Մեծամորը փոքրիկ քաղաք է Հայաստանի Արմավիրի մարզում: Այն գտնվում է Հայաստանի արևմուտքում՝ Արարատյան դաշտում, մայրաքաղաք Երևանից 35 կմ արևմուտք և Արմավիրի մարզկենտրոնից` 6 կմ արևելք: Մեծամորի բնակչությունը կազմում է շուրջ 8000 մարդ: Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 855 մ է:
Քաղաքի բնակելի տարածքից 4 կմ դեպի հյուսիս տեղակայված է Մեծամորի ատոմակայանը, որը միակն է Անդրկովկասի տարածաշրջանում:
Բնակավայրի շինարարությունը սկսվել է 1969 թվականին: Քաղաքը անվանակոչվել է Մեծամորի մոտակա գետի անունով: Անվանումը ծագում է երկու հայերեն «մեծ» և «մոր» բառերից, որը հավանաբար վերաբերում է Կույս Մարիամին:
Քաղաքը հիմնադրվել է որպես Մեծամորի ատոմակայանի աշխատակիցների բնակելի ավան: 1972-ին այն ստացել է քաղաքային բնակավայրի կարգավիճակ: Քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Մարտին Միքայելյանը:
Սպիտակի ուժգին երկրաշարժից հետո՝ 1989 թվականին, ատոմակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը: Այժմ Մեծամորի ավտոմակայանը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը:
Քաղաքը կառուցված է պատմական Հայաստանի ամենահին բնակավայրերի տարածքում: Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանը մշակութային մեծ հուշարձան է, որը բացվել է 1968 թ.:
Պեղումների արդյունքում հայտնաբերված նմուշները պատկանում են բրոնզե և երկաթի դարերին: Գիտնականները պարզել են, որ մ.թ.ա. IV-II հազարամյակներում Մեծամորը խոշոր բնակատեղի էր, որն ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ և նույնիսկ աստղադիտարան:
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին գտնվում է քաղաքից 4 կմ հարավ-արևելք` Տարոնիկ գյուղի մոտակայքում: Մեծամորի պատմա-հնագիտական թանգարան-արգելոցում պեղվել և ցուցադրվել են ավելի քան 27.000 արժեքավոր գտածոներ:
Քաղաքն ունի կենտրոնական այգի, մշակութային տուն, փոստային բաժանմունք, հանրային գրադարան և երաժշտական դպրոց: 2005 թվականին Մեծամորում կառուցվեց Սուրբ Ղազար եկեղեցին: