Խաղողօրհնեք

Խաղողօրհնեք

September 18, 2017

Հայերն ասում են, որ «օրհնված խաղողն ավելի համեղ է»: Խաղողի օրհնությունը հին ժողովրդական ավանդույթ է: 

Տոնը նվիրված է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխմանը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ըստ լեգենդի՝ Սուրբ Մարիամը Հիսուսի խաչելությունից հետո ապրում էր Երուսաղեմում: Քրիստոսի համբարձումից 12 տարի անց Գաբրիել հրեշտակապետը գալիս է Սբ. Մարիամի մոտ և հայտնում նրան երկրից երկինք փոխման ավետիսը։

Խաղողօրհնեք

Աստվածածինն այս լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա Ս. Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Հայ եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը, օգոստոսին: Տոնն առանձնահատուկ է, քանի որ պատարագից հետո տեղի է ունենում խաղողի օրհնության արարողությունը։

Արարողության համար խաղողի ընտրությունը մեկնաբանվում է նրանով, որ խաղողը միակ պտուղն է, որն օգտագործվել է գինեգործության համար, իսկ գինին խորհրդանշում է Քրիստոսի արյունը: 

Քահանաներն ասում են, որ օրհնելով խաղողը` նրանք օրհնում են նաև ամբողջ աշխարհի բերքն ու բարիքը: 

Համարվում է, որ խաղող պետք չէ ուտել մինչև խաղողօրհներքը։ Եկեղեցական արարողությունից հետո մարդիկ օրհնված խաղող են տուն տանում և ճաշակում։ Սկսվում է խաղողի բերքահավաքը և գինու պատրաստման գործընթացը։ 

 

Ձեզ կհետաքրքրի նաև