Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյան

Թարմացված է Ապրիլ 29, 2026

Նա համարվում է բոլոր ժամանակների հայտնի հայերից մեկը։ Մհեր Մկրտչյանը հայկական թատրոնի և կինոյի վառ ներկայացուցիչներից էր, ով հանրությանը հայտնի է հատկապես Ֆրունզիկ կեղծանվամբ։

Մհեր Մկրտչյանի կյանքը և կարիերան

Նա ծնվել է 1930թ․ Լենինականում (ներկայիս Գյումրի)։ Ծնողները ցեղասպանությունից փրկված որբեր էին։ Մհերն ընտանիքի չորս երեխաններից (2 որդի և 2 դուստր) ավագն էր։ Նա ծանր մանկություն է ունեցել, քանի որ մանուկ հասակից ստիպված էր աշխատել։ Ասում են՝ նրա մանկության երազանքը, որն այդպես էլ իրականություն չդարձավ, հեծանիվ ունենալն էր։

Մհեր Մկրտչյանի կյանքը

17 տարեկանում Ֆրունզիկ Մկրտչյանը սովորել է Լենինականի արվեստի պետական քոլեջում և թատերական ստուդիայում։ Այնուամենայնիվ, 1953թ․ Մհերը Գյումրուց տեղափոխվեց՝ ուսումը Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում շարունակելու նպատակով։ Չնայած ընտանիքը դեմ էր նրա՝ դերասանի մասնագիտական ընտրությանը, ավելի ուշ Մհերը հանդես եկավ Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

1960-ականներից սկսած Մհեր Մկրտչյանը խաղացել է ֆիլմերում, որոնք հետագայում դարձել են հայկական և սովետական կինոյի դասականները։

Ֆրունզիկ Մկրտչյան

Մհեր Մկրտչյանի ֆիլմերը

Անկախ տարիքից՝ մարդիկ սիրում են Ֆրունզիկի ֆիլմերը։ Հավանաբար, Մհեր Մկրտչյանի հումորն իր հաջողության բանալին էր։ Չնայած այն փաստին, որ շատ տարիներ են անցել, նրա հումորը դեռ կենդանի է։ Մարդիկ սիրում են օգտագործել ֆիլմերում Ֆրունզիկի ասած արտահայտությունները։

Մհեր Մկրտչյանի ամենահայտնի ֆիլմերից են «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Նահապետը», «Կտոր մը երկինքը» և շատ այլ ֆիլմեր։

Մհեր Մկրտչյանի ֆիլմերը

Ֆրունզիկ Մկրտչյանի կյանքը շատ ընդհանրություններ ունի կինոյում իր դերերի հետ։  Ֆիլմերից մեկը՝ «Մեր մանկության տանգոն» հատկապես կապված է նրա կյանքի հետ։  Այս ֆիլմը գրել և նկարահանել է նրա կրտսեր եղբայրը՝ Ալբերտ Մկրտչյանը։ Իրադարձությունները տեղի են ունենում նրա հայրենի Գյումրի քաղաքում։

Ֆիլմի սյուժեն պատմում է հոր և որդու միջև կոնֆլիկտը՝ կապված որդու դերասան դառնալու որոշման հետ։  Հակամարտությունն արտացոլում է նույն իրավիճակը, որ կար Ֆրունզիկի անձնական կյանքում։ Ինչպես Մկրտչյանի, այնպես էլ ֆիլմում կրկնօրինակած նրա կերպարի հայրը ֆիլմի վերջում ձերբակալվում և աշխատանքային ճամբար է ուղարկվում։

Գյումրու փողոցներով քայլելիս՝ կարելի է անցնել այն վայրերով, որտեղ նկարահանվել են Մկրտչյանի ֆիլմերը։ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի սկզբնամասում երևացող բակը, որտեղ պարում են երիտասարդները, կա մինչև այսօր։ Ու չնայած այնտեղ մարդիկ են ապրում, հնարավոր է այցելել տուն, լուսանկարվել․ սա արդեն սովորական է դարձել բնակիչների համար։

Այս ֆիլմից մեկ այլ հայտնի վայր է պատշգամբը։ Այն Ֆրունզիկի (ֆիլմում՝ Ռուբեն) տան պատշգամբն էր։

Մեր մանկության տանգոն ֆիլմի հայտնի պատշգամբը

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը

Ֆիլմում ծիծաղաշարժ մի դրվագ կա, որը տեղի է ունենում նույն պատշգամբում։ Ռուբենը բաժանվում է կնոջից և մի օր տան կողքով անցնելիս տեսնում է, որ օրը ցերեկով տան լույսը վառվում է։ Նա կանչում է կնոջը և ասում, որ անջատի լույսը։ Փոխարենը՝ կինը հակառակվում է և ասում, որ ինքը կվորոշի ինչ անել։ Այստեղ հնչող արտահայտությունը՝ «Վառեմ, մարեմ, վառեմ, մարեմ» մինչև այսօր սիրված է հայերի կողմից։

Մհեր Մկրտչյանի թանգարանը

Ֆրունզիկի թանգարանը Գյումրիում է գտնվում։ Այն քաղաքի մշակութային արժեքներից և ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։ Այնպես որ, Գյումրի այցելելիս անպայման պետք է ժամանակ գտնել և մտնել Մհեր Մկրտչյանի թանգարան։

Այն երկհարկանի կառույց է, որը բացվել է 2004թ․ և գտնվում է Վարպետաց փողոցի վրա։ Թանգարանը ցուցադրում է դերասանի կյանքը և գործունեությունը։ Մուտքի մոտ միանգամից կարելի է տեսնել Ֆրունզիկի դիմանկարը։ Բացի այդ, պատերին կարելի է տեսնել դերասանի և նրա ընտանիքի անդամների լուսանկարները։

Մհեր Մկրտչյանի թանգարանը

Մհեր Մկրտչյանի թանգարանի մուտքը

Թանգարանում կարելի է գտնել Մհեր Մկրտչյանի անձնական իրերը՝ նրա մահճակալը, ռադիոն, սամովարը և սպասքի այլ հավաքածուներ, նրա լամպը և նույնիսկ ատամի խոզանակը։ Երևի այսքան մեծ քանակությամբ անձնական իրերի առկայությունն է բոլորին ստիպում մտածել, որ սա Մհեր Մկրտչյանի տուն թանգարանն է։ Փաստացի՝ նա չի ապրել այս տանը։

Մհեր Մկրտչյանի թանգարանում կան նաև որոշ իրեր, որոնք նա օգտագործել է ֆիլմերում։ Այստեղ կախված են այն հագուստները, որ Ֆրունզիկը ֆիլմերում է հագել։ Թանգարանում կարելի է գտնել նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի կոմոդը։

Մեր մանկության տանգոն ֆիլմի հայտնի կոմոդը «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի կոմոդը

 

Մհեր Մկրտչյանի անձնական իրերը Մհեր Մկրտչյանի անձնական իրերը

 

Մհեր Մկրտչյանի հագուստները Մհեր Մկրտչյանի հագուստները

 

Վայրեր, որոնք կոչվել են Մհեր Մկրտչյանի պատվին

Երևանի կենտրոնական մասում՝ քաղաքապետարանի հարևանությամբ՝ Խորենացի փողոցի վրա  է գտնվում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը։ Մայրաքաղաքում կա նաև մեծ դերասանի պատվին անվանված Մհեր Մկրտչյան փողոցը։

Մի շարք հայտնի դերասանների և արվեստագետների շարքում՝ Մհեր Մկրտչյանի արձանը նույնպես տեղադրված է Գյումրու դրամատիկական թատրոնի բակում։ Այն շատ ազդեցիկ մի արձան է։ Մկրտչյանը նստած է աթոռի վրա՝ դեմքի բնական արտահայտությամբ, սակայն կողքի պատին կախված են երկու տարբեր դեմքեր՝ մեկը՝ ուրախ, մյուսը՝ տխուր։

Մհեր Մկրտչյանի արձանը

Այս դեմքերը շատ բան են պատմում դերասանի մասին․ չնայած Ֆրունզիկը ներքուստ տխուր էր, բեմում նա շատ կատակասեր էր։

Այս անգամ հրաշալի արվեստագետի մասին այսքանը։

 

Վերա Միրզոյան

Հրապարակվել է 2019թ․ հուլիսի 10-ին Հեղինակ՝ Վերա Միրզոյան

Armenia Discovery
Ստեղծված է Հուլիս 10, 2019 / Թարմացված է Ապրիլ 29, 2026

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր
Ապրիլ 27, 2026 Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր

Ավիացիոն երթևեկության շուրջօրյա աճը վկայում է օդանավակայանների կայանատեղիների նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին: Քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ օդանավակայանի տարածքում մնում են երկար ժամանակ՝ օրեր կամ նույնիսկ շաբաթներ, հողատարածքի սահմանափակումները պետք է ճիշտ հաշվարկվեն՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:...

Շարունակել
Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Ապրիլ 16, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Բենգալուրուի հայտնի ուտեստներ
Ապրիլ 16, 2026 Բենգալուրուի հայտնի ուտեստներ

Բանգալորը կամ Բենգալուրուն Կառնատակայի մայրաքաղաքն է և լայնորեն հայտնի է «Հնդկաստանի պարտեզային քաղաք», «Հնդկաստանի Սիլիկոնային հովիտ» և «ՏՏ կենտրոն» անուններով։ Այն ունի հսկայական ռեսուրսներ և իր բնակիչներին առաջարկում է շատ բան։ Բանգալորը հայտնի է իր գեղեցիկ...

Շարունակել