Հայաստանի տեսարժան վայրերը

Հայաստանի տեսարժան վայրերը

Թարմացված է Հունիս 18, 2026

Եթե ուզում եք բացահայտել Հայաստանի տեսարժան վայրերը, ճանաչել մշակույթն ու պատմությունը, ուրեմն սկսեք այս 5 պատմական վայրից։ Ինչու՞․ որովհետև դրանք առանձնահատուկ դեր են ունեցել հայոց պատմության տարբեր շրջաններում։

Այս վայրերից յուրաքանչյուն իր մեջ հազարամյակների մի ամբողջ պատմություն է թաքցնում։ Երբ այցելեք նրանցից յուրաքանչյուրը, պարզապես մի զբոսնեք։ Կարդացեք նրանց պատմությունը, ուշադիր լսեք գիդին, փակեք աչքերն ու Ձեր մտքերում հայտնվեք այն ժամանակահատվածում, երբ այդ վայրերում եռացել է կյանքը։ Դա այնքան հետաքրքրիր է։

Դե ինչ, սկսեցինք։

Գառնիի տաճար

Անշուշտ գիտեք, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Սակայն ինչպիսի՞ն էր այն մինչև քրիստոնեությունը։ Եթե կարծում եք, թե չի պահպանվել շոշափելի ոչինչ, ինչը կօգներ մեզ պատկերացում կազմել հեթանոս Հայաստանի մասին, ապա սխալվում եք։ Պահպանվել է Գառնիի հոյակերտ հեթանոսական տաճարը, որը կօգնի ձեզ տեղափոխվել առեղծվածային նախաքրիստոնեական Հայաստան։

Գառնիի տաճար

Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել է Ք․ա․ 2-րդ դարում։ Այն գտնվում է Կոտայքի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 30 կմ հեռավորության վրա։ 

Տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Այն հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ շինություն է՝ կառուցված Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, գլխավոր մուտքի դիմաց ինը խոշոր քարե աստիճաններով սանդուղք է։

Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը։ Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

Խոր Վիրապ

Խոր Վիրապի հետ է կապված Հայաստանում քրիստոնեության՝ որպես պետական կրոնի ընդունման պատմությունը։  Խոր Վիրապը միջնաբերդ էր, որը ծառայում էր որպես արքունական բանտ: «Վիրապ»-ը օձերով և կարիճներով լի փոս էր, ուր նետում էին մահվան դատապարտվածներին:

Հայոց արքա Տրդատ 3-րդը Խոր Վիրապի հորն է նետում Գրիգոր Լուսավորիչին՝ Հայաստանում քրիստոնեություն քարոզելու համար: Գրիգորը 13 տարի անց է կացնում օձերով և կարիճներով լի փոսում և փրկվում է շնորհիվ քրիստոնյա մի կնոջ, որը նրան գաղտնի հաց և ջուր էր բերում:

Մինչդեռ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված էր, մայրապետ Գայանեի և կույս Հռիփսիմեի հետ Հայաստան են գալիս քրիստոնյա միանձնուհիներ՝ Հայաստանում քրիստոնեություն տարածելու նպատակով։ 

Խոր Վիրապ

Հռիփսիմեն շատ գեղեցիկ էր, և Տրդատ III-ը սիրահարվելով նրան՝ առաջարկում է ամուսնանալ: Օրիորդը մերժում է թագավորին, և վիրավորված Տրդատը հրամայում է գտնել և սպանել բոլոր միանձնուհիներին: Գեղեցկուհի Հռիփսիմեն խոշտանգվում և նահատակում է միանձնուհիների հետ միասին:

Նրանց սպանությունից հետո Տրդատ թագավորը հիվանդանում է մոլագարությամբ։ Թագավորի քույր Խոսրովդուխտը երազ է տեսնում, որում նրան ասվում է, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։  Հրաշքով կենդանի մնացած Գրիգորին տանում են թագավորի մոտ, որին նա բուժում է՝ աղոթելով և քրիստոնեություն քարոզելով: Տրդատը մկրտվում է, և 301 թվականին քրիստոնեությունը հռչակում Հայաստանի պետական կրոն: 

Տաթևի վանք

Տաթևի վանքը Հայաստանի տեսարժան վայրերի գլխավոր գեղեցկուհին է, որն անպայման անհրաժեշտ է այցելել։ Լինել Հայաստանում և չգնալ Տաթև, նույնն է ինչ լինել Ֆրանսիայում և չտեսնել Էյֆելյան աշտարակը։ Վանական համալիրը կանգնած է խորը կիրճի եզրին և, առաջին իսկ հայացքից, հիացմունք ու ակնածանք է առաջացնում իր վեհաշուք տեսքով և անառիկ դիրքով։ 

Տաթևը տեղակայված է Հայաստանի հարավում՝ Գորիսի մարզում։ Գտնվում է Երևանից 314 կմ հեռավորության վրա։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 895 թվականին՝ Հովհաննես եպիսկոպոսի կողմից և Սյունյաց իշխաններ Գրիգոր Սուփանի և Ձագիկի աջակցությամբ: «Գավազան» հուշարձանը կառուցվել է 906-ին: Դա ճոճվող հուշասյուն է, որը տատանվում է երկրի աննշան ցնցումներից՝ նախազգուշացնելով երկրաշարժերի վտանգի մասին։

Տաթևի վանք

Համալիրը ներառում է երեք եկեղեցիներ՝ Պողոս-Պետրոս տաճարը, Սուրբ Աստվածածինը և Սուրբ Գրիգորը, ինչպես նաև Գրիգոր Տաթևացու դամբարանը և այլ պատմական շինություններ:

Հանդիպակաց սարից դեպի վանք տանող «Տաթևի թևեր» կոչվող ռեկորդակիր ճոպանուղին կտանի ձեզ Որոտանի գեղատեսիլ կիրճի վրայով՝ հնարավորություն տալով ըմբոշխնել գեղատեսիլ բնությունը և վանքի շքեղ տեսքը։ Ճոպանուղու երկարությունը 5752 մ է, իսկ ուղևորությունը տևում է 12 րոպե, որի ընթացքում աուդիո-գիդը ձեզ կպատմի Տաթևի վանքի պատմությունը։

Արենիի քարանձավները

2007 թվականին հայ և իռլանդացի հնագետները Հայաստանում հայտնաբերեցին աշխարհի ամենահին գինեգործարանը, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ: Արենին հայտնի է որպես Հայաստանի գինեգործական գլխավոր շրջաններից մեկը, որտեղ, փաստորեն, գինեգործությամբ զբաղվել են դեռևս 6000 տարի առաջ։

Արենիի քարանձավները

Արենիի քարանձավներն այժմ դարձել են համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայր, որտեղ կարելի է տեսնել պեղումների արդյունքում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկը (5500 տարեկան), կավե անոթներ, գործվածքներ, բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, ինչպես նաև գինու խմորման անոթներ: Այստեղ հայնաբերվել են նաև 6000 տարվա վաղեմություն ունեցող մումիֆիկացված աճյուններ։

Ամբերդ

Ամբերդը 7-րդ դարի ամրոց է, որը գտնվում է Արագած լեռան ստորոտին։ Այստեղ բերդաքաղաք է եղել ավելի վաղ ժամանակներից, սակայն ներկայիս տեսքով այն կառուցվել է 7-րդ դարում՝ Կամսարյան իշխանների կողմից։

Այն եղել է հայոց թագավորների ու իշխանների ամառային նստավայրը։ 8-րդ դարում ամրոցն անցել է Բագրատունիների տոհմին՝ դառնալով նրանց թագավորության կարևորագույն ռազմական հենարաններից մեկը։ 10-րդ դ. սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։

1026 թ. իշխան Վահրամ Պահլավունին այստեղ կառուցում է Սբ․ Աստվածածին եկեղեցին, ամրացնում ամրոցի պատերը և պարիսպի վրա երեք աշտարակներ ավելացնում։ 1070-ական թթ. սելջուկները գրավում են Ամբերդը և վերածում այն զորակայանի։

Ամբերդ

Այնուամենայնիվ, 1196-ին հայ-վրացական միացյալ զորքերը՝ իշխան Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ, ազատագրում են ամրոցը, ինչպես նաև Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ 12-13-րդ դարերում՝ Զաքարյանների իշխանության ընթացքում, Ամբերդն ամրացվում է, իսկ դղյակն ու այլ շինությունները` վերանորոգվում։

Երբ նայում ես այս հնամյա ամրոցին, մտովի տեղափոխվում ես հեռավոր անցյալ, պատկերացնում թագավորներին, որ ապրել և շրջել են այս վայրերով, մտածում այստեղ տեղի ունեցած կատաղի մարտերի մասին և զգում ես ժամանակների առեղծվածային շունչն ու ոգին։  

Եթե Հայաստանում եք լինելու առնվազը 5 օր, աշխատեք այցելել բոլոր այս նշված վայերը, որոնք ձեզ կտեղափոխեն տարբեր ժամանակաշրջաններ և կպատմեն կարևոր պատմական իրադարձությունների մասին։

Armenia Discovery
Ստեղծված է Մայիս 17, 2018 / Թարմացված է Հունիս 18, 2026

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Հունիս 18, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Ինչպես պլանավորել ձեր առաջին ուղևորությունը Մեծ Բրիտանիայից դեպի Հայաստան
Հունիս 18, 2026 Ինչպես պլանավորել ձեր առաջին ուղևորությունը Մեծ Բրիտանիայից դեպի Հայաստան

Հայաստանը չափազանց թերագնահատված հանգստավայր է։ Այստեղ շատ բան կա տեսնելու և անելու՝ լինի Սևան լճի շուրջը գտնվող վանքերի խիստ գեղեցկությունը, թե յոթերորդ դարի ավերված Ամբերդ ամրոցը։ Հայաստանը դարերի պատմությամբ լեցուն երկիր է։ Եթե պլանավորում եք այցելել...

Շարունակել
Ինչպես պլանավորել ձեր ուղևորությունը Նյու Յորքից դեպի Հայաստան
Հունիս 18, 2026 Ինչպես պլանավորել ձեր ուղևորությունը Նյու Յորքից դեպի Հայաստան

Հայաստանը, հավանաբար, առաջին հերթին մտքովդ չի անցնում, երբ պլանավորում ես հաջորդ արձակուրդդ, սակայն այս անհավանական երկիրը դառնում է ավելի գրավիչ միջազգային զբոսաշրջիկների համար։ Երկիրը ունի հետաքրքիր մշակութային ժառանգություն և բնության գեղեցկություն, որը երևում է ամեն քայլափոխի։...

Շարունակել
Պլանավորել ուղևորություն