Ստեփանավանի Դենդրոպարկ

Ստեփանավանի Դենդրոպարկ

December 17, 2017

Սարերի և քարերի երկիր Հայաստանը կարող է ցանկացածին հիացնել իր չքնաղ բնությամբ։ Երկրի յուրահատուկ գողտրիկ անկյուններից մեկն էլ Ստեփանավանի դենդրոպարկն է։ Այգին գտնվում է Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ՝ Ստեփանավան քաղաքից 12կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 155 կմ է։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450մ է։

Այգին հիմնադրել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը 1931 թվականին։ Նա եղել է դենդրոպարկի տնօրենը մինչև 1984 թվականը, որից հետո նրան այդ պաշտոնում փոխարինել է որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։

Ստեփանավանի Դենդրոպարկ

Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա, որից 17.5 հա տարածքը զբաղեցնում է բնական անտառը, իսկ 15 հա-ը՝ դեկորատիվ ծառերը։

Դենդրոպարկի բուսական աշխարհը

Դենդրոպարկի բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։

Բույսերի որոշ տեսակներ բերվել են Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ 

Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։

Դենդրոպարկի գոյության ընթացքում այնտեղ փորձարկվել են ավելի քան 2500 բուսատեսակներ, սակայն միայն 500 բուսատեսակ է հարմարվել տեղի բնական պայմաններին։ 

Դենդրոպարկում կա մագնոլիա, սիբիրյան սոճի, մշտադալար եղևնի, խեժափիճի, ինչպես նաև․

  • Tilia Caucasica (կովկասյան լորենի)
  • Ulmus scabra (թեղի խորդուբորդ)
  • Quercus longipes (կաղնի)
  • Pyrus communis (եվրոպական տանձ)
  • Quercus iberica (վրացական կաղնի)
  • Ulmus foliacea (թեղի տերևաշատ)
  • Carpinus caucasica (բոխի)
  • Tilia cordata (փոքրատերև լորենի)
  • Fagus orientalis (արևելյան հաճարենի)
  • Ulmus elliptica ( էլիպսաձև թեղի)
  • Quercus macranthera (կովկասյան/պարսկական կաղնի)

Դենդրոպարկի ծառերից հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Այստեղ աճում են իրար մոտ տնկած 5 վիթխարի երիտասարդ ծառ, որոնք դեռ մի քանի հարյուր տարի բարձրություն են հավաքելու։

Դենդրոպարկ

Լինելով ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա, Դենդրոպարկն ունի ցուրտ և անձրևային կլիմա: Դեկտեմբեր-մարտ ամիսներին այստեղ ձյուն է նստած: 

Ներկայումս դենդրոպարկը գրավում է շատ պրոֆեսիոնալ գիտնականների, էկո-զբոսաշրջիկների և այլոց ուշադրությունը: Այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարբեր բույսերի հարմարվողական հատկանիշները շրջակա միջավայրի նոր պայմաններին, դասընթացներ անցկացնել ուսանողների պրակտիկայի համար և ուսումնասիրել Անդրկովկասի առանձնահատուկ բուսական աշխարհը: Ստեփանավանի Դենդրոպարկը հիանալի վայր է էկո-շրջագայությունների և հասարակական տարբեր էքսկուրսիաների համար:

Դենդրոպարկ

Աշխատանքային ժամեր

Այգին աշխատում է առավոտյան 10-ից մենչև 7-ը։ Մուտքի մոտ տեղադրված է այգու քարտեզով մեծ վահանակ, որը կոգնի ձեզ կողմնորոշվել տարածքում։ 

 

Ձեզ կհետաքրքրի նաև