղացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ, այնպես որ դուք հնարավորություն կունենաք համտեսել բնական կաթնամթերք, հյութեր, մրգեր, չրեր, և բազմապիսի տնական պահածոներ:
Կա նաև մնալու մեկ այլ տարբերակ, այն է՝ տուն վարձել։ Եթե ճամփորդում եք ընտանիքի կամ ընկերների հետ, այս տարբերակը շատ հարմար է։ Իհարկե, այս դեպքում, պետք է ինքներդ պատրաստեք կամ դրսում ուտեք, սակայն դա էլ մեծ խնդիր չէ:
Ի՞նչ ուտել և որտե՞ղ
Հայաստանում կարող եք համտեսել աշխարհի բոլոր խոհանոցները՝ եվրոպական, վրացական, արաբական, չինական, ևն։ Ամենուրեք սննդի կետեր են՝ հատկապես Երևանի կենտրոնում, քանի որ հայերը սիրում են ուտել։ Հայկական ֆաստ ֆուդը շատ ավելի էժան և ախորժելի է, քան աշխարհի երկրների մեծ մասում։
Ունե՞ք ընդամենը 2-3 դոլար։ Շնորհավորում եմ։ Դու կարող եք կշտանալ՝ ուտելով լահմաջո, քեբաբ, զանազան բուրգերներ և էլի շատ ուտեստներ։ Կարող եք պատրաստի ուտեստներ գնել սուպերմարկետներից, ինչը շատ ավելի մատչելի է, քան ռեստորաններում և սննդի կետերում սնվելը։ Իսկ թե հատկապես ինչ է պետք ուտել Հայաստանում, կարող եք իմանալ՝ կարդալով հայկական խոհանոցի մասին։
Եթե ճանապարհորդում եք Հայաստանում ամռանը կամ աշնանը և գտնվում եք քաղաքից դուրս, ապա ձեզ միգուցե գայթակղեն զանազան մրգերի ծառերը, որ կարծես կանչում են համտեսելու քաղցրահամ պտուղները։ Իհարկե, պետք չէ տրվել գայթակղությանը, քանի որ այգիները սովորաբար պաշտպանվում են կատաղի շներով, սակայն կարող եք համարձակորեն դիմել այգեպաններին, ովքեր անկասկած հաճույքով կհյուրասիրեն ձեզ։
Մեկ այլ հանգամանք, որը Հայաստանում ճամփորդելը մատչելի է դարձնում՝ երկրի ջրի հարուստ պաշարները։ Եթե ցանկացած այլ երկրում ստիպված եք ջուր գնել՝ 1,5 լիտրի համար վճարելով ավելի քան 2$, ապա այստեղ կարող եք համեղ և մաքուր ջուր խմել ծորակից, իսկ քաղաքում զբոսնելիս՝ օգտվել ամենուրեք տեղադրված ցայտաղբյուրներից՝ պուլպուլակներից։
Ինչպե՞ս տեղաշարժվել Հայաստանում
Եվ վերջապես, ինչպե՞ս տեղաշարժվել Հայաստանում՝ առավելագույնս քիչ վճարելով։ Երկրի տարածքում գործում են տրանսպորտի տարբեր միջոցներ՝ ավտոբուսներ, տաքսիներ, մետրո, գնացքներ։ Քաղաքների ներսում գործող ավտոբուսները և երթուղայինները շատ էժան են՝ ընդամենը 100 դրամ (0.20 $)։ Տաքսու ծառայությունը նույնպես բավականին մատչելի է, եթե օգտվեք հատուկ հավելվածներից ( “Yandex taxi”, “GG” ևն)։
Եթե, օրինակ ուզում եք Երևանից գնալ Գյումրի (Հայաստանի երկրորդ քաղաքը) կամ Սևան, ապա կարող եք գնալ գնացքով, ինչը շատ մատչելի է և հարմարավետ։ Իսկ եթե ուզում եք տեղաշարշվել լրիվ անվճար, մտածեք հեծանիվով կամ ավտոստոպով ճանապարհերդելու մասին, ինչը ձեզ կպարգևի բազմաթիվ հետաքրքիր և անմոռանալի փորձառություններ։
Արդյո՞ք անհրաժեշտ է զբոսավար ունենալ։
Հայաստանը համարվում է թանգարան բաց երկնքի տակ: Այստեղ շատ են հնամենի եկեղեցիները, ամրոցները և հետաքրքիր վայրերը, ինչպես օրինակ աշխարհի ամենահին աստղադիտարանը՝ Քարահունջը։
Նույնիսկ միայն գեղատեսիլ բնությունը բավական է, որպեսզի հաճույք ստանաք ձեր ճամփորդությունից։ Այնուամենայնիվ, գրեթե բոլոր պատմամշակութային օբյեկտների մուտքն անվճար է, և ամենուրեք տեղադրված են ուղեցույցներ՝ համառոտ պատմական ակնարկներով։ Ի վերջո, դուք կարող եք նաև միանալ որևէ խմբի և կողքից լսել նրանց զբոսավարին։))
Մեկ այլ տարբերակ է՝ գտնել Հայաստանից որևէ ընկեր, ով գիտի ձեր մայրենի լեզուն և ճանապարհորդել նրա հետ:
Այնպես որ, բարեկամս, մի՛ սպասիր, ճանապարհորդիր դեպի Հայաստան, բացահայտի՛ր այս հինավուրց երկիրը, զգա՛, տե՛ս, սիրի՛ր և լավ ժամանակ անցկացրու՝ ծախսելով չնչին գումար։
P. S. Գիտե՞ք արդյոք, որ Հայաստանը հայտնի է որպես արևոտ երկիր, որովհետև այստեղ արևոտ է տարին 225 օր (2700 ժամ): Կարող եք ձեզ հետ բերել արևային մարտկոց և լիցքավորել ձեր հեռախոսը կամ այլ սարքեր:
Եթե ունեք հարցեր, սիրով պատրաստ ենք պատասխանել։ Սպասում ենք ձեր մեկնաբանություններին: