Ճանապարհորդել և ոչինչ չգնե՞լ․ անհնար է, այնպես չէ՞։ Ես սիրում եմ գնումներ կատարել և, որպես հայ, կպատմեմ Ձեզ, թե ինչ և որտեղ կարելի է գնել իմ «գունագեղ» երկրում: Սկսենք երևանյան գնումներից։
Հայկական նորաձևության բրենդերը
Որպես մայրաքաղաք և գլխավոր քաղաք՝ Երևանն ամեն ինչ իր սրտում է հավաքել։ Այստեղ Դուք կարող եք գտնել ոչ միայն շքեղ խանութներ, ինչպիսիք են Yerevan Mall-ը, Dalma Garden-ը և Rossia Mall-ը, այլև բազմաթիվ բուտիկներ, հուշանվերների խանութներ, պատկերասրահներ և այլն:
Եթե ինձ լսեք, կծանոթանաք հայկական նորաձևության բրենդներին՝ Կիվերա Նայնոմիս, Շադոյան Fashion, Փետուր, Loom Weaving, RUZANE, Z. G. EST, NAGHASH, Faina, Արամ Նիկոլյան և ոչ միայն: Գուցե այստեղ Դուք կարող եք գտնել ձեր նոր և հետաքրքիր ոճը։
Որտեղի՞ց հուշանվերներ գնել Հայաստանում
Ի՞նչ են զբոսաշրջիկները միշտ գնում ընկերների համար ճամփորդությունների ընթացքում։ Այո, Դուք ճիշտ եք, հուշանվերներ: Հայաստանն իսկական նվերների թանգարան է։ Առաջին խանութը, որը ես կարող եմ պատմել, բացօթյա շուկան՝ Վերնիսաժն է։ Այստեղ կարելի է գտնել ավանդական ձեռագործ իրեր, ազգային երաժշտական գործիքներ, հուշանվերներ, արծաթյա և ոսկյա զարդեր, գորգեր, կենցաղային իրեր և մշակույթն արտահայտող այլ աշխատանքներ:
Այստեղով 15 րոպեով ուղղակի անցնել հնարավոր չէ։ Ձեր աչքերն անկարող են արագ ինչ-որ բան ընտրել, այնպես որ վայելեք այս թանգարան-շուկայում անցկացրած ամեն վայրկյանը։ Դուք կարող եք գնել հայկական հուշանվերներ Gift Boutique-ից, Salt Sack-ից, TADE-ից, Irin Exart-ից և այլն: Իհարկե, նրանք տարբերվում են միմյանցից, և Դուք կարող եք այցելել բոլորը՝ գտնելու համար այն, ինչ Դուք իսկապես ուզում եք։ Եթե հատուկ ինչ-որ բան եք ուզում ինքներդ Ձեր կամ Ձեր ընտանիքի և ընկերների համար, Ardean Ձեր լավագույն տարբերակը կարող է լինել։ Այստեղ Դուք կզգաք հայկական մշակույթի ոգին։ Պարզապես այցելեք այս խանութը, նույնիսկ եթե ինչ-որ բան գնելու մտադրություն չունեք։
Պատկերասրահներ Երևանում
Իսկ հիմա խոսենք իրական արվեստի մասին։ Գալա արվեստի պատկերասրահը գտնվում է Բայրոն 12 հասցեում։ Այստեղ ցուցադրված են ժամանակակից արվեստագետների և քանդակագործների ստեղծագործությունները։ Հնարավոր է՝ Ձեր բախտը բերի և մասնակցեք հաճախ տեղի ունեցող որևէ ցուցադրության։ Երևանյան զբոսանքների ժամանակ բաց չթողնե՛ք Սարյանի այգին։
Ամեն առավոտ մի շարք արվեստագետներ բերում և այստեղ են դնում իրենց նկարները։ Այցելուները կարող են գնել դրանք կամ պարզապես վայելել: Նրանք հատուկ ճաշակ են հաղորդում և անկրկնելի մթնոլորտ ստեղծում այս հրաշալի զբոսայգու համար, որը գտնվում է Օպերայի և բալետի թատրոնի դիմացի փողոցին։
Ուտելիք և խմիչք Երևանում
Բաստուրմա, սուջուխ, հայկական սնիկերս, չրեր, մուրաբա, թեյ, համեմունքներ․ ահա թե ինչ է գնում արտասահմանում ապրող յուրաքանչյուր հայ, երբ այցելում է հայրենիք։ Իհարկե, նախքան գնելը Դուք կարող եք փորձել շուկայում, սակայն խորհուրդ չի տրվում․ ինչո՞ւ․ որովհետև Դուք կկարոտեք նրանց անկրկնելի համը։ Ցանկանո՞ւմ եք իմանալ՝ որտեղից կարող եք գնել այս բոլոր քաղցրավենիքները։ Ամեն ինչ կարող եք գտնել սուպերմարկետներում, բայց ես խորհուրդ եմ տալիս գնել գյուղացիներից։
Հայաստանով մեկ ճանապարհորդելով՝ Դուք կգտնեք նման տնական ուտեստներ հատկապես տուրիստական կենտրոններում։
Իսկ հիմա ամենակարևորի մասին․ կոնյակ, գինի, օղի։ Հայկական ազգային խմիչքներն իրենց ուրույն տեղն ունեն ամբողջ աշխարհով մեկ։ Սա այնքան հայտնի է ամբողջ աշխարհում, որ ես կարծում եմ՝ այն կարելի է գնել ցանկացած երկրում։ Բայց հարցական է մնում քանակը․ իսկ որքա՞ն։ Մյուս կողմից, դա անհետաքրքիր է թվում։ Հայկական ազգային խմիչքներ պետք է գել հենց Հայաստանում․ իսկ կոնկրետ որտեղի՞ց: Պռոշյանի գինու-կոնյակի գործարանը հիմնադրվել է 1987 թվականին Երևանում և ունի գինեգործության բարձր զարգացած տեխնոլոգիաներ և ավանդույթներ:
Արենու գինու գործարանը գտնվում է Արենի գյուղում՝ Երևանից մոտ 120 կմ հեռավորության վրա՝ Արփա գետի ափին։ Այստեղ Դուք կարող եք էքսկուրսիա պատվիրել, ծանոթանալ հայկական գինու պատմությանը և գնել ձեր նախընտրածը:
Հայկական գորգերն ու կարպետները
Հայկական գորգերն ու կարպետները եզակի նմուշներ են, որոնք յուրահատուկ, հետաքրքիր և հսկայական պատմություն են արտահայտում։ Դուք կարող եք ծանոթանալ հայկական գորգերի առանձնահատկություններին՝ այցելելով Թուֆենկյան կամ Մեգերյան գորգերի կենտրոններ։ Սրանք աշխարհի առաջատար ընկերություններից են և մասնաճյուղեր ունեն նաև այլ երկրներում։
Դուք կարող եք ոչինչ չգնել։ Պարզապես այցելե՛ք, ուսումնասիրե՛ք, ծանոթացե՛ք պատմությանը և տեսե՛ք, թե ինչպես են աշխատում վարպետները։
Գրախանութները Երևանում
Ես գրքամոլ եմ և չեմ կարող անցնել գրախանութի կողքով՝ առանց որևէ հետաքրքրություն ցուցաբերելու: Եթե Դուք նույնպես ընթերցող եք, մենք ունենք լավ խանութներ, որտեղ Դուք կարող եք գտնել ինչ-որ հետաքրքիր բան ինքներդ Ձեր և Ձեր ընկերների համար: Բուկինիստ՝ իմ սիրելի գրախանութը։ Ես սիրում եմ լինել այստեղ, հատկապես առաջին հարկում, որտեղ ինչ-որ մեկը դաշնամուր է նվագում: Այստեղ ֆանտաստիկ մթնոլորտ կա։ Խանութը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոց պողոտայի 20 հասցեում։ Եվս մեկ գրախանութ ՝ «Նոյյան Տապան»-ը, Հանրապետության հրապարակում։ Այստեղ Դուք կարող եք գտնել գրքեր, քարտեզներ և որոշ հուշանվերներ:
Macmillan խանութում հիմնականում վաճառվում են ուսումնական նյութեր, այդ թվում՝ բառարաններ։ Այն գտնվում է Երևանում` Ղազար Փարպեցի 9 հասցեում:
Հնարավոր է՝ ես բաց եմ թողել որոշ կետեր, սակայն, ես փորձեցի պատմել ամեն ինչից մի քիչ։ Թե ինչ կգնեք իմ գունագեղ Հայաստանից, որոշե՛ք ինքներդ։