Վարդավառն անշուշտ հայերի ամենասիրված և ամենաուրախ տոնն է, որը նշում են երկրի բոլոր անկյուններում։ Այս հեթանոսական ծագում ունեցող տոնի օրը, մարդիկ՝ զինված ջրով լի դույլերով և տարաներով, դուրս են գալիս տներից և մեծ ու մանուկ ջրոցի խաղում։
Լինի դա Երևանի կենտրոնը, թե Հայաստանի ամենահեռավոր լեռնային գյուղը՝ տոնը զովություն է բերում ամառային շոգին և ջերմացնում մարդկանց հոգիները։
Երևանում Վարդավառը կամ ջրոցին վերածվում է իսկական տոնախմբության և, եթե դուք քաղաքի կենտրոնում եք, ապա ձեզ հաստատ չի հաջողվի խուսափել թրջվելուց ։
Տոնի ամենամեծ սիրահարները հավաքվում են քաղաքի շատրվանների և լճակների մոտ, որպեսզի ջրի պակաս չունենան։
Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը։