Գավառը Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնն է: Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի լանջին՝ Սևանա լճից դեպի արևմուտք:
Քաղաքը մինչև 1959 թվականը հայտնի է եղել որպես Նոր Բայազետ կամ Նովո-Բայազետ: Այն անվանվել է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքի անունով: 1959 -1995 թվականներին քաղաքը հայտնի էր որպես Կամո՝ բոլշևիկ հեղափոխական Կամոյի (Սիմոն Տեր-Պետրոսյան) անունով: 1995 թվականին քաղաքը վերանվանվեց Գավառ: Տարածված է նաև քաղաքի «Քյավառ» արտասանությամբ անվանումը:
Գավառը հիմնադրվել է որպես Նոր Բայազեթ (կամ Նովո-Բայազեթ) 1830 թվականին՝ Սևանա լճից 8 կմ դեպի արևմուտք, Օսմանյան կայսրության Բայազեթ քաղաքի հայ գաղթականների կողմից: Ժամանակակից քաղաքի տարածքը բնակեցված է եղել բրոնզե դարից ի վեր: Այստեղ հայտնաբերվել են բազմաթիվ պատմական գերեզմանաքարեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակով:
Քաղաքի կենտրոնում գտնվող բլրի վրա հայտնաբերվել են երկաթե դարին վերագրվող կիկլոպյան ամրոցի ավերակներ: Ենթադրվում է, որ ամրոցը Ուրարտական թագավորության կազմում գտնվող Վելիկուխի երկրի թագավորանիստն էր:
Այն շրջապատված է եղել ավելի քան 22 փոքր ամրոցներով: Վելիկուխի երկիրը նվաճվել է ուրարտական թագավոր Սարդուրի Բ-ի կողմից մ. թ. ա. 7-րդ դարում : Նրա որդին՝ Ռուսա II-ը, վերականգնել և վերանվանել է բերդը Արարատի երեք գլխավոր աստվածություններից մեկի՝ Խալդի աստծո անունով:
Գավառ քաղաքի Արծվաքար կոչվող թաղամասում է գտնվում երկաթի դարի մեկ այլ ամրոց, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակով: Գավառում դուք կտեսնեք շատ այլ պատմական հուշարձաններ, վանքեր և հին խաչքարեր:
Գավառում գործում է պատմության թանգարան, մշակութային պալատ, դրամատիկական թատրոն և հանրային գրադարան: Այստեղ կա նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
Քաղաքն ունի պետական համալսարան, կրթական ուսումնական կենտրոն, երաժշտական դպրոց, արվեստի դպրոց և Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի հատուկ դպրոց:
Տեղական խոհանոցն առաջին հերթին հայտնի է իր «Քյավառի քյուֆթա» ուտեստով, որը պատրաստվում է աղացած և համեմված մսի գնդերով: Ասում են նաև, որ այստեղ են պատրաստում ամենահամեղ իշխան ձուկը՝ միայն տեղացիներին հայտնի հատուկ բաղադրատոմսով:
Տեղի բնակիչները հիմնականում նախընտրում են ավանդական՝ կարմիր ցորենից պատրաստված հացը: Իրենց յուրահատուկ համով հայտնի են նաև Գավառի ավանդական խմորեղենները՝ գաթան և փախլավան։