Ախթալա, Լոռու մարզ
Ախթալայի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ախթալա գյուղում, կառուցվել է 10-րդ դարում՝ Կյուրիկյան իշխանների կողմից: Ախթալայի ամրոցը կանգնած է բարձրադիր հրվարդանի վրա և երեք կողմից պաշտպանված է ժայռապատ ձորերով։ Ամրոցի մուտքը պաշտպանված է պարիսպներով և եռահարկ կոնաձև աշտարակով։
1180-ականներին տարածաշրջանը պատկանում էր Իվանե Զաքարյան իշխանին, որն ընդունելով բյուզանդական ուղղափառությունը՝ քաղկեդոնությունը, վանքը վերածում է քաղկեդոնական մենաստանի։
Ախթալայի վանական համալիրում միահյուսված են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Վանքի գլխավոր եկեղեցին Սբ․ Աստվածածինն է։
Սբ․ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հրաշալի պահպանված որմնանկարներով, որոնք արվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվել է քաղկեդոնականի։ Որմնանկարների գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչությանը։Արձանագրություններն արված են հունարեն կամ վրացերեն։ Գլխավոր եկեղեցու կողքին կանգուն է 13-րդ դարի միանավ թաղածածկ եկեղեցին։
Սբ Աստվածածին եկեղեցուց դեպի հյուսիս բնակելի եւ տնտեսական շինություններ են եղել, որոնցից պահպանվել են կրկնահարկ կառույցի (հնարավոր է՝ մենաստանի կամ սեղանատան) պատերը։ Համալիրի բակում առանձին կանգնած է Զաքարյանների դամբարան-մատուռը։