Օհանավան 0225, ՀՀ
Հովհաննավանքը միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Քասախ գետի աջ ափին՝ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի արևելյան մասում: Վանքը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը:
Ենթադրվում է, որ համալիրի առաջին շինությունը եղել է սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհի Աստղիկի պաշտամունքի մեհյանը, որի հիմքերի վրա IV դարում Գրիգոր Լուսավորիչը կառուցել է ներկայիս բազիլիկ եկեղեցին՝ այդտեղ ամփոփելով Հովհաննես Մկրտիչի նշխարները։
Ըստ պատմագիր Առաքել Դավրիժեցու՝ Հովհաննավանքը է կոչվել է վանքի երբեմնի առաջնորդ Հովհաննի անունով, իսկ վանքի ամենահին եկեղեցին կոչվում է Սուրբ Կարապետ, քանի որ այն հանդիսանում է Հայաստանի առաջին քրիստոնեական եկեղեցիներից մեկը: 554-ին եկեղեցու փայտե ծածկը փոխարինվել է թաղածածկ տանիքով, իսկ 1652-1734 թթ-ին հիմնովին վերանորոգվել է:
Հովհաննավանքի կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է իշխան Վաչե Վաչուտյանի կողմից 1216-1221 թթ-ին: Գավիթը ավելացրել է իշխանի որդին՝ Քուրդ Վաչուտյանը, 1250 թվականին: Հովհաննավանքի պատերին կան 13-18-րդ դարերի բազմաթիվ արձանագրություններ, որոնք վերաբերում են վանքի կառուցմանը և վերանորոգումներին։ Արձանագրություններից գրեթե հարյուրը Վաչուտյան իշխանների մասին են:
Հովհաննավանքն իր պատմության բոլոր ժամանակներում կարևոր դեր է կատարել Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կյանքում։ V դարում սբ.Կարապետ եկեղեցու առաջնորդն էր Ղազար Փարպեցին, ում կողմից այստեղ հիմնադրվել է դպրոց: Այստեղ է Փարպեցին շարադրել իր պատմությունը։
Վանքի դպրանոցում ուսումնասիրվել են տոմարագիտություն, փիլիսոփայություն, երաժշտություն, բանասիրություն։ 13-18-րդ դարերում այստեղ գրված և ընդօրինակված մատյան ձեռագրերից շատերը պահպանվել են մինչ օրս: 17-րդ դարում վանքում է ապրել և աշխատել հայ պատմիչ և մատենագիր Զաքարիա Քանաքեռցին, ով գրել է Հովհանավանքի պատմությունը: Հովհաննավանքում ընդօրինակված ձեռագրերից մոտ 20 մատյան այժմ պահվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում։
Մի ժամանակ Սբ.Կարապետ կաթողիկե եկեղեցու խորանի աջ կողմի ավանդատնից գաղտնուղի է իջել դեպի Քասաղ գետի ձորում գտնվող՝ ժայռերի մեջ թաքնված քարանձավը: Գաղտնուղին ծառայել է փախուստի կամ թաքնվելու համար։
Ըստ ավանդության վրաց թագավորը՝ լինելով ծանր հիվանդ, լսել է Հովհաննավանքում պահվող Սուրբ Գևորգի հրաշագործ մասունքների մասին և հրամայել է իր մոտ է բերել մասունքների մի մասը՝ բուժվելու համար։ Հայերը տարել են մասունքները, սակայն ապաքինվելով՝ վրաց թագավորը հրաժարվել է դրանք վերադարձնել: Հայերին ոչինչ չի մնացել, քան դիմել գողության:
Վրաց թագավորն իմանալով որ մասունքները կրկին Հովհաննավանքում են՝ հարձակվում է գյուղի վրա: Բնակչությունը հավաքվում է վանքի բակում ու խնդրում թույլ տալ մահից առաջ աղոթել։ Մտնելով եկեղեցի՝ մարդիկ դուրս են գալիս գաղտնուղիով, իսկ եկեղեցու վանականը վրաց թագավորին ասում է, թե նրանք թռել են աղավնու թևեր առած: Վանականը խիզախորեն նահատակվում է: