Գորգագործությունը հազարամյակների պատմություն ունեցող ավանդական հայկական արհեստ է։ Դեռ հնագույն ժամանակներից այն հայկական մշակույթի մի մասն է եղել։ Գորգը կամ կարպետը հյուսված գործվածք է, որը հիմնականում օգտագործվում է հատակը ծածկելու համար: Հնարավոր չէ պատկերացնել ավանդական հայկական մի տուն առանց գորգի կամ կարպետի, այնպես չէ՞։ Այսօր մենք ամեն ինչ կիմանանք հայկական գորգերի մասին՝ նրանց պատմությունը, համբավը, սիմվոլիկան և այլն: Այս հոդվածում Դուք նաև կտեղեկանաք, թե որ հայտնի խանութներում են վաճառվում հայկական գորգերը: Դե ինչ, սկսենք։
Հայկական գորգերի պատմությունը
Դեռևս հայտնի չէ, թե երբ են առաջին անգամ օգտագործվել գորգերը, սակայն որոշ հնագետներ ապացուցել են, որ դրանք ի հայտ են եկել մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներում: Դրանք անհրաժեշտություն էին համարվում բոլոր ավանդական հայկական տներում և օգտագործվում էին հատակները ծածկելու, պատերը զարդարելու և այլ նպատակներով: Իրենց համբավի և բարձր որակի շնորհիվ հայկական գորգերը հաջողությամբ արտահանվում և վաճառվում էին արտասահմանում:
Պատմաբանները նշում են, որ հայկական գորգերն աչքի են ընկել բացառիկ որակով, քանի որ դրանք պատրաստված են եղել բարձրորակ բրդից և ներկվել են բնական գույներով, հատկապես «որդան կարմիր»-ով: Այն թեփուկավոր միջատ է, որն օգտագործվել է Հայաստանում, ինչպես նաև պարսկական կայսրությունում կարմիր ներկանյութերի արտադրության համար։
Ցավոք, գորգագործության վաղ շրջանից շատ քիչ օրինակներ են պահպանվել։ Մինչև մեր օրերը պահպանված ամենահին հայկական գորգը «Պազըրըկ»-ն է, որ թվագրվում է մ.թ.ա. 5-3-րդ դարերով։ Այն հայտնաբերվել է Սիբիրում, իսկ այժմ գտնվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում: Ոմանք պնդում են, որ դա պարսկական է, մյուսները ՝ հայկական։
Հայկական ամենահին գորգը
Հայաստանի տարածքում ամենահին գորգը հայտնաբերվել է Արթիկի գերեզմանոցներում (թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով) և Կարմիր բլուրում (թվագրվում է մ.թ.ա. 7-րդ հազարամյակով): Ներկայումս գորգագործությունը Հայաստանում շարունակում է մեծ համբավ վայելել։ Կան որոշ մասնավոր ընկերություններ և անհատական գորգագործներ, ովքեր աջակցում են ավանդական արհեստների զարգացմանը։ Հարկ է նշել, որ բոլոր այն տեղնիկաները, դիզայնը, գույներն ու նախշերը, որոնք օգտագործվել են հին ժամանակներում, կիրառվում են մինչ այսօր։
Գորգերի արտադրության ամենատարածված հումքը ոչխարի կամ այծի բուրդն է, բամբակը, կտավատը, մետաքսը, ճրագախոտը: Ներկելու համար օգտագործվում են միայն ազգային ներկանյութեր: Հայկական գորգերն ունեն տարբեր զարդանախշեր։ Նրանք շատ բազմազան են՝ յուրաքանչյուրն իր հատուկ նշանակությամբ։ Այժմ եկեք բացահայտենք հայկական գորգերի ամենահայտնի զարդանախշերից և խորհրդանիշներից մի քանիսը։
Հայկական գորգերի խորհրդանիշները
Հայկական գորգերի դիզայնը շատ բազմազան է։ Զարդանախշերն արտացոլում են Հայաստանի ավանդույթները, ծեսերն ու հավատալիքները։ Դրանց նշանակությունը հասկանալու համար Ձեզնից հայոց պատմության և մշակույթի որոշակի իմացություն կպահանջվի։
Եկե՛ք բացահայտնեք՝ որոնք են ամենահայտնի խորհրդանշանները՝
1. Հավերժության անիվը. այս խորհրդանիշը կարելի է գտնել հայկական բազմաթիվ գորգերի վրա: Այն կազմված է ութ կոր թևերից և իր ձևով շատ նման է արևի։ Ասում են՝ այդ թևերը խորհրդանշում են հեթանոսական շրջանի հայկական ութ աստվածներին (Արա, Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր և Վանատուր)։
2. Խաչ. 301թ․ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ուստի, խաչի խորհրդանիշը բավականին տարածված է հայկական գորգերի զարդանախշերի մեջ:
3. Վիշապ․ վիշապագորգը (վիշապի գորգ) հայկական գորգերի ամենահայտնի տեսակներից է: Վիշապը հաղթանակի խորհրդանիշն է։ Դեռ հին ժամանակներից հայերը հավատում էին, որ եթե իրենց տանը վիշապագորգեր լինեն, ապա նրանք անվտանգ կլինեն և չարիքից պաշտպանված։
4. Քառակուսիներ․ Այս խորհրդանիշը մարմնավորում է աշխարհի չորս կողմերը:
5. Հայկական տառեր․ հայկական որոշ ավանդական գորգեր իրենց վրա կրում են ձեռագործ հայկական այբուբենը։ Ի դեպ, 405 թվականին հայոց այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից։
6. Կենդանիներ․ կենդանիներ հիշեցնող կերպարները նույնպես շատ տարածված են։ Առավել ուշագրավ օրինակներ են «Արծվագորգը» և «Օձագորգը»։
Որտեղի՞ց գնել հայկական գորգեր
Եթե ցանկանում եք ավանդական հայկական գորգեր ձեռք բերել, ապա մենք կարող ենք մի քանի խանութներ և ընկերություններ առաջարկել, որտեղից հեշտությամբ կարող եք կատարել Ձեր ընտրությունը: Այդ վայրերում կարելի է գտնել ինչպես հին, այնպես էլ ժամանակակից, բարձրորակ գորգեր։ Գինը տատանվում է և կախված է բազմաթիվ գործոններից:
1. Մեգերյան Գորգեր. «Մեգերյան կարպետ» ընկերությունը հիմնադրվել է Նյու Յորքում 1917 թվականին: Այն մասնագիտացած է ձեռագործ գորգերի արտադրության և վաճառքի մեջ։ Խանութը գտնվում է Մադոյան փողոցում։ Այստեղ Դուք կարող եք գտնել բազմաթիվ արևելյան ձեռագործ գորգեր և կարպետներ։
2. Թուֆենկյան գորգեր․ ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Այն զբաղվում է ձեռագործ գորգերի արտադրությամբ, որոնք պատրաստված են 100% բնական բրդից։ Տեսականին վաճառվում է Հանրապետության փողոցում գտնվող խանութ-սրահում։ Ընկերությունը ցուցասրահներ ունի նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում։
3. Փոստոյան գորգեր․ գորգերի ամենատարածված խանութներից մեկը կոչվում է «անտիկ գորգեր»։ Այն գտնվում է Աբովյան փողոցում և պատկանում է Փոստոյանների ընտանիքին։ Այստեղ Դուք կարող եք գտնել հին գորգեր, որոնց մեջ կան 50-60 տարվա պատմություն ունեցող նմոււշներ։
4. Իջևան կարպետ «Ջրաշող»․ ընկերությունը հիմնադրվել է 1964 թվականին Իջևանում: Այստեղ արտադրում են ինչպես տեխնիկական, այնպես էլ ձեռագործ գորգեր։ Արտադրանքի գրեթե 20%-ը արտահանվում է Ռուսաստան։
5. Սիմոնյան կարպետ․ ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին: Այն զբաղվում է ձեռագործ գորգերի արտադրությամբ և վաճառքով։ Խանութը գտնվում է Արշակունյաց պողոտայում։
6․ Վերնիսաժ․ սա բացօթյա շուկա է, որը ձգվում է Արամի և Բուզանդի փողոցների երկայնքով: Այստեղ կարելի է գտնել հայկական ավանդական զարդեր, հուշանվերներ, ժողովրդական արհեստների նմուշներ, գորգեր, կարպետներ և այլն։
Դուք կարող եք գտնել նաև հայկական գորգերի որոշ բացառիկ նմուշներ Հայաստանի պատմության թանգարանում, սակայն դրանք չեն վաճառվում: Ինչպես տեսնում եք, այստեղ մի մեծ ընտրություն կա՝ անկախ Ձեր նախասիրությունների և ճաշակի։ Չմոռանաք մեզ հետ կիսվել, թե որն եք նախընտրում։