Տաշիր քաղաքը գտնվում է Լոռու մարզում՝ Վրաստանի սահմանի մոտ: Այն գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 42 կմ, իսկ Երևանից՝ 154 կմ դեպի հյուսիս: Տեղակայված է Լոռու հարթավայրի հյուսիսային մասում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա:
Տաշիրը հիմնադրվել է 1844 թվականին և անվանվել է Վորոնցովկա՝ ռուս իշխան և գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Վորոնցովի անունով, ով մասնակցել է 1844 -1853 թվականների Կովկասյան պատերազմին:
1935-ին սովետական կառավարությունը վերանվանել է քաղաքը Կալինինո՝ ի պատիվ բոլշևիկ հեղափոխական Միխայիլ Կալինինի: Հայաստանի անկախացումից հետո (1991թ․) քաղաքը վերանվանվել է Տաշիր՝ Մեծ հայքի Տաշիր գավառի անունով։
Ներկայիս Տաշիրի տարածքը բնակեցվել է վաղ բրոնզե դարաշրջանում: Քաղաքի մոտ հայտնաբերվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոց և մ.թ.ա. 2-րդ հազարամյակի հնագույն գերեզմանատուն: Քաղաքում կան նաև 10-րդ դարի եկեղեցու ավերակներ:
Քաղաքը գտնվում է Տաշիր գետի ափին և շրջապատված է ալպյան մարգագետիններով:
2000 թվականին քաղաքում կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին: Տաշիրի կենտրոնում կա մի գեղեցիկ այգի, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է կանգնեցված։ Քաղաքն ունի մշակութային կենտրոն, հանրային գրադարաններ և երաժշտական դպրոց:
Ամեն տարի Տաշիրում անցկացվում է պանրի փառատոն, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից ժամանած պանրագործներ և ներկայացնում են իրենց պանրի տեսականիները: