Քաջարանը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում։ Քաղաքը Երևանից 356 կմ, իսկ մարզկենտրոն Կապանից՝ 25 կմ հեռավորության վրա է։ Այն գտնվում է Հայաստան-Իրան սահմանից ընդամենը 50 կմ-ի վրա:
Քաջարանը տեղակայված է Ողջի գետի ափին, Զանգեզուրի լեռների և Մեղրիի լեռնաշղթայի միջև: Տարածաշրջանի ամենաբարձր գագաթը Կապուտջուղն է, որն ունի 3905 մ բարձրություն և գտնվում է Քաջարանի արևմուտքում:
Քաղաքը պաշտոնապես անվանվել է քաջարան 20-րդ դարում և նշանակում է «քաջերի քաղաք»: Այս տարածաշրջանը բնակեցվել է դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, ինչի մասին վկայում են այստեղ հայտնաբերված հեթանոսական տաճարի ավերակները:
Մարզը հարուստ է հանքային ռեսուրսներով (քար և հանքաքար, մոլիբդենիտ, պղինձ, ոսկի, արծաթ և այլն): 1930 թվականին տարածքում հայտնաբերվեցին պղնձի խոշոր հանքավայրեր, և Խորհրդային կառավարությունը որոշեց այստեղ կառուցել պղնձամոլիբդենային մեծ գործարան:
1951թվականին արտադրական գործընթացը կազմակերպելու համար ստեղծվեց Զանգեզուրի պետական սեփականություն հանդիսացող հանքարդյունաբերական ընկերությունը, որը դարձավ Խորհրդային Միության խոշորագույն ընկերություններից մեկը: 2004-ին արտադրությունը վերագործարկվեց, և այժմ այն հանդիսանում է Հայաստանի խոշոր արդյունաբերական ընկերություններից մեկը:
Քաղաքի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից են բրոնզե դարաշրջանի Նապատ ամրոցը, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակով և գտնվում է քաղաքից 4 կմ արևմուտք, Բաղաբերդի ամրոցը և միջնադարյան գերեզմանատունը քաղաքի արևելյան եզրին:
Քաջարանն ունի նաև մի փոքրիկ եկեղեցի, որը կառուցվել է 1912 թ.-ին՝ միջնադարյան եկեղեցու հիմքերի վրա: Քաղաքն ունի մշակութային կենտրոն, հանրային գրադարան և երեխաների համար նախատեսված արվեստի դպրոց: