Արտաշատ քաղաքը գտնվում է Արարատյան հարթավայրում, Արաքս գետի ափին: Այն Արարատի մարզի վարչական կենտրոնն է, գտնվում է Երևանից 30 կմ հարավ-արևելք: Արտաշատը հիմնադրվել է 1945թ․-ին Խորհրդային Հայաստանում և անվանվել պատմական Արտաշատ մայրաքաղաքի անունով, որը գտնվել է ներկայիս քաղաքից ոչ հեռու:
Արտաշատը Հայաստանի ամենահին քաղաքներից է: Մոտ չորս տասնամյակ քաղաքը եղել է հին Հայաստանի մայրաքաղաքը: Այն հիմնվել է մ.թ.ա. 176 թվականին Արտաշես Ա արքայի կողմից և հայտնի է եղել որպես «Ոստան Հայոց» կամ «թագավորանիստ քաղաք»:
Հին քաղաքի ավերակները գտնվում են ներկայիս Արտաշատից ոչ հեռու: Մերօրյա Արտաշատի ամենահայտնի հուշարձանը Հայոց թագավոր Արտաշես 1-ինի արձանն է:
Արտաշես թագավորը կառուցել էր նաև միջնաբերդ, որը հետագայում անվանվել է Խոր Վիրապ: Այստեղ Գրիգոր Լուսավորիչը՝ Տրդատ 3-րդ թագավորի հրամանով, անց է կացրել իր բանտարկության 14 տարիները: Այսդտեղ կտեսնեք այն բանտափոսը, որտեղ տառապանքներ է կրել Սուրբ Գրիգորը:
Խոր Վիրապի վանքը հայկական ճարտարապետության հիանալի օրինակներից է: Այստեղից սքանչելի տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտը և բիբլիական Արարատ լեռը:
Քաղաքի ամենահայտնի վայրերից մեկը Արտաշատի լիճն է: Բնակիչները սիրում են այս լիճը և հավանաբար կհրավիրեն ձեզ այստեղ զբոսանքի: Նրանք նաև ցույց կտան ձեզ քաղաքի ամենագեղեցիկ շինությունը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցվել է 2015 թվականին: Մինչ այդ քաղաքում եկեղեցի չկար, փոխարենը մի փոքրիկ մատուռ էր, որը մինչ այսօր էլ տեղացիների սիրված վայրերից է:
Արտաշատի մշակութային կյանքը զարգանում է մի շարք հաստատությունների գործունեության շնորհիվ: Քաղաքում գործում է մշակույթի պալատ, Շառլ Ազնավուրի անվան արվեստի կենտրոնը, Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը (որը պարբերաբար ներկայացնում է մի շարք հայկական և միջազգային, դասական և ժամանակակից գործեր), և Օհան Չուբարյանի անվան հանրային գրադարանը՝ բացված 1948 թվականին:
2004-ին Արտաշատի կենտրոնում բացվել է ժամանցի պուրակ, որտեղ անց են կացվում հանրային տոնակատարություններ, համերգներ և երաժշտական ներկայացումներ: Այնպես որ, Արտաշատում դուք կգտնեք ժամանակ անցկացնելու տարբեր հնարավորություններ: