Բերդը փոքր քաղաք է Տավուշի մարզում։ Այն գտնվում է Տավուշ գետի ձախ ափին՝ մարզկենտրոն Իջևանից 54 կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 202 կմ է։ Քաղաքը շրջապատված է ոչ բարձր սարերով։
Բերդը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա։ Քաղաքի անվանումը կապված է մոտակայքում գտնվուղ Տավուշի բերդի ավերակների հետ։ Այս բերդն առաջին անգամ հիշատակվել է 10-րդ դարում՝ որպես Աշոտ Երկաթ արքայի նստավայր։ Բերդը համարվում է եզակի, քանի որ այն ունեցել է լավ զարգացած ջրամատակարարման համակարգ։ Այն լքված է 14-րդ դարից ի վեր։
Բերդ քաղաքից ոչ հեռու գտնվող հայտնի պատմական հուշարձաններ են Նոր Վարագավանք և Խորանաշատ եկեղեցիները, ինչպես նաև մ․թ․ա․1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցի ավերակները:
Արձանագրություններում քաղաքը հիշատակվում է որպես Բերդագյուղ, Թավուզղալա, Թուզկալա, Շլորուտ և Ոլորուտ: Բերդում հիմնականում զբաղվում են գինեգործությամբ, մեղվաբուծությամբ, ծխախոտի և հացահատիկի մշակմամբ:
2014 թվականին Բերդում կառուցվեց Սուրբ Հովհաննես եկեղեցին: Քաղաքում գործում է Բերդի պատմության և կենցաղի թանգարան: Այն բացվել է 1981 թվականին՝ որպես «Սարդարապատի ազգագրության» թանգարանի մասնաճյուղ, որը գտնվում է քաղաքից ոչ հեռու՝ «Սորանի այգի» կոչվող վայրի մոտ: