Մարալիկ

Maralik

Մարալիկը տեղակայված է Շիրակի մարզում՝ Արագած լեռան արևմտյան լանջին՝ ծովի մակարդակից 1,720 մ բարձրության վրա: Այն գտնվում է մարզկենտրոն Գյումրուց 24 կմ, իսկ մայրաքաղաք Երևանից 98 կմ հեռավորության վրա: Տեղանքի կլիման խոնավ մայրցամաքային է՝ մեղմ և զով ամառներով և ցրտաշունչ, ձյունառատ ձմեռներով:

Քաղաքն անվանվել է Մարալիկ լեռան անունով և նշանակում է փոքր եղջերու: Ըստ լեգենդի, ամեն տարի Սուրբ Ստեփանոսի տոնի ժամանակ, մի եղջերու մոտենում էր քաղաքի վանքին, որպեսզի զոհաբերվեր:

Գյուղացիները բռնում էին եղնիկին և զոհաբերում այն՝ ի պատիվ Սուրբ Ստեփանոսի: Սակայն մի անգամ մի որսորդ հրացանով սպանում է վանքին մոտեցող եղնիկին, և այդ պահից ի վեր, եղջերուներն անհետանում են այս տարածքից:

Մարալիկի պատմությունը

Պատմականորեն Մարալիկը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի մաս է կազմել: Արտաշեսյանների թագավորության (մ.թ.ա. 52-428), իսկ ավելի ուշ՝ Սասանյան Պարսկաստանի (428-651) իշխանության օրոք այս գավառը գտնվել է Կամսարական հայ ազնվական տոհմի իշխանության ներքո:

Հետագայում տարածքն անցել է Բագրատունյաց տոհմին, որը ղեկավարել է Հայաստանը 885-1045 թվականներին: Համաձայն 9-րդ և 11-րդ դարերի միջնադարյան հայկական եկեղեցիների և խաչքարերի վրա հայտնաբերված արձանագրությունների, Բագրատունյաց թագավորության օրոք այստեղ կառուցվել են բազմաթիվ կրոնական և կրթական համալիրներ: 

Նախկին Կապուտան գյուղը 1935-ին վերանվանվել է Մարալիկ, իսկ 1962 թվականին ստացել քաղաքի կարգավիճակ:

Մարալիկի տեսարժան վայրերը

Քաղաքում լավ պահպանվել են 19-րդ դարի Սուրբ Պողոս-Պետրոս և Սուրբ Ստեփանոս եկեղեցիները: «Ղուշի» կոչվող ուշ միջնադարյան մատուռը գտնվում է Մարալիկից 4.5 կմ հյուսիս-արևելք: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Մարալիկում 1903 թվականին՝ 5-րդ դարի եկեղեցու հիմքերի վրա:

Քաղաքի տարածքում շատ են վաղ և ուշ միջնադարյան շրջանի խաչքարեր: Մարալիկի հյուսիս-արևելքում պապհպանվել են նաև մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոց և բնակատեղի:

Մարալիկի կենտրոնական հրապարակում կանգնեցված է Սողոմոն Թեհլերյանի բրոնզե արձանը։