Ինչպես հայերն են ասում․ «Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»։ Միգուցե մենք սիրում ենք այս ասացվածքը, որեվհետև Հայաստանում այդքա՜ն շատ բան կա տեսնելու՝ պատմամշակութային վայրեր, հուշարձաններ և թանգարաններ, մոգական վայրի բնություն․․․
Մարդաշատ և ժամանակակից քաղաքներից բացի, Հայաստանը հայտնի է նաև իր գյուղական վայրերով: Երկիրն ունի հարուստ բնություն, մաքուր օդ և համեղ ջուր: Այդ է պատճառը, որ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից նախընտրում են ճանապարհորդել Հայաստանում՝ խուսափելով մեծ քաղաների խցանումներից և աղմուկից: Շատերը նախընտրում են Հայաստանի վայրի բնությունը։
Երկրի ներուժը շատ բարձր է էկոտուրիզմի մեջ: Դա հատկապես պարզորոշ երևում է վերջին տարիներին, երբ Հայաստանը դարձել է զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը: 2016 թվականից ի վեր Հայաստանում անցկացվում է հատուկ ամենամյա միջոցառում` Էկոտուրիզմի փառատոն:
Էկոտուրիզմի փառատոնը հավաքում է էկո-ճանապարհորդներին ամբողջ աշխարհից և զվարճալի ու հետաքրքիր միջոցառումների միջոցով բարձրացնում հանրային իրազեկությունը էկոտուրիզմի վերաբերյալ:
Փառատոնն անցկացվում է Վայոց ձորի մարզում: Այստեղ մասնակիցները կարող են վայելել առավոտյան յոգան, փորձել տեղական ուտեստները, մասնակցել ՀՀ Կարմիր գրքի բույսերի և կենդանիների մասին լուսանկարչական ցուցահանդեսին, ինչպես նաև մասնակցել հեծանվավազքի մրցույթին, էկոարշավներին, իսկ գիշերն անցկացնել խարույկի շուրջ և դիտել աստղերը: Ճանապարհորդները և տեղացիները փառատոնից կարող են ակնկալել հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներ:
Ի՞նչ է էկոտուրիզմը
Էկոտուրիզմը ուղևորություն է դեպի բնական, գյուղական վայրեր և կանաչ գոտիներ: Այն նաև հայտնի է որպես կայուն զբոսաշրջություն, կանաչ տուրիզմ, բնության զբոսաշրջություն, պատասխանատու զբոսաշրջություն, էթիկական տուրիզմ, խելամիտ ճանապարհորդություն, գիտակցված ճանապարհորդություն, աղքատ տուրիզմ և այլն: Էկոտուրիզմը նաև հարգանքն է բնության հանդեպ:
Կանաչ տուրիզմը Հայաստանում ձեզ կպարգևի լավ տպավորությունններ, նոր ծանոթություններ, գեղեցիկ լուսանկարներ և, իհարկե, բնական ու համեղ ուտեստներ փորձելու հնարավորություն։
Էկոտուրիզմի միտումները Հայաստանում
Հայաստանում չկան շատ մեծ և ծանրաբեռնված քաղաքներ: Այստեղ ամենամեծ քաղաքը Երևանն է՝ երկրի մայրաքաղաքը: Մյուս բոլոր քաղաքները փոքր և գողտրիկ են, ինչպես օրինակ սիրված քաղաք Դիլիջանը, որը հայտնի է որպես «Փոքր Շվեյցարիա»:
Փոքր քաղաքներն ու գյուղերը գրավում են երկրի հիմնական մասը: Արդյունքում, Հայաստանը հարուստ է բնական ռեսուրսներով, ինչով չեն կարող պարծենալ աշխարհի շատ երկրներ:
Եկեք բացահայտենք էկոտուրիզմի միտումները նման «բնական երկրում»:
Էկոտուրիզմը Հայաստանում # 1 Լեռնագնացություն
Լեռնագնացությունը հայտնի է նաև որպես լեռնային արշավ: Սա շատ տարածված է Հայաստանում, ինչը բնավ զարմանալի չէ․ Հայաստանը հայտնի է որպես լեռնային երկիր: Ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ):
Սովորաբար, Հայաստանի տուրիստական գործակալությունները իրենց ցուցակում ընդգրկում են լեռնագնացային շրջագայություններ: Այս արշավները հիմնականում արվում են ոտքով, ինչը նաև նպաստում է բնության պահպանությանը:
Էկոտուրիզմը Հայաստանում # 2 Քեյվինգ
Հայաստանը ծածկված է լեռներով, և բնականաբար, այստեղ շատ են քարանձավները: Քարանձավները ժայռի մեջ գտնվող խոռոչներն են, որ բացվում են երկրի մակերևույթին մոտ։
Քարանձավային արշավները լի են սուր զգացողություններով և տպավորություններով։ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում կան քարանձավներ: Հայտնի քարանձավներից են Խնձորեսկի, Արենիի, Մոզրովի քարանձավները:
Էկոտուրիզմը Հայաստանում # 3 Ձիարշավ
Եթե նախատեսում եք այցելել Հայաստան, ապա մի բան, որ պետք է փորձեք՝ ձի քշելն է: Հայերը գիտեն ինչպես վարվել այս հիանալի կենդանիների հետ: Այստեղ դեռ կան գյուղեր, որտեղ մարդիկ որպես տրանսպորտային միջոց գերադասում են ձիերին մեքենաներից։
Ձիով զբոսանքներ կազմակերպվում են դաշտերում, լեռներում և ձորերում: Տևողությունը կարող է լինել մի քանի րոպեից մինչև մի քանի օր:
Էկոտուրիզմը Հայաստանում # 4 Հեծանվավազք
Հեծանվային տուրիզմը Հայաստանում զբոսաշրջության նոր և զարգացող տեսակ է: Այնուամենայնիվ, այն կարող է շատ հաճելի լինել, հատկապես, եթե ճամփորդում եք երկրի փոքր քաղաքներով։
Հեծանվային արշավներ կազմակերպվում են նաև լեռներում: Կան նախատեսված որոշ հետաքրքիր ուղիներ Երևանից Գառնի, Գեղարդ, Սևանա լիճ, Դիլիջան, Գոշավանք և այլ ուղղություններով: Այս ուղղությունները հիմնականում տանում են դեպի երկրի պատմամշակութային որևէ հետաքրքիր և գրավիչ վայր:
Հեծանվավազքից բացի, լեռներում անցկացվում են նաև օֆ ռոուդ տուրեր: Սրանք էքստրեմալ, արտաճանապարհային տուրեր են հատուկ մեքենաներով:
Էկոտուրիզմ Հայաստանում # 5 Վայրի բնության դիտում
Վայրի բնության դիտումը Հայաստանում էկոտուրիզմի նոր զարգացող ուղղություն է: Հայկական բնությունը ապրելու համար իրական դրախտ է: Երկրում շատ են գյուղական վայրերը, որտեղ կարող եք որոշ ժամանակ ամբողջությամբ կտրվել ձեր առօրյա հոգսերից և պարտականություններից, փախչել լարված կյանքից և հանգիստ գտնել մայր բնության գրկում:
Գյուղերում կարող եք մնալ էկոտուրիզմի սիրահարների համար նախատեսված փոքր տնակներում, հյուրանոցներում կամ էլ սենյակ վարձել տեղացիներից: Այնուհետև մնում է միայն զբոսնել անտառներում, մաքուր օդ շնչել և վայելել հրաշալի տեսարաններն ու բնական սնունդը։
Հայ գյուղացիները շատ բարեհամբույր են և աշխատում են ճանապարհորդներին ապահովել անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ հանգիստը լիարժեք վայելելու համար:
Օրինակ՝ Տավուշի մարզի գյուղերից մեկում զբոսաշրջիկների համար կա մի փոքր հյուրատուն, որը կոչվում է B&B The Edge of The World: Այստեղ կարող եք վայելել ձեր խաղաղ հանգիստը, համտեսել համեղ բնական սնունդ և հաճույք ստանալ անտառային լանդշաֆտից:
Էկոտուրիզմի ուղղությունները Հայաստանում
Հայաստանի յուրաքանչյուր շրջան ինչ-որ կերպ ընդգրկված է կանաչ զբոսաշրջության մեջ: Էկոտուրիզմի ամենահայտնի վայրերն են՝ Խոսրովի անտառի պետական արգելոցը (բնության արգելոց Արարատի մարզում), Ենոքավանը (գյուղ և ամառային հանգստավայր Տավուշի մարզում), Գոմքը (փոքր գյուղ Վայոց ձորում) և այլն:
Եթե ցանկանում եք վայելել ձեր հանգիստը Հայաստանում, ապա էկո-միջավայրը հիանալի ընտրություն կլինի: Վայելեք և գնահատեք բնության հրաշքները, և այն կփոխհատուցի ձեզ առողջությամբ և լավ տրամադրությամբ։