Մի բան, որ հաստատ չես կարող մոռանալ Հայաստան այցելելուց հետո՝ հայկական խոհանոցի համեղ ու ախորժելի ուտեստների համն է: Մենք մեր նախնիներից ժառանգել ենք հարուստ և բազմազան խոհանոց, որն արտացոլում է հին Հայաստանի ավանդույթներն ու պատմությունը։
Հայկական խոհանոցը համարվում է Ասիայի և Անդրկովկասի հնագույն խոհանոցներից մեկը: Ըստ փաստացի ապացույցների՝ հայերը հաց են թխել և խորոված պատրաստել դեռևս 2500 տարի առաջ։
Հայկական ազգային ուտեստ № 1 - Խորոված
Ամենատարածված հայկական ուտեստները հիմնականում պատրաստվում են մսից: Խորովածը հայկական տոնական սեղանի ամենասիրված և, կարելի է ասել, պարտադիր ուտեստն է: Այն պատրաստվում է խոզի, գառի, տավարի կամ հավի մսից և մատուցվում է հայկական ավանդական լավաշով: Հաճախ որպես հավելում մսի հետ խորովում են նաև տարբեր բանջարեղեններ։
Հայկական ազգային ուտեստ № 2- Տոլմա
Հայկական խոհանոցի մյուս ավանդական ուտեստը հայտնի «տոլմա»-ն է: Հայերն ունեն տոլմայի ավելի քան 50 տարատեսակ: Այն համարվում է հայկական սեղանի երկրորդ հիմնական ուտեստը:
Տոլման պատրաստում են կաղամբի կամ խաղողի տերևներով, բրնձով, աղացած մսով, ընդեղենի որոշ տեսակներով և այլ բաղադրիչներով: Աղացած միսը համեմվում է, ավելացվում է բրինձ և փաթաթվում խաղողի կամ կաղամբի տերևներով։ Տերևների փոխարեն կարելի է նաև օգտագործել բանջարեղեն (բիբար, սմբուկ, լոլիկ): Եփվում է ձիթայուղով, քիչ քանակությամբ ջրի մեջ։
Հայկական ազգային ուտեստ № 3- Ձուկ
Ձուկն առանձնահատուկ տեղ ունի հայկական խոհանոցում: Հայաստանում հատկապես տարածված են իշխան, տառափ և սիգ տեսակի ձկները։ Կիրառվում են ձկան պատրաստման բազմաթիվ եղանակներ: Եթե Հայաստանում եք և ցանկանում եք համեղ ձուկ փորձել, ապա գնացեք Սևան, որտեղ ձուկն ամենահամեղն են պատրաստում:
Հայկական ազգային ուտեստ № 4- Խաշ
Խաշը կարելի է անվանել ամենահայկական ուտեստը։ Այն պատրաստվում է տավարի տոտերից (ինչպես նաև խոզի կամ ոչխարի) և մատուցվում է սխտորով, չոր լավաշով, բողկով և օղիով: Չնայած պատրաստման բավականին բարդ և երկարատև գործընթացին՝ հայերը սիրով են խաշ պատրաստում։ Այն ուտում են ձմռանը՝ հիմնականում վաղ առավոտյան:
Հայկական ազգային ուտեստ № 5 - Հարիսա
Հարիսան շիլա է, որը պատրաստվում է մանրացված ցորենով և հավի, ոչխարի կամ տավարի մսով՝ կախված ընտանիքի նախասիրությունից։ Մատուցվում է տաք՝ վրան ավելացնելով մի կտոր կարագ։
Հայկական ազգային ուտեստ № 6 - Ավելուկ
Հայկական խոհանոցում շատ են խոտաբույսերով պատրաստվող ուտեստները, որոնցից ամենահայտնին և տարածվածը ավելուկն է։ Ավելուկով կարելի է պատրաստել և՛ ապուրներ, և՛ աղցաններ։ Խոտաբույսը լայնորեն կիրառվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։ Այնպես որ համտեսեք հայկական խոհանոցի բազմազան ուտեստները և անկասկած կբացահայտեք ձեզ համար նոր և սիրելի համեր։