Սյունիքի մարզում անցկացվող ամենամյա "Ոչխարների խուզման փառատոնին" կարող եք ականատես լինել ոչխարների խուզման հին ավանդույթին, որի արդյունքում ստացված բուրդը օգտագործվում էր գորգագործության կամ կենցաղի մեջ։ Սովորաբար մի ոչխարի խուզումը տևում է 25 րոպե, սակայն բուրդը շատ երկար ճանապարհ է անցնում նախքան գորգ դառնալը:
Փառատոնը համայնքային զարգացման և զբոսաշրջության խթանման նպատակ ունի։ Հայաստանում Նորվեգիայի թագավորության պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրեյթը՝ մասնակցելով 2014 թվականի փառատոնին ասել է, որ Սյունիքի գյուղերն ագրոզբոսաշրջության առումով զարգանալու հեռանկար ունեն և, ճիշտ աշխատանքի դեպքում, կարող են դառնալ Հայաստանում ագրոզբոսաշրջության այցեքարտը։
Փառատոնին կարող եք ականատես լինել ոչխարների խուզման մրցույթին, մասնակցել կազմակերպվող խաղերին, վայելել ազգային երգն ու պարը, ինչպես նաև մասնակցել ցուցահանդես-վաճառքին։
Այդ օրը տարբեր համայնքների տեղական արտադրողները և գյուղացիները ներկայացնում են իրենց արտադրանքը` տնական սննդամթերք, խմիչքներ, ձեռագործ հուշանվերներ և կենցաղային իրեր:
Ոչխար խուզելը հայտնի է ամբողջ աշխարհում (ԱՄՆ, Շոտլանդիա, Նոր Զելանդիա, Իռլանդիա)։ Սակայն Հայաստանում այս գործընթացի առանձնահատկությունն այն է, որ այստեղ դա անում են հատուկ ավանդական մկրատների օգնությամբ, այլ ոչ թե մեխանիկական սարքերով: