Երևանը Հայաստանի սիրտն է, որի պատմությունը ձգվում է ավելի քան 2800 տարի։ Չնայած տարիքին՝ քաղաքը գնալով կարծես թե ավելի է երիտասարդանում։ Բավական է մեկ անգամ այցելել Երևան, և դուք միշտ կերազեք հետ վերադառնալու մասին։ Այլ մայրաքաղաքների համեմատությամբ՝ Երևանը շատ մեծ չէ, սակայն կիսում է մայրաքաղաքներին հատուկ շատ հատկանիշներ։ Այստեղ շատ են հին և նոր շենքերը, ռեստորանները, սրճարանները, բարերը, փաբերը, թանգարանները և թատրոնները։ Քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված են ավելի քան 40 զբոսայգիներ։
Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի անվան պուրակը գտնվում է Երևանի Կենտրոնում՝ օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ՝ Ֆրանսիայի հրապարակին կից։ Պուրակի կենտրոնում կանգնած է Մարտիրոս Սարյանի մարմարյա արձանը։ Արձանի բարձրությունը 6 մետր է, կենտրոնից ձախ փորագրված է նկարչի ստորագրությունը։ Հուշարձանի հեղինակները քանդակագործ Լևոն Թոքմաջյանը և ճարտարապետ Արթուր Թարխանյանն է (1986թ)։ Հայերը նշանավոր նկարչին հպարտությամբ անվանում են «գույների մեծ վարպետ»։
Գիտե՞ք արդյոք ինչու է անհրաժեշտ այցելել այս այգին։ Սարյանի պուրակը տարբերվում է Երևանի բոլոր այգիներից։ Պատկերացրեք բացօթյա պատկերասրահ քաղաքի հենց սրտում։ Այս փոքրիկ այգին հնարավոր չէ կտրել-անցնել մի քանի րոպեում, որովհետև շուրջ բոլորը ցուցադրված են ժամանակակից հայ նկարիչների աշխատանքները։ Ամեն օր քաղաքի նկարիչները հավաքվում են այս գողտրիկ պուրակում և ներկայացնում իրենց վերջին գործերը։ Այգում տիրում է յուրահատուկ արվեստի մթնորորտ, որ չես գտնի քաղաքի ոչ մի ուրիշ անկյունում։
Այստեղ տեղադրված են բազմաթիվ հարմարավետ նստարաններ և դուք կարող եք երկար նստել, դիտել նկարներն ու վայելել մթնոլորտը։ Այգում է գտնվում նաև «Տղամարդիկ» արձանախումբը (քանդակագործ՝ Դավիթ Մինասյան, 2007), որը նվիրված է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի 75-ամյակին և նրա հանրահայտ ֆիլմի 35-ամյակին։ Արձանի տեղադրումը կազմակերպվել է ռեժիսորի որդիների կողմից և կանգնեցվել է այնտեղ, որտեղ նկարահանվել է «Տղամարդիկ» ֆիլմը։
Սարյանի այգու շուրջը գործում են նաև բացօթյա սրճարաններ, որտեղ կզգաք հին, սակայն երիտասարդ քաղաքի շունչը և, միգուցե, կնշեք նոր նկարի ձեռքբերումը։