Կապանը Սյունիքի մարզի վարչական կենտրոնն է: Գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Խուստուփ լեռան և Ողջի գետի մոտակայքում: Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 5-րդ դարում։ 10-րդ դարում այն դարձել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: «Կապան» նշանակում է «կիրճ» կամ «լեռնանցք»:
Խուստուփ լեռը կանգնած է Կապան քաղաքից հարավ: Քաղաքի և լեռան համայնապատկերը աննկարագրելի գեղատեսիլ է:
Կապանը և հարակից տարածքները հարուստ են պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ կարելի է այցելել «Բաղաբերդ» ամրոցը, որը կառուցվել է 4-րդ դարում և հայտնի է նաև որպես Դավիթ Բեկի ամրոց: Բաղաբերդը ծառայել է որպես ամրոց 4-12-րդ դդ․ ընթացքում: Այն տեղակայված է Կապան քաղաքից ոչ հեռու գտնվող բլրի գագաթին՝ 1.438 մ բարձրության վրա:
Ըստ լեգենդի՝ Բաղաբերդը կախովի կամրջով կապված է եղել դիմացի ժայռին բարձրացող մեկ այլ ամրոցի հետ, իսկ օդային ճանապարհի մուտքը պաշտպանվել է հսկայական դռնով։ Կապանի գոհարներից է նաև Հալիձորի ամրոցը, որը կառուցվել է 17-րդ դարում և հայտնի է եղել որպես անառիկ ամրոց և կրոնական համալիր։
Այստեղ է գտնվում նաև Շիկահողի ազգային արգելոցը: Այն հիմնադրվել է 1958-ին՝ շրջանի անտառներն ու կենդանիներին պաշտպանելու նպատակով: Արգելոցի բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Շիկահողի տարածքը կազմում է շուրջ 12137 հա: Արգելոցի տարածքում շատ են լեռնային առուները և հանքային աղբյուրները: Այստեղ է գտնվում նաև մի շատ գեղեցիկ միջնադարյան կամուրջ:
Քաղաքից ընդամենը 5 կմ դեպի արևմուտք Վահանավանքն է: Այն պատկանում է 10-11-րդ դարերին և գտնվում է Տիգրանասար լեռան գագաթին: Վանքի շրջակայքը շատ գեղատեսիլ է: Կապանից ոչ հեռու Երիցավանքի եկեղեցին է (5-11դդ․):
Կապան քաղաքում կարող եք այցելել Բաղբուրջի հուշահամալիր՝ նվիրված Սումգայիթի և Բաքվի, Հայոց ցեղասպանության և Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին: Համալիրը ներառում է նաև Արցախյան ազատամարտում զոհված կապանցի հայորդիների եղբայրական գերեզմանոցը:
Հրաշալի բնություն, ժայռոտ լեռներ, մաքուր օդ, պատմական հուշարձաններ, ամրոցներ և այլ հետաքրքիր վայրեր․ ահա թե ինչ կարող եք գտնել Կապանում: