Վարդավառ

Վարդավառ

February 12, 2020

Ամառվա շոգ և տոթ օրերին հայերը տոնում են Վարդավառը և զովանում՝ ջրոցի խաղալով։

Այսօր Վարդավառը հայ առաքելական եկեղեցու հիմնական տոներից է, սակայն այն հեթանոսական ծագում ունի։ Այն կապում են Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ, որին նվիրված տոնակատարության ժամանակ մարդիկ միմյանց վրա ջուր են ցողել և սիրո ու գեղեցկության աստվածուհուն վարդեր նվիրաբերել։ 

Կա նաև կարծիք, որ Վարդավառ բառը ծագել է հնդեվրոպական var-ջուր և arr- ցողել բառերի համակցությունից։

Քրիստոնեություն ընդունելուց հետո գրեթե բոլոր հեթանոսական կրոնական ավանդույթներն ու սովորույթները փոխվեցին, իսկ տաճարներն ու մեհյանները ավիրվեցին: Հեթանոսական տաճարների հիմքերի վրա կառուցվեցին նոր քրիստոնեական եկեղեցիներ: Այդ ժամանակներից մնացած միակ տաճարը Գառնու տաճարն է, որը ճարտարապետական ​​մեծ արժեք է ներկայացնում։

Լինելով հայ ժողովրդի ամենասիրված և ուրախ տոնը՝ Վարդավառը պահպանվել է՝ վերափոխվելով քրիստոնեական տոնի։ Եկեղեցին անվանում է այն Քրիստոսի այլակերպության կամ Քրիստոսի պայծառակերպության տոն։ Փոխվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթի խորհուրդը, որն այսօր նշանակում է մեղքերից հեռացում և մաքրագործում: 

Վարդավառ

Խորհրդային տարիներին տոնակատարությունն ավելի զուսպ էր անցկացվում: Սակայն Հայաստանի անկախացումից հետո, այն կրկին վերականգնվեց և այսօր նշվում է մեծ շուքով և ուրախությամբ։
Վարդավառը նշում են Սուրբ Զատիկից 14 շաբաթ անց՝ հուլիսյան շոգ և տոթ օրերին։

Տոնը սիրված է բոլորի կողմից, այնպես որ չզարմանաք, եթե տեսնեք մի ծերուկի, ով ջրով լիքը դույլը ձեռքին վազում է բակի երեխաների հետևից։ Ինչպես նաև պատրաստ եղեք ջրվելու, որովհետև ոչ մի հանգամանք ձեզ չի փրկի խուսափել օրվա ավանդույթից։ Ավելի լավ կլինի մի կողմ դնեք ձեր բոլոր գործերը, հեռախոսն ու դրամապանակը և երեխայի նման վայելեք օրվա թեթևությունը։ 

Ամառվա ամենամեծ տոնը նշում են Հայաստանի բոլոր անկյուններում, այնպես որ դրան մասնակցելու համար հարկավոր չէ ինչ-որ տեղ գնալ։ 
Սակայն, եթե ցանկանում եք լինել իրադարձությունների կենտրոնում, կարող եք գնալ Երևանի Կարապի լիճ կամ Հանրապետության հրապարակ: 

Ջրոցի

Վարդավառը սկսում են նշել առավոտից։ Այն ուղեկցվում է շոուներով և համերգներով։ Երբ օրվա տապը մեղմանում է, կարող եք հանգիստ շունչ քաշել․ բոլորը դույլերը վայր են դնում։

Եթե մտադիր եք մասնակցել ջրոցուն  ձեր այցելության ընթացքում Հայաստան, ապա նախապես ճշտեք տոնախմբության օրը և անպայման միացեք համահայկական զվարճանքին։

Armenia Discovery

Article by Armenia Discovery

You may also be interested in

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
March 16, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Continue Reading
Հայոց թագուհիներ
April 15, 2021 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Continue Reading
Աշխարհի ամենահարուստ հայերը
December 21, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Continue Reading