Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյան

August 21, 2020

Երբևէ երազե՞լ եք «Ավրորա» մրցանակի մասին։ Իսկ գիտե՞ք, որ Ավրորա մարդասիրական մրցանակի համահիմնադիրներից մեկը հայ է։

Այդ հայը Ռուբեն Վարդանյանն է՝ գործարար, նախաձեռնող, տարբեր խոշոր կազմակերպությունների հիմնադիր և համահիմնադիր։ Փորձենք ավելին պարզել այս հաջողակ հայի և նրա կարիերայի մասին։

Ռուբեն Վարդանյանի կյանքը

Ռուբեն Վարդանյանի կյանքը

Վարդանյանը ծնվել է 1968 թ. մայիսի 25-ին, Երևանում: Նա ավարտել է դպրոցը ոսկե մեդալով, այնուհետև դարձել Սովետական ​​բանակի զինվոր: Ծառայությունից հետո ընդունվել է Մոսկվայի պետական ​​համալսարան և սովորել տնտեսագիտություն:

ԱՄՆ-ում մասնակցել է զարգացող շուկաներին վերաբերող դասընթացների, սովորել է բիզնեսի բարձրագույն դպրոցներում։ Ավելի ուշ իր կարիերայում Վարդանյանն օգտագործել է ձեռք բերած բոլոր գիտելիքներն ու հմտությունները: Գուցե և հենց դա է նրա հաջողության գաղտնիքը:

Ռուբեն Վարդանյանի կարիերան

Իր կարիերայի ընթացքում Ռուբեն Վարդանյանը ղեկավարել է ռուսաստանյան մի շարք խոշոր կազմակերպություններ: Տարբեր ժամանակահատվածներում եղել է ռուսաստանյան արժեթղթերի շուկայի ենթակառուցվածք կազմող և դրա աշխատանքը կարգավորող կազմակերպությունների խորհուրդների կազմում։

1991 թվակակին հիմնադրված «Տրոյկա Դիալոգ» բրոքերական ընկերությունում աշխատել է որպես փորձագետ, իսկ 1992-ից ղեկավարել է ընկերությունը՝ զբաղեցնելով տնօրենի պաշտոնը։ 2012 թվականին ընկերությունը վաճառվել է Սբերբանկին։ Ի դեպ, որոշ ժամանակ Վարդանյանը նաև եղել է Սբերբանկի համաղեկավարը և խորհրդի անդամը։ 

Ռուբեն Վարդանյանի կարիերան

2002-2004 թվականներին ղեկավարել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը՝ որպես գլխավոր տնօրեն։

2013 թվականին գործընկերների հետ ստեղծել է «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ներդրումային ընկերությունը:

Հայաստանում Վարդանյանը «ԿամԱԶ» և Ամերիաբանկ ընկերությունների տնօրենների խորհուրդների անդամ է։ Նա նաև ներգրավված է Թաթարստանի հանրապետության վենչուրային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում։

Ռուբեն Վարդանյանը նաև BRICS Business Magazine միջազգային գործարար ամսագրի խմբագրական խորհրդի նախագահն է։ 

Ռուբեն Վարդանյանի նախագծերը

Ռուբեն Վարդանյանը համարվում է աշխարհում ամենահայտնի հայերից մեկը։ Նա նաև մեծ կարողության տեր է։ Այնուամենայնիվ, Վարդանյանը ներդնում է իր գումարները տարբեր մարդասիրական և բարեգործական ծրագրերի մեջ։ Եկեք տեսնենք, թե հատկապես որ ոլորտներում է նա կատարում իր ներդրումները։

Կրթություն

Ռուբեն Վարդանյանի նախագծերի մեծ մասը կապված են Հայաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ-ում կրթական նախաձեռնությունների հետ։ 

Նա «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր-գործընկերն է և հոգաբարձուների խորհրդի փոխնախագահը։

Ռուբեն Վարդանյանը նաև Դիլիջանի միջազգային դպրոցի՝ UWC Dilijan համահիմնադիրն է։ Այս հանրահայտ դպրոցը գտնվում է Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, որը հայտնի է իր հիասքանչ բնաշխարհով։

UWC Դիլիջան

2013 թվականին իր տիկնոջ հետ համատեղ Ռուբեն Վարդանյանը հիմնել է Scholae Mundi կրթական նախաձեռնությունների հիմնադրամը, որը ոչ կոմերցիոն հիմունքներով աջակցում է «UWC Դիլիջան» դպրոցի և այլ կրթական հաստատությունների սաներին՝ կրթաթոշակներ և դրամաշնորհների տրամադրման միջոցով։

Մարդասիրություն    

«100 LIVES» համաշխարհային նախագիծը մեկնարկել է 2015 թվականին Նյու-Յորքում։ Նախագիծը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին և սկիզբ դրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: Այս նախաձեռնության շրջանակներում հիմնվեց նաև ամենամյա «Aurora Prize» համաշխարհային մարդասիրական մրցանակը։ 

Ռուբեն Վարդանյանի նախագծերը

«Ավրորա» մրցանակը շնորհվում է ամեն տարի Երևանում՝ նրանց, ովքեր այսօր իրենց վտանգի են ենթարկում՝ ուրիշներին փրկելու համար: Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից։

Մրցանակն անվանվել է Ավրորա Մարդիգանյանի պատվին, ով եղել է ցեղասպանության ականատեսը և մեծ դեր է խաղացել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելու գործում։

2016 թ․-ից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օժանդակում է առողջապահության, կրթության և համայնքների զարգացման նախագծերին ողջ աշխարհում։

Սոցիալական ձեռներեցություն

Ռուբեն Վարդանյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Initiatives for Development of Armenia, IDeA) հիմնադրամի համահիմնադիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի զարգացման երկարաժամկետ նախագծերի իրականացմանը: IDeA հիմնադրամի կարևորագույն նպատակներից մեկը հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում 2010 թվականին իրականացվեց աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու՝ «ՏաԹևեր»-ի կառուցումը, որը տանում է դեպի Տաթևի վանք։ 

ՏաԹևեր

Ռուբեն Վարդանյանը նաև «Հայաստան-2020» և «Հայաստան-2031» ծրագրերի նախաձեռնողներից մեկն է, որոնց նպատակը երկրի ու հայ ազգի զարգացման սցենարների մշակումն է։

Տեխնոլոգիաներ և նորարարություն

Այս մեծ հայը ներդրումներ է կատարում նաև ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում։

2016 թվականին նա իր գործընկերների հետ ստեղծեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների «FAST» հիմնադրամը (Foundation for Armenian Science and Technology), որի նպատակն է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր ձևավորելը և երկրի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները համախմբելը։

Ռուբեն Վարդանյան

Ամփոփում

Ռուբեն Վարդանյանի ներդրումը մեծ է ոչ միայն Հայաստանի և հայ ազգի զարգացման, այլև ընդհանուր մարդկության զարգացման մեջ: Վարդանյանի նման մարդիկ անշուշտ արժանի են մեծ հարգանքի և բարձր գնահատանքի։

Armenia Discovery

blog_page.author_by

blog_page.suggested_heading

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
March 16, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

public.continue_reading
Հայոց թագուհիներ
April 15, 2021 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

public.continue_reading
Աշխարհի ամենահարուստ հայերը
December 21, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

public.continue_reading