Երևանի կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգի

August 02, 2019

Եթե դուք սիրում եք կենդանիներին և նրանք ձեզ երջանկացնում են, ապա կարող եք այցելել Երևանի կենդանաբանական այգի, որն անշուշտ քաղաքի ամենահետաքրքիր վայրերից մեկն է։ 

Այգու պատմությունը


Երևանի կենդանաբանական այգին հիմնվել է 1940 թվականին և զբաղեցրել է ընդամենը 3 հա տարածք։ Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում կային միայն 2 տասնյակ կենդանիներ և թռչուններ, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող պետական կենդանաբանական ցուցահանդեսում:

Այժմ այգին զբաղեցնում է 8,5 հա տարածք, իսկ պահվող կենդանիների և թռչունների թիվը հասնում է շուրջ 183 տեսակի, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։

Երևանի կենդանաբանական այգու կենդանիները

Երևանի կենդանաբանական այգում պահվում են ոչ միայն հայկական բնաշխարհին բնորոշ կենդանիներ, թռչուններ և սողուններ, այլ նաև աշխարհի տարբեր մասերից բերված տեսակներ։ 

Երևանի կենդանաբանական այգում կենդանիները

Հարավային Կովկասը և Հայաստանը ներկայացնող կենդանիների տեսակները ներառում են վիպերներ, սիրիական գորշ արջեր, բեզոարյան այծեր, հայկական մուֆլոն, կարմիր եղջերու և սև անգղեր: Կենդանաբանական այգում կան նաև աֆրիկյան առյուծներ, զեբրեր, լամաներ, վագրեր (Բենգալյան և Սիբիրյան ենթատեսակներ), յագուարներ, ընձառյուծներ, գայլեր, Պրժևալսկու ձիեր, Դավթի եղջերուներ, գետաձիեր, խայտաբղետ բիեններ, ասիական սև արջեր, ուղտեր, կովկասյան աղվեսներ, կենգուրուներ և այլն:

Երևանի գազանանոցի ամենասիրված կենդանին հնդկական փիղն է, որը ծնվել է 2007 թվականին և բերվել է Երևան 2014-ին։ Փղիկն ունի շատ լավ բնավորություն և սիրում է շփվել այցելուների հետ։

Այստեղ բնակվում են նաև շատ թռչուններ՝ անգղեր, արծիվներ, ջայլամներ, բադեր, արագիլներ:  Երևանի կենդանաբանական այգին ունի նաև հատուկ անասնաբուժական կլինիկա՝ այգու բնակիչներին խնամելու համար:

Կենդանաբանական այգու բաժինները


Այգին ունի 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների, ինչպես նաև ակվատեռարիում, որտեղ հանգրվանել են օձերի, մողեսների, ձկների բազմաթիվ տեսակներ, չղջիկներ և հայկական միջերկրածովյան կրիաներ: 

Թռչունների բաժին

Թռչունների բաժինը ներառում է ավելի քան 350 տեսակի թռչուններ, որոնք պահանջում են հատուկ խնամք, ուշադրություն, սննդակարգ և կլիմայական պայմաններ:

Սմբակավոր կենդանիների բաժին

Այգում բնակվում են 27 տեսակի 100-ից ավել սմբակավոր կենդանիներ, որոնց մեջ նաև հայկական մուֆլոնը, որը բնաշխարհիկ տեսակ է և գտնվում է անհետացման վտանգի եզրին։  

Գիշատիչների բաժին


Երևանի կենդանաբանական այգում բնակվում են 33 տեսակի գիշատիչներ՝ առյուծներ, վագրեր, գայլազգիներ և այլն։ Մեծ գիշատիչները պահվում են հատուկ ազատավանդակներում, ինչը նրանց հնարավորություն է տալիս համեմատաբար ազատ տեղաշարժվել և այդքան բանտարկված չզգալ։

Ակվատեռարիումի բաժին
Այստեղ բնակվում է 20 օձ, տարբեր տեսակի մողեսներ, կրիաներ, 3 կոկորդիլոս և ավելի քան 77 տեսակի ձուկ:

Ժամանց Երևանի կենդանաբանական այգում


Երևանի կենդանաբանական այգում կարող եք ոչ միայն դիտել կենդանիներին, այլ նաև հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Այստեղ գործում է հիպոթերապիայի հատուկ կենտրոն, որտեղ կարող եք ձիավարել:

Այգու տարածքում կան սրճարաններ և ռեստորան, երեխաների համար՝ կարուսելներ և հետաքրքիր խաղահրապարակներ։
Եթե կունենաք հարցեր, ապա այստեղ գործում է հատուկ տեղեկատվական սեղան: Կարող եք նաև ձեր հարցերն ուղղել կենդանաբանական այգու աշխատակիցներին:

Այստեղ կազմակերպվում են հետաքրքիր և ուրախ միջոցառումներ, ինչպես երեխաների միջազգային օրը, պաղպաղակի օր, դդումի օր, համահայկական նկարչության օր և այլն:
Հատկապես մեծ արարողություն է կենդանաբանական այգու սեզոնի բացումը: 


Աշխատանքային ժամեր

Կենդանաբանական այգին գտնվում է Մյասնիկյան պողոտայի վրա։ Այգին բաց է ամեն օր ժամը 10։00-17։00՝ բացառությամբ երկուշաբթի օրերի: Երկուշաբթի այն աշխատում է առավոտյան 11-ից։ 


Երևանի կենդանաբանական այգու տոմսերը

Երևանի կենդանաբանական այգու մուտքի վճարը տատանվում է՝ կախված այցելության օրից և այցելուների տարիքից: Մուտքն անվճար է մինչև 3 տարեկան երեխաների և 70-ից բարձր այցելուների համար:

Աշխատանքային օրերին 3-15 տարեկանների մուտքը 500 դրամ է, իսկ շաբաթ-կիրակի՝ 600դր։ 16-69 տարեկան այցելուների մուտքը աշխատանքային օրերին 800 դր է, շաբաթ-կիրակի՝ 1200դր։ 
Կարող եք նաև ձեռք բերել ընտանեկան փաթեթ կամ բաժանորդատոմս՝ 12 ամիս ժամկետով։ 

Ամփոփում 

Անշուշտ, Դուք կվայելեք ձեր այցելությունը Երևանի կենդանաբանական այգի։ Շփումը կենդանիների հետ և այգու ուրախ մթնոլորտը կվերադարձնեն ձեզ մանկություն, իսկ երեխաներին կպարգևեն լուսավոր և անմոռանալի հիշողություններ։ 
 

Ձեզ կհետաքրքրի նաև