Որպես առաջին քրիստոնյա երկիր՝ Սուրբ Զատիկը մեծ նշանակություն ունի հայ հոգևոր ավանդույթների մեջ: Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ հիմնական տոներից է:
Քանի որ այն շարժական տոն է, ամեն տարի նշվում է տարբեր օրեր: Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը գարնանային լիալուսնի առաջին կիրակի օրը:
Զատիկին նախորդում է Մեծ Պահքը, որի վերջին շաբաթը՝ Ավագ շաբաթը, ամենախիստն է համարվում։
Ճրագալույցի Ս. Պատարագով ավարտվում է Մեծ պահքը, որից հետո մարդիկ վառված ճրագներ են տանում տուն՝ ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:
Զատիկի շնորհավորանքը հնչում է այսպես․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» , որին ի պատասխան ասում են՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Հայերը այս յուրահատուկ տոնը նշում են մեծ ոգևորությամբ և շուքով: Այդ օրը քրիստոնյա հայերը հավկիթ են ներկում՝ որպես նոր կյանքի և վերածննդի խորհրդանիշ։ Հավկիթները ներկում են մուգ կարմիր գույնով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Սա նաև երեխաների սիրված տոնն է, քանի որ նրանք ներկած հավկիթներով կռիվ են անում։
Սուրբ Զատիկի ուտեստներ․ ի՞նչ դնել սեղանին
Սուրբ Զատիկի սեղանին դնում են չամիչով փլավ, ձուկ, թարմ և տապակած կանաչեղեն (ավելուկ, սպանաղ, և այլն)։
Հայկական ավանդական չամիչով փլավը պատրաստվում է լավաշով, որը դնում են կաթսայի հատակին, վրան լցնում խաշած բրինձը և յուղի մեջ տապակած չամիչը, ինչպես նաև այլ չորացրած մրգեր։ Արդյունքում ստացվում է իսկապես յուրահատուկ համով ուտեստ։
Իսկ գիտե՞ք՝ ինչ խորհրդանիշ ունի չամիչով փլավը։ Բրինձը խորհրդանշում է հայ ժողովուդրը, իսկ չամիչը՝ այն առաքյալներն են, որոնք տարածել են քրիստոնեությունը։
Զատիկի ուտեստներից են նաև իշխան և սիգ ձկնատեսակները։ Ձուկը խաշում են քիչ քանակությամբ ջրով, համեմունքներով և կանաչիով։
Ուզու՞մ եք իմանալ, թե որն է Զատիկի ավանդական բրդուջը․
- նախ զատիկի ձվով կռիվ եք խաղում,
- ապա մաքրում եք այն կեղևից,
- վերցնում եք լավաշը,
- ձուն բաժանում եք մի քանի մասի,
- դնում եք լավաշի վրա ու կարագ կամ պանիր ավելացնում,
- ավելացնում եք թարխունի տերևներ,
- աղ, սև պղպեղ անում, և ահա
- աշխարհի ամենահամեղ բրդուջը պատրաստ է։
Չմոռանաք այն ուտել:
Զատիկի ավանդական մյուս ուտեստներն են “քաղցր հաց”-ը և ռուսական կուլիչը, որոնք նույնպես հաճախ պատրաստում են չամիչով։
Հիսուսի արյունը խորհրդանշող կարմիր գինին Զատիկի սեղանի պարտադիր ըմպելիքն է։
Սուրբ Զատիկը հայերի համար ընտենեկան տոն է, որի ժամանակ հարազատները հավաքվում են սեղանի շուրջ, վայելում մտերմիկ և խաղաղ ընթրիքը և օրհնում Քրիստոսի հարությունը։