Հայաստանը լինելով աշխարհի ամենահին երկրներից՝ միշտ պայքարել է իր անկախության համար։ Պայքարի ճանապարհին մեր երկիրն ունեցել է և՛ ցավալի պարտություններ, և՛ փառահեղ հաղթանակներ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը մեր պատմության ամենահիշարժան օրերից է։
Ամեն տարի այդ օրը մենք նշում ենք Խորհրդային Միությունից անկախացումը և Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Այս հոդվածում կիմանաք, թե ինչպես է երկիրը ձեռք բերել իր անկախությունը և ինչպես են Հայաստանում տոնում այդ օրը։
Անկախություն Խորհրդային Միությունից
1990-ին Խորհրդային Միությունը սկսեց կորցնել իր իշխանությունը: Միության մաս կազմող երկրները երազում էին անկախություն ձեռք բերել, և Հայաստանը բացառություն չէր: 1991-ին Միխայիլ Գորբաչովը, որը Խորհրդային Միության առաջնորդն էր, ջանքեր էր գործադրում՝ կանխելու Խորհրդային Միության անխուսափելի անկումը:
1991-ի մարտի 17-ին նա անցկացրեց հանրաքվե՝ Խորհրդային Միությունը պահպանելու համար: Բնակչության գրեթե 75% -ը քվեարկեց Միությունը պահպանելու օգտին, սակայն հայերը, վրացիները, մոլդովացիները, լատվիացիները, լիտվացիները և էստոնացիները մերժեցին հանրաքվեն:
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։
Ավելին, սեպտեմբերի 21-ին հայերը անցկացրեցին իրենց անկախության հանրաքվեն, որին ընտրողների 99.5%-ը կողմ քվեարկեցին անկախությանը։ Հանրաքվեին մասնակցել էր բնակչության 95%-ը: Վերջապես իրականություն դարձավ հայի՝ անկախ, ազատ և ինքնավար պետություն ունենալու երազանքը:
Լևոն Տեր-Պետրոսյանը, որը այդ ժամանակ Գերագույն խորհրդի նախագահն էր, ստորագրեց փաստաթուղթը, իսկ Արամ Մանուկյանը ընթերցեց անկախության հռչակագիրը: Հայաստանի Հանրապետությունը ընդունվեց որպես միջազգային հանրության լիիրավ անդամ՝ որպես ինքնիշխան պետություն:
1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի առաջին նախագահ: 1992 թվականին մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի անդամ: Ի դեպ, Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց մեր անկախությունը: 1991-ին ևս 47 երկիր ճանաչեց Հայաստանը՝ որպես անկախ պետություն:
Անկախության օրվա տոնակատարությունները
Երկրի գլխավոր պետական տոնը միշտ նշվում է մեծ շուքով: Ամենամեծ տոնակատարությունները սովորաբար անցկացվում են մայրաքաղաքում: Տոնական միջոցառումներին մասնակցում են թե՛ երիտասարդները, թե՛ տարեցները:
Այդ օրը ազգային դրոշը ծածանվում է երկրի բոլոր մեծ ու փոքր քաղաքներում։ Փողոցում կտեսնեք շատ հայրենասեր երիտասարդների՝ եռագույնը դեմքին կամ ձեռքերին նկարված։
Տոնակատարությունները սկսվում են վաղ առավոտից: Այդ օրը ժողովուրդը ծաղիկներ է դնում բոլոր հուշարձաններին։
Ամեն տարի Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևոր պետը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, աղոթք է մատուցում Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնի Սուրբ Մայր տաճարում:
Երկրի ղեկավարությունը ավանդաբար այցելում է Եռաբլուր, որն Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հուշահամալիր-պանթեոնն է:
Բացի այդ, այդ օրը նախագահը պարգևներ է տալիս պատերազմի վետերաններին և վաստակաշատ քաղաքացիներին, ինչպես նաև նրանց, ովքեր նշանակալի նվաճումներ ունեն պաշտպանության, գիտության, մշակույթի, պետական կառավարման, սպորտի և այլ ոլորտներում։ Այնուհետև տոնակատարությունները տեղափոխվում են քաղաքի կենտրոն: Եթե անցնեք Հյուսիսային պողոտայով կտեսնեք բազմաթիվ նվագախմբեր, որոնք նվագում են ժամանակակից և ազգային երաժշտություն:
Մարդիկ պարում և ողջունում են միմյանց, երեխաները մասնակցում են կավճով նկարչությանը և այլ միջոցառումների: Լինում են ցուցահանդեսներ և բաց տոնավաճառներ, որտեղ կարելի է համտեսել հայկական ուտեստներ, գինի և այլն:
Այնուամենայնիվ, ամենամեծ տոնակատարությունը տեղի է ունենում Հանրապետության հրապարակում, որտեղ սովորաբար համերգ է տրվում հայ էստրադային աստղերի և պարային համույթների մասնակցությամբ։
Համերգին ներկա են լինում վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ուշ երեկոյան տեղացիները և քաղաքի հյուրերը կարող են վայելել մեծ հրավառությունը:
Ինչպես տեսնում եք, այս օրը հագեցած է իրադարձություններով և միջոցառումներով, քանի որ համայն հայությունը հպարտությամբ նշում է հայրենիքի անկախությունը:
Այս տարի մենք տոնեցինք անկախության 28-ամյակը, սակայն պետք է նշենք, որ 25-ամյակը պարզապես հոյակապ էր կազմակերպված: Այդ տարի տոնակատարությունները ներառվում էին նաև ռազմական շքերթ: Հազարավոր մարդիկ էին հավաքվել հրապարակում շքերթը դիտելու և այս մեծ տոնը նշելու:
Շքերթի ընթացքում Հայաստանի զինված ուժերը ցուցադրեցին նոր ձեռք բերված «Իսկանդեր» հրթիռային համակարգը: Այն առաջին անգամն էր ներկայացվում հանրությանը: Այս կերպ մենք աշխարհին ցույց տվեցինք մեր իրական ուժը: Մենք ապացուցեցինք, որ ունենք բավարար ուժ մեր հողերը պաշտպանելու համար:
Անկախության օրը մեզ համար ամենակարևոր ազգային տոնն է և դրա պատճառը բավականին ակնհայտ է․ հայ ազգը դարեր շարունակ պայքարել է իր ազատության համար և երբեք չի հրաժարվել անկախ լինելու երազանքից:
Մեր թշնամիները չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը և ջնջել հայոց երկիրն աշխարհի քարտեզից: Մեր նախնիները կարողացան իրենց կյանքի գնով պաշտպանել հայրենիքը: Հիմա ժամանակն է, որ մենք պահենք և զարգացնենք մեր երկիրը: