Երևանի բուսաբանական այգին գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն է, որի գործունեության հիմնական նպատակն է տարբեր տարածաշրջաններից դեկորատիվ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։
Այգին հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից։ Տարածքը զբաղեցնում է 80 հա, որտեղ ներկայացված շուրջ 1100 բուսատեսակներից շատերը էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող բույսատեսակներ են։ Դրանցից 38-ը ներառված են Հայաստանի Կարմիր գրքում:
Բուսաբանական այգու տարբեր էքսպոզիցիոն փոքր պուրակներում ներկայացված են մի շարք հետաքրքիր տեսակներ, իսկ կոլեկցիոն հողամասում՝ Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ։
Աճեցվող հազվագյուտ տեսակներից են՝
- Galanthus alpinus
- Centaurea erivanensis
- Astragalus paradoxus
- Onobrychis hajastana
- Ribes armenum
- Iris elegantissima
- Iris grossheimii
- Triticum araraticum
- Triticum urartu
- Zelkova carpinifolia
Վերջին տարիներին համալրվել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը շուրջ 30 նոր տեսակով, իսկ ծաղկային բույսերինը՝ 12 տեսակով։ Բարեկարգվել և ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 տեսակի ավելի քան 1000 հատ ծառաբույս։
Հողամասի մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին։
Այգու ջերմատանը ժամանակին ներկայացված էր արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։ Այստեղ առանձին տեղաբաշխված են աշխարհի տարբեր մասերի դենդրոֆլորաների ներկայացուցիչներ։ Այգու վարդերի հավաքածուն կազմում է 27 սորտի վարդ, որոնք լավ հարմարվել են այգու կտրուկ փոփոխվող կլիմայական պայմաններին։
Երևանի բուսաբանական այգին ազգային արժեք ներկայացող եզակի պարտեզ է, որն ունի ավելի քան 80 տարվա պատմություն: Այգին իր բնույթով միջազգային հռչակ է վայելում և համարվում է ոլորտի առաջատար գիտական հաստատություններից մեկը:
Բուսաբանական այգին մայրաքաղաքի բնակիչների համար ծառայում է որպես յուրահատուկ հանգստի գոտի։ Այստեղ կարող եք զբոսնել, պիկնիկ կազմակերպել, զբաղվել սպորտով, հեծանիվ քշել, ինչպես նաև անցկացնել ձեր հարսանեկան ֆոտոսեսիան։
Հիշեցնենք, որ մուտքը ընդամենը 300 դրամ է: