Խորովածի փառատոն

Խորովածի փառատոն

February 12, 2020

Խորովածն այնքան սիրված և տարածված է Հայաստանում, որ նույնիսկ անցկացվում է խորովածի փառատոն Ախթալայում։ 

Մենք՝ հայերս, խորոված պատրաստում ենք բոլոր տոնական առիթներով՝ լինի դա Ամանոր, ծննդյան տոն, հարսանիք, թե պարզապես ընկերական խնջույք։ 

Որպես կանոն խորովածի պատրաստությունը վստահում են տղամարդկանց, իսկ կանայք այդ օրը օգնականի դերում են։ Հայ տղամարդիկ մեծամասամբ վստահ են, որ ամենահամեղ խորովածն իրենք են պատրաստում և հպարտությամբ հյուրասիրում են իրենց հյուրերին և, իհարկե, չեն մոռանում կիսվել ճիշտ խորոված պատրաստելու իրենց հատուկ գաղտնիքներով։ 

Խորովածի փառատոնի նպատակն է հայկական խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալա քաղաքում զբոսաշրջության խթանումը: Ախթալան գտնվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորից 62 կմ հյուսիս: Քաղաքը հայտնի է 10-րդ դարի լավ պահպանված վանական համալիրով։

Խորովածի պատրաստումը հեշտ գործ չէ և պահանջում է հատուկ ծիսակարգ։ Ավանդական հայկական խորովածը պատրաստվում է խոզի, գառի, տավարի կամ հավի մսով՝ համեմված տարբեր տեսակի համեմունքներով:

Խորովածի փառատոն

Երբ խորովածն արդեն պատրաստ է, այն վերցնում են կրակից և լցնում մեծ կաթսայի մեջ, որի հատակին արդեն փռված է լինում լավաշի 2-3 շերտ և մաքրած սոխի շրջանակներ։ Խորոված միսը լցնում են ամանի մեջ և վրայից ևս ծածկում լավաշով։ 

Կաթսան ծածկում են և թողնում մի քանի րոպե, որպեսզի այն հանգստանա և համերն ու հոտերը խառնվեն։ Շատերը համարում են, որ խորովածի ամենահամեղ մասը լավաշն է, որով խորովածը կաթսայի մեջ փաթաթված է լինում։ Այնպես որ, աշխատեք այդ լավաշից մի կտոր անպայման փորձել, քանի որ այն սեղանին երկար չի մնում։ 
Բուսակերները կարող են ուտել բանջարեղենային խորովածը (սմբուկ, քաղցր և կծու բիբար, լոլիկ), որը սովորաբար մատուցվում է ավանդական մսի խորովածի հետ։ 

Փառատոնի ժամանակ տարբեր ընկերությունների, ռեստորանների, և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև առանձին ​​խոհարարներ Հայաստանի շրջաններից և տարբեր երկրներից, ներկայացնում են իրենց պատրաստած խորովածը և հյուրասիրում փառատոնի մասնակիցներին: Կազմակերպիչները խոհարարական տարբեր մրցույթներ են անցկացնում: 

Խորովածի փառատոնն ուղեկցվում է հայկական ավանդական երգ ու պարով, համերգային ծրագրով։ 
2017 թվականին կազմակերպիչները Ախթալան հայտարարեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք:

Այս տոնի նպատակը միայն միս ուտելը չէ, այլ նաև միասին հավաքվելը բնության գրկում, ուրախ տրամադրությամբ կիսվելը և օրը տոն դարձնելը։
 

Armenia Discovery

Article by Armenia Discovery

You may also be interested in

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
March 16, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Continue Reading
Հայոց թագուհիներ
April 15, 2021 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Continue Reading
Աշխարհի ամենահարուստ հայերը
December 21, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Continue Reading