Ծրագրե՞լ եք այցելել Հայաստան ձմռանը։ Դուք շատ ճիշտ որոշում եք կայացրել։ Մեր երկիրը հրաշալի է տարվա բոլոր եղանակներին, դե իսկ ձմռանն այն ուղղակի հեքիաթային է։
Այցելելով Հայաստան ձմռանը՝ կզարմանաք թե ինչքան բան է առաջարկում երկիրը ձմեռային սպորտաձևերի սիրահարներին։ Հատկապես հաճելի է, որ ձմռանը Հայաստանում հիմնականում լինում է որ շատ ցուրտ և արևոտ։
Հայաստանում վերջին ամենացուրտ ձմեռը գրանցվել է 2016-ին: Այդ տարի Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում ջերմաստիճանը հասել է մինչև -30: Վերջին տարիների ձմեռները համեմատաբար մեղմ են, և ձմռանը՝ հատկապես մայրաքաղաքում, գրեթե ձյուն չի գալիս:
Ստորև կներկայացնեմ ձմռանը Հայաստանում այցելելու լավագույն վայրերը: Ծանոթացեք դրանց և ավելի հագեցած դարձրեք ձեր ձմեռային արձակուրդը Հայաստանում։
Ձմեռը Հայաստանում. Ծաղկաձոր
Ձմռանը բոլորի ուշադրության կենտրոնը Ծաղկաձորն է՝ Հայաստանի գլխավոր սպա քաղաքը և առողջարանը: Քաղաքը գտնվում է Կոտայքի մարզում: Այստեղ ձմռանը միշտ շատ մարդաշատ է, այնպես որ, եթե ցանկանում եք մնալ Ծաղկաձորում, պետք է ձեր նախընտրած հյուրանոցում նախօրոք տեղ ամրագրեք: Մատչելի գները, բարձրորակ դահուկային արահետներն ու հաճելի մթնոլորտը կդարձնեն ձեր արձակուրդն անմոռանալի:
Հարկ է նշել, որ լեռնադահուկային հանգստավայրերն առաջարկում են ուղեցույցներ և մարզիչների ծառայություն, ովքեր խոսում են մի քանի լեզուներով՝ ներառյալ ռուսերեն և անգլերեն: Ի դեպ, կարող եք պարզապես ճոպանուղի նստել և վայելել ձյունով ծածկված լեռնային բնապատկերը:
Ծաղկաձորի ամենահայտնի հյուրանոցներից և սպա-առողջարաններից են՝ «Ծաղկաձոր Մարիոթ», «Կեչառիս» հյուրանոցները, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը, «Elegant Hotel & Resort»-ը, «Multi Rest House»-ը, «Ararat Resort»-ը: Ինչպես տեսնում եք, ընտրությունը մեծ է:
Ձմեռը Հայաստանում. Երևանի ամանորյա տոնավաճառ
Առաջին ամանորյա տոնավաճառը Երևանում կազմակերպվել է 2012 թվականին։ Դրանից հետո տոնավաճառն անցկացվում է ամեն տարի դեկտեմբեր-հունվար ամիսներին՝ հանրահայտ Հյուսիսային պողոտայում։ Ի դեպ, մթնորորտն այստեղ միշտ է տոնական։
Երևանի ամանորյա տոնավաճառը տարեց տարի մեծանում է և ավելի շատ մարդկանց գրավում: Տոնավաճառին կարող եք գնել հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ, քաղցրավենիք, նվերներ կամ ամանորյա թեմատիկայով ցանկացած ուրիշ բան:
2018-ին տոնավաճառի տարածքում գործում էր 40 տնակ-տաղավար, որոնք զարդարված էին վաճառքի համար տարբեր իրերով: Եթե ցանկանում եք կատարել յուրահատուկ ամանորյա գնումներ, ապա այս տոնավաճառը ձեզ համար հիանալի տարբերակ է: Բաց չթողնեք այն:
Ձմեռը Հայաստանում. Կարապի լճի սահադաշտ
Եթե Հայաստանի մայրաքաղաքում եք ձմռանը և ուզում եք հաճելի ժամանակ անցկացնել, ապա գնացեք Կարապի լիճ։ Կարապի լիճն արհեստական լճակ է մայրաքաղաքի կենտրոնում՝ Օպերայի հարևանությամբ։ Ձմռանը այս հրաշալի լճակը վերածվում է սահադաշտի։
Սահադաշտը գործում է արդեն շուրջ 15 տարի։ Այն բաց է դեկտեմբերի վերջից մինչև մարտի 1-ը, ամեն օր` առավոտյան 11-ից մինչև երեկոյան 10-ը: Գները բավականին մատչելի են: Եթե բերեք ձեր չմուշկները, ապա մուտքի վճարը կլինի ընդամենը 500 դրամ:
Սակայն կարող եք նաև չմուշկներ վարձել՝ վճարելով 1000 դրամ մեկ ժամվա համար։ Իսկ եթե սկսնակ եք և վախենում եք սահել, մի անհանգստացեք, փորձառու մարզիչները կօգնեն ձեզ սովորել անվտանգ սահելու հիմնական սկզբունքները։
Ձմեռը Հայաստանում. Սևանա լիճ
Իհարկե, Սևանա լիճն առավել պոպուլյար է ամռանը, սակայն այն բավականին տպավորիչ է նաև ձմռանը: Հաճախ, երբ ջերմաստիճանը չափազանց ցածր է, ամբողջ լիճը սառում է և ծածկվում սառույցի հաստ շերտով: Դուք նույնիսկ կարող եք քայլել սառույցով ծածկված լճի վրայով, սակայն պետք է շատ զգույշ լինել։ Ձմռանը լճի գեղեցկությունը գրեթե անբնական է և կարելի է հրաշալի լուսանկարներ անել:
Եթե քաղցած եք կամ ուզում եք հանգստանալ տաք անկյունում, ապա կարող եք գնալ ափամերձ ռեստորաններից որևէ մեկը, համտեսել հայկական ավանդական ուտեստներ կամ պարզապես թեյ խմել։ Լավագույն ռեստորաններից է «Քոլեթ»-ը՝ ավելի հայտնի որպես «Սեմոյի մոտ»։ Այստեղ կարող եք վայելել նաև Սևանի Իշխան ձուկ։ Ռեստորանից հրաշալի տեսարան է բացվում դեպի լիճը՝ հնարավորություն տալով հետևել ճայերի թռիչքին։
Ձմեռը Հայաստանում. Ձմեռային այգի
Երբևէ երազել եք հանդիպել Սանտա Կլաուսի հետ: Մենք ձեզ համար հիանալի նորություններ ունենք: Երևանի ձմեռային այգին ձեզ կտա այդ հնարավորությունը: Այս պուրակը փոքրիկ Լապլանդիա է Հայաստանի մայրաքաղաքում, որը բացվել է մի քանի տարի առաջ:
Այստեղ կարող եք այցելել Սանտայի տուն, ուտել տիկին Կլաուսի պատրաստած համեղ բլիթները, ծանոթանալ Էլֆերի հետ: Կարող եք նաև խաղալ և լուսանկարվել Սանտայի և մյուսների հետ: Եթե սիրում եք չմուշկներով սահել, ապա այգու սահադաշտը ձեր դրամադրության տակ է։ Այն զբաղեցնում է 1800 քմ տարածք: Եթե չգիտեք սահել, մարզիչները կօգնեն և կուղեկցեն ձեզ:
Այս այգին հեքիաթային մի վայր է հատկապես երեխաների համար։ Այստեղ նրանք կարող են մասնակցել տարբեր խաղերի, մրցույթների և վայելել ֆանտաստիկ շոուներ։ Ձմեռային այգու տոնական տրամադրությունը ձեր օրն անմոռանալի կդարձնի: Այգին գտնվում է Ազատության պողոտայում՝ քաղաքի կենտրոնից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա:
Ինչպես տեսնում եք, ձմեռը հիանալի ժամանակ է Հայաստան այցելելու համար: Զվարճանքները, անմոռանալի հիշողությունները և ուրախ արկածները սպասում են ձեզ: