Հայաստանի ջուրը հրաշալի է։ Ասում են` աշխարհի ամենահամեղ և քաղցր խմելու ջուրն այստեղ է։ Հավանաբար, հայկական ջուր համտեսելու Ձեր շրջագայության ամենահարմար սկզբնակետը մայրաքաղաք Երևանն է։
Երևանի 2750-ամյակի կապակցությամբ քաղաքում տեղադրվել են 2750 ցայտաղբյուր, որոնք անցորդներին անվճար ապահովում են սառը, թարմ, համեղ խմելու ջրով: Անհնար կլիներ պատկերացնել, թե 2750 տարի քաղաքն ինչպես կդիմակայեր տաք ու չոր ամառները առանց այդ ցայտաղբյուրների։
Հանրապետության հրապարակը՝ Երևանի կենտրոնում, շրջայցի շատ հարմար վայր է․ այստեղ Դուք կգտնեք տուֆի հիանալի շենքեր, լայն բուլվարներ, մայթերի երկայնքով ձգվող ծառաշարեր, որոնք, սակայն, այնքան ստվերաշատ չեն։ Ամառային շոգ օրերին, երբ պայծառ արևը շողշողացող փայլով լուսավորում է տարածքը, և ծարավի զգացումն անխուսափելի է, Հրապարակում անհանգստանալու կարիք չկա։
Յուրաքանչյուր անցորդ կարող է հագեցնել ծարավը՝ հրապարակում գտնվող բազմաթիվ ցայտաղբյուրներից մեկի ջրից խմելով։ Այս ցայտաղբյուրները գեղեցիկ տեսք են տալիս հրապարակին, իսկ երեկոյան դրանք լուսավորում են և երաժշտության, ու ջրի շիթի շոուի ուղեկցությամբ էլ ավելի են կենդանանում։ Այս պատճառով է, որ շատրվանները հայտնի են որպես երգող և պարող շատրվաններ։
Բացի այս կախարդական խմելու ջրից, Հայաստանում նաև հանքային ջրի աղբյուրներ կան։ Զգալի մասը գտնվում է Դիլիջանում, Բջնիում և Ջերմուկում: Խորհրդային Միության տարիներին ամբողջ երկրում ստեղծվել են ջրի շշալցման գործարաններ, և այսօր հայկական հանքային ջուրը արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Թուրքմենստան, Իրան և Արաբական Միացյալ Էմիրություններ։
Իհարկե, այս քաղցրահամ մաքուր ջուրը վաճառվում է նաև Հայաստանի յուրաքանչյուր մթերային խանութում, ինչպես նաև մայթերի հարյուրավոր տաղավարներում, որտեղ ներկայացված են զանազան զովացուցիչ ըմպելիքներ և պաղպաղակ:
Ինչպես Հայաստանում ամեն ինչի, ջրի մասին նույնպես պատմվում են լեգենդներ։ Երկրի հանքային ջրի բազմաթիվ աղբյուրներից այցելուներն այսօր նախընտրում են Ջերմուկը, քանի որ նրա հանքային ջրի բուժիչ հատկությունների մասին վկայում են լեգենդները: Ասում են, որ հնագույն ժամանակներում, երբ մարդիկ սննդի որսի էին գնում, մի փորձառու որսորդ իր նետ ու աղեղով մի եղջերուի է վիրավորել։ Կենդանին փորձել է փախչել, բայց որսորդը հետապնդել է նրան և տեսել, թե ինչպես է եղնիկը ջրի ավազան ցատկում (Ջերմուկի հայտնի հանքային ջրի ավազանը)։
Երբ կենդանին ավազանի մյուս կողմում դուրս է եկել ջրից, լիովին բուժված է եղել և փախել է դեպի մոտակա անտառ։ Իհարկե, խորհուրդ չի տրվում մահացու վնասվածքների դեպքում ապավինել Ջերմուկի ջրին, սակայն այն բուժիչ է մարսողական և նյարդային համակարգի հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների և նման այլ դեպքերում: Ջերմուկում կա նաև լեգենդար Ջրվեժ։ Շատ տարիներ առաջ կար մի արքայադուստր, ով սիրահարվել էր մի համեստ հովվի։ Երբ նրա հայրը՝ թագավորը, իմացավ այդ մասին, անիծեց դստերը՝ նրան ջրահարսի վերածելով։ Ասում են, որ Ջերմուկի ջրվեժը ջրահարս դարձած արքայադստեր մազերն են։
Իհարկե, հնարավոր չէ խոսել Հայաստանում ջրի մասին ՝ չհիշատակելով Սևանա լիճը՝ երկրի քաղցրահամ ջրի ամենամեծ ավազանը։ Սևանա լիճը ոչ միայն հիշատակվել, այլև ծնունդ է առել լեգենդներում։ Շատ, շատ, շատ տարիներ առաջ ոչ մի Սևան էլ չկար։ Նրա փոխարեն միայն քարերով պատված մի փոքր աղբյուր էր: Մոտակա գյուղերի բնակիչներն այդ աղբյուրից ջուր էին հավաքում՝ միշտ հոգ տանելով քարափի մասն, որպեսզի դադարեցնեն ջրի հոսքը: Օրերից մի օր, մի աղջիկ ջրով լցնում էր իր կուժը, երբ ընկղմվեց քնի մեջ՝ մոռանալով տեղը դնել քարը։ Ամբողջ օրը ջուրը հոսեց աղբյուրից, կամաց-կամաց վերածվեց առվի։ Գիշերը ջուրը հասավ գյուղ, և բնակիչները փորձեցին ավելի բարձրադիր վայր գտնել, որտեղ կարող էին փախչել ջրի հոսքից:
Աղջիկը խորը քնել էր՝ ուշադրություն չդարձնելով այն դժբախտությանը, որը նա բերել է իր գյուղին։ Տեսնելով, որ ջրի մակարդակը շարունակում էր բարձրանալ՝ գյուղացիները սկսեցին վատաբանել նրան, ով մոռացել էր տեղը դնել քարը՝ անիծելով, որ նա քարի վերածվի: Ի վերջո, աղջիկը արթնացավ և տնից դուրս գալով՝ վերածվեց քարի: Այսօր էլ քարե աղջիկը դեռևս կանգնած է Սևանա լճի տարածքում ՝ ժայռոտ բլուրի վրա, որը մոռացկոտ աղջկա դեմք է հիշեցնում։
Լեգենդներից բացի, կան նաև ջրի հետ կապված բազմաթիվ հին հայկական ավանդույթներ, որոնք շարունակում են կիրառվել մինչև այսօր։ Ամեն ամառ այստեղ նշվում է Վարդավառը։ Այն Քրիստոսի վերափոխման տոնն է, որը խորհրդանշում է մաքրություն։ Իսկ ինչը կարող է լինել մաքրության ավելի լավ միջոց, եթե ոչ Հայաստանի մաքուր ջուրը։ Վարդավառի օրվա քսանչորս ժամվա ընթացքում կյանքը կանգ է առնում, և բոլորը փողոց են դուրս գալիս դույլերով, տարաներով և ջրային ատրճանակներով ու սկսում միմյանց ջրել։ Ամբողջ երկիրը հայտնվում է ջրային տոնախմբության մեջ։
Ջրի հետ կապված երկրորդ կարևոր ավանդույթը մահացած մարդկանց հիշատակին ցայտաղբյուր կառուցելն է։ Ըստ ավանդույթի՝ մարդիկ հիշում են հանգուցյալին, քանի դեռ այդ շատրվանից ջուր է հոսում։ Այսպիսով, հաջորդ անգամ, երբ ջուր խմելիս կլինեք կամ կանգ կառնեք որևէ ցայտաղբյուրի տեսքով հիանալու, մտածեք Հայաստանի և այն հրաշալի ջրի մասին, որ Ձեզ է սպասում այստեղ: