Ստեփանավանը գտնվում է Հայաստանի հյուսիսում և համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ տեղանքի չնաշխահիկ բնությանը։ Քաղաքը տեղակայված է Ձորագետի ափերին՝ Լոռու սարահարթում, և շրջապատված է Բազումի լեռներով։
Ստեփանավանը Լոռու մարզի գլխավոր քաղաքներից է: Այն գտնվում է Երևան-Թբիլիսի մայրուղու կենտրոնում՝ մայրաքաղաք Երևանից 139 կմ հյուսիս և մարզկենտրոն Վանաձորից՝ 24 կմ հեռավորության վրա: Քաղաքի բնակչությունը 13.086 մարդ է:
Ներկայիս Ստեփանավանի տարածքը բնակեցվել է հին ժամանակներից ի վեր՝ դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Քաղաքի արևմտյան մասում պահպանվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին պատկանող հին ամրոցի ավերակները:
Տարածաշրջանը Ուրարտու թագավորության մաս է դարձել մ.թ.ա. 8-6-րդ դարերի ընթացքում: Մ.թ.ա. 331 թվականին՝ Մեծ Հայքի Թագավորության հիմնադրմամբ, Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը:
Ստեփանավանը հիմնադրվել է 1810 թվականին և կոչվել է Ջալալօղլի (բառացիորեն նշանակում է «Ջալալի որդի»): Անվանվել է ի պատիվ քաղաքի հիմնադիր՝ իշխան Դավիթ Հասան-Ջալալյանի, ինչի մասին վկայում է Ստեփանավանում գտնվող գերեզմանատան հուշաքարը։ 1923-ին Ջալալօղլին վերանվանվել է Ստեփանավան՝ ի պատիվ բոլշևիկյան առաջնորդ Ստեփան Շահումյանի:
Քաղաքը շրջապատված է խիտ անտառներով և ալպյան մարգագետիններով, տարածաշրջանի կլիման չափավոր խոնավ է:
Ստեփանավանի ամենահայտնի վայրը բուսաբանական այգին է, որը գտնվում է քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Դենդրոպարկի տարածքը կազմում է շուրջ 35 հա և գտնվում է ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա: Այգին բնական անտառ է, որը ներառում է բազմաթիվ դեկորատիվ ծառեր և բույսեր, կրաքարի արահետներ և տարբեր վայրի բույսատեսակներ: Բույսերը հիմնականում բերվել են Երևանի բուսաբանական այգուց, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից:
Դենդրոպարկը տեղակայված է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի մոտ: Այգին հիմնել է լեհ ճարտարագետ և հայտնի անտառագետ Էդմունդ Լեոնովիչը 1931թվականին: Մինչև 1984 թվականը Էդմունդ Լեոնովիչը աշխատել է որպես դենդրոպարկի տնօրեն, այնուհետև այդ պաշտոնում նրան հաջորդել է որդին: 1998թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Ընդհանուր մակերեսի 17,5 հա-ը զբաղեցնում է բնական անտառը, 15 հա-ը՝ դեկորատիվ ծառերը:
Ստեփանավանի մյուս հայտնի վայրը Լոռի բերդն է, որը գտնվում է Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա: Լոռի բերդը կառուցված է բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը։ Ամրոցից դեպի կիրճ բացվող տեսարանը իսկապես աննկարագրելի և անմոռանալի է: