Ասում են՝ նա հանդարտ և զուսպ մարդ էր։ Որոշ աղբյուրների համաձայն՝ նա նույնիսկ բջջային հեռախոս և էլեկտրոնային փոստի հասցե չուներ։ Երևի արդեն կռահեցիք, որ խոսքը Խաղացողի՝ Քըրք Քըրքորյանի մասին է։
Ո՞վ է Քըրք Քըրքորյանը
Քըրք Քըրքորյանը (իրական անունը՝ Գրիգոր Գրիգորյան) ամերիկահայ գործարար էր, ներդրող և բարերար։ Նա ծնվել է 1917 թվականին Ֆրեզնոյում, որտեղ նրա ընտանիքը ապաստան էր գտել Հայոց ցեղասպանությունից հետո։ Քըրքը ընտանիքի չորս որդիներից կրտսերն էր։
9 տարեկանում Քըրքորյանը ստիպված էր ավելի մեծ ձևանալ, որպեսզի աշխատանք գտներ և ընտանիքին օգներ հաղթահարել դժվարին ժամանակները։ Մինչդեռ միջնակարգ դպրոցի աշակերտ էր, նա կատարել է տարբեր աշխատանքներ` ներառյալ թերթերի տարածում, բեռնակրություն, մեքենաների լվացում, փողոցների մաքրում և տարատեսակ այլ աշխատանքներ, որոնք ունակ էր անելու։
8-րդ դասարանում Քըրքը թողել է դպրոցը և սիրողական դասսակարգի բռնցքամարտիկ դարձել։ Նա այնքան տաղանդավոր էր, որ միջին քաշային կարգում նվաճեց բռնցքամարտի խաղաղօվկիանոսյան սիրողական առաջնությունը։ Այդ ժամանակ Քըրքը մտածում էր բռնցքամարտում պրոֆեսիոնալ կարիերա սկսելու մասին։ Սակայն, շուտով նա տարվեց ավիացիայով։
Քըրք Քըրքորյանը սովորել է օդաչուական դպրոցում, որն ավարտելուց հետո օդաչուի որակավորում և վկայական է ստացել։ Քըրքը օդաչու-հրահանգիչ է դարձել Մեծ Բրիտանիայի արքայական օդատորմում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Քըրքորյանը միացել է Կանադայի թագավորական օդային ուժերին։ Նա շատ վտանգավոր թռիչքներ էր իրականացնում, որոնց յուրաքանչյուրի համար ստանում էր 1000 ԱՄՆ դոլար։ Քըրքորյանը խնայել է իր եկամտի մի մասը։
Քըրքորյանի բիզնես կարիերան
Քըրքորյանը 5000 դոլար արժողությամբ ինքնաթիռ է գնել և օդաչուական դասընթաց սկսել։ Նա նաև Լոս Անջելեսից Լաս Վեգաս թռիչքներ էր իրականացնում։ Դա հիշեցնում էր տաքսի օդում։
Ավելի ուշ՝ 1947թ․-ին, Քըրքորյանը գնեց 60,000 դոլար արժողությամբ Լոս Անջելեսի օդային ծառայություն ավիաընկերությունը և այն կոչեց TIA (Trans International Airlines)։ Ավիաընկերությունը գերարագ օդային փոխադրումներ էր իրականացնում առանց որևէ չվացուցակի։ Մի քանի տարի անց Քըրքը TIA-ն վաճառեց 104 միլլիոն ԱՄՆ դոլարով։
Անշուշտ, սա հետաքրքիր գործարք էր․ նա ընկերությունը գնել էր 60 հազար դոլարով և վաճառել 104 միլիոնով։ Իսկ ավելի զարմանալի դեռ առջևում էր․ 1962 թ․ Քըրքորյանը 960 հազար դոլար արժողությամբ տարածք է գնում Լաս Վեգասում և այնտեղ հյուրանոց կառուցում։
Ավելի ուշ նա տարածքը վաճառում է 5 մլն դոլարով։ Այդ եկամուտներով նա նոր տարածք է ձեռք բերում մեկ այլ հյուրանոցի՝ The International-ի համար։ Այս հյուրանոցը եզակի էր նրանով, որ առաջին հյուրանոցն էր, որտեղ մանկական հատուկ կենտրոն կար։ Այստեղ երեխաները զվարճանում էին, մինչ ծնողները զբաղված էին:
Այդ ժամանակաշրջանում սա տարօրինակ գաղափարր էր, որին շատերն էին դեմ, սակայն Քըրքորյանը սովորել էր լսել բոլորի կարծիքներն ու քննադատությունները և անել այն, ինչ իր ներքին ձայնն էր հուշում։
1969-ին Քըրք Քըրքորյանը նոր կարիերա սկսեց ֆիլմարտադրության ոլորտում։ Նա գնեց MGM (Metro Goldwyn Mayer) կինոստուդիան, որը հետագայում վաճառեց Sony-ին:
1973թ․ բացվեց նրա երկրորդ հյուրանոցը՝ Grand hotel-ը։ Այմ մեգառեզորտ էր՝ այդ ժամանակների ամենամեծ հյուրանոցը։ Դժբախտաբար, 1980թ․ տեղի է ունեցել Լաս Վեգասի պատմության ամենամեծ աղետներից մեկը՝ Grand hotel-ը հրդեհի է մատնվել։
Ոչ ոք չէր հավատում, որ Քըրքորյանը կկարողանա հաղթահարել այս ամենը։ Նա, սակայն, դեպքի վայր հասնելով, միայն մի հարց տվեց՝ «Որտեղի՞ց սկսել»։
Քըրք Քըրքորյանը զբաղվել է նաև մեքենաների արդյունաբերությամբ։ Նա բաժնետեր էր գերմանական Daimler Benz ինչպես նաև հանրահայտ General Motors ընկերություններում։
Խաղացող Քըրք Քըրքորյանը
Մինչ Քըրքը զբաղվում էր իր անձնական ինքնաթիռով թռիչքների կազմակերպմամբ, նա հանդիպեց Ջերրի Ուիլյամսին, ով խաղատներ այցելելու և գումարն իզուր վատնելու սովորություն ուներ։ Մի օր Քըրքորյանը միացավ նրան, և նրանք միասին տանուլ տվեցին ամբողջ գումարը՝ թողնելով միայն 5 դոլար։
Այդ ժամանակից ի վեր Քըրքը խաղացող դարձավ, ով կարող էր կորցնել օրական մինչև 50 հազար դոլար, սակայն նա խաղերին լիովին չի նվիրվել: Ավելի ուշ Քըրքորյանը բացել է իր սեփական խաղատունը։
Ուիլյամ Ռեմփելը Քըրքորյանին նվիրված գիրք ունի, որը վերնագրված է որպես «Խաղացողը»։ Գիրքը հրապարակվել է 2018թ․ և դարձել ազգային բեսթսելլեր։
Լուսանկարը՝Asbarez
Քըրք Քըրքորյանի ունեցվածքը
Ամերիկյան հայտնի Forbes ամսագրի տվյալներով՝ 2008թ․ Քըրք Քըրքորյանն աշխարհի 41-րդ ամենահարուստ, իսկ Կալիֆորնիայի ամենահարուստ մարդն էր։ Այդ ցուցանիշի համաձայն՝ նրա ունեցվածքի մաքուր արժեքը 16 միլիարդ ԱՄՆ դոլար էր։
Քըրքորյանի մահը
2015թ․ Կալիֆորնիայում 98 տարեկան հասակում մահացել է Քըրք Քըրքորյանը։ Հուղարկավորվել է Կալիֆորնիայի Inglewood Park գերեզմանատանը։
Ասում են՝ Քըրքորյանը համեստ հայ էր։ Նա մարդաշատ իրադարձությունների ու միջոցառումների չէր մասնակցում, հանգստյան օրերին սիրում էր թենիս խաղալ։ Քըրքորյանը երբեք ինքն իրեն չի գովել։ Նա հավատում էր, որ արարքներն ավելի խոսուն են քան բառերը։ Գուցե հենց սա էր այն բանալին, որի շնորհիվ աշխարհահռչակ հայը մեծ հաջողությունների հասավ՝ նույնիսկ առանց բարձրագույն կրթության։