«Թարս և Շիտակ» թանգարան

«Թարս և Շիտակ» թանգարան

Գյումրիի ամենատարբերվող թանգարաններից մեկը՝ «Թարս ու Շիտակ» թանգարանը, հայտնի է իր յուրահատուկ անվամբ և ցուցադրության ձևով։ Անվանումը գալիս է կյանքի «թարս ու շիտակ» դասավորվածության գաղափարից, որը հենց թանգարանի ներսում էլ կարելի է տեսնել։

Թանգարանը տեղակայված է 1900-ականների կառույցում, որտեղ պահպանվում են 1890-ականներից մինչև ԽՍՀՄ տարիների հնաոճ իրեր։ Թանգարանի առանձնահատկությունն այն է, որ իրերի մի մասը կախված են առաստաղից, առաստաղը փայտից է, ինչը հնարավորություն է տալիս հին իրերին ամուր մնալ իրենց տեղում։ Այստեղ կարելի է տեսնել հին հեռախոսներ, պահարաններ, մահճակալներ, սառնարաններ, ժամացույցներ, նկարներ, սպասք և կենցաղային այլ իրեր։

Թանգարանի հիմնադիրն է գինեգործ Ցոլակ Վարդանյանը։ Սկզբում տարածքը նախատեսված էր որպես գինու համտեսի վայր, սակայն ժամանակի ընթացքում գաղափարը ընդլայնվեց և վերածվեց թանգարանի։ Այսօր թանգարանն ունի 4 սրահ, իսկ վերջին սրահում այցելուներին հյուրասիրում են չամիչի տնական գինի։

Թանգարանի շենքն ունի նաև իր պատմությունը։ Տարածքը ժամանակին պատկանել է հայտնի վաճառական Տեր Մարտիրոսյանին, ով ռուսական ցար Նիկոլայից ստացել է հատուկ հավաստագիր։ Դրա մասին վկայում է տան կամարի վրա պահպանված քանդակը, որը թանգարանի այցելությանը հաղորդում է նաև պատմական հետաքրքրություն։

Աշխատանքային ժամեր

Թանգարանը բաց է.

Երեքշաբթիից Շաբաթ 11:00-19:00

Մուտքը՝ 1200 դրամ:



Քարտեզ