Երերույքի տաճար

place

icon-mapԱնիպեմզա 2903, ՀՀ

Երերույքը հին հայկական եկեղեցի է, որը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին՝ Անիպեմզա գյուղի մոտ (Շիրակի մարզ): Այն եռանավ բազիլիկա է, որը կառուցվել է 4-5-րդ դարերում՝ հեթանոսական խորանի տեղում: Տաճարը կառուցվել է բաց նարնջագույն տուֆից և կանգնած է եղել 6 սյուների վրա: Այժմ եկեղեցին կիսավեր է:

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է «երերալ» բառից, քանի որ հեռվից թվացել է, թե սյուների վրա կանգնած տաճարը երերում է։ Եկեղեցու «երերացող» շենքը հայ ճարտարապետության պատմության արժեքավոր նմուշներից մեկն է: Մասնագետները կարծում են, որ այն միջնադարյան Հայաստանի ամենամեծ եկեղեցին էր: 

Երերույքի տաճարը արտաքին կամարակապ սրահներով հսկայական բազիլիկ եկեղեցի է՝ կառուցված բազմաստիճան հարթակի վրա: Այն ժամանակին շրջապատված է եղել պարիսպներով: Ստորգետնյա անցումները տարել են դեպի ընդարձակ սենյակներ, որտեղ լույսի մուտքն ապահովվել է երդիկների միջոցով։ 

Երերույքը վաղ քրիստոնեական շինություն է, որն իր մեջ ներառում է անտիկ ճարտարապետության ավանդույթներ: Եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում՝ ենթադրաբար հեթանոսական տաճարի տեղում: Հետաքրքիր և, միևնույն ժամանակ, տարօրինակ է այն, որ պատմիչներից ոչ մեկի մոտ եկեղեցու մասին որևէ հիշատակություն չի հանդիպում։

Այս առեղծվածային կառույցի մասին եզակի արձանագրություններից մեկը պահպանվել է եկեղեցու մուտքերից մեկի ձախ կողմում: Գրառման մեջ նշվում է Բագրատունյաց թագավորներից մեկի կինը, ով նվիրատվություններ է արել տաճարի վերանորոգման համար:

Ինչպես նշվեց վերևում, շենքը կանգնած է աստիճանավոր պատվանդանի վրա (5-7 աստիճան)։ Աստիճանները շրջապատում են շենքը չորս կողմից: Դրանք տարել են դեպի տաճարի արտաքին կամարակապ սրահները: Շինությունն ունի երկու մուտք՝ երկուսը հարավից և մեկ մուտք արևմուտքից, որը տանում է դեպի գլխավոր սրահ: Պատվանդանի աստիճանները կառուցվել են մեծ քարերից, որոնք այժմ կիսաքանդ են: Սյունաձև դահլիճները նույնպես քանդված են և առանց տանիքների:

2011 թվականին կատարված պեղումների ժամանակ նկատվել է վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ։ Հայտնաբերվել է շատ ընդարձակ մի դամբարանադաշտ, որտեղ 7-8 պատվանդան է կառուցված։ Գերեզմանադաշտի և բազիլիկայի ժամանակագրական և ֆունկցիոնալ կապն անհայտ է: Տարօրինակն այն է, որ բազմաթիվ նորածին երեխաներ են հայտնաբերվել դաշտում թաղված:

Հնագետները կարծում են, որ դա կարող է կապված լինել որևէ անհայտ համաճարակի հետ, կամ էլ այն ​​բանի, որ տաճարը նվիրված է եղել Սուրբ Հովհաննես Մկրտիչին, և մարդիկ եկեղեցու մոտ են թաղել դեռևս մկրտություն չստացած նորածիններին՝ նրանց հոգիները փրկելու համար։

Երերույքի տաճարի հարավային պատին փորագրված է հունարեն արձանագրություն: Գրությունը մեջբերված է սաղմոսից. «Քո տանը վայելուչ է սրբությունը, ով Տէ՛ր, երկայն օրերով»:

1995 թ.-ին Երերույքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

360 Stories

Map