Աբովյան

Abovyan

Աբովյանը Կոտայքի մարզի ամենամեծ քաղաքն է: Աբովյանով անցնող ավտոմայրուղին և երկաթուղին կապում են մայրաքաղաքը երկրի հյուսիսարևելյան հատվածի հետ: Այս պատճառով Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։

Տարածքը բնակեցված է եղել դեռևս հին ժամանակներից: Մինչև 1961 թվականը քաղաքը կոչվել է Էլար: Հետագայում այն վերանվանվել է հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի անունով: Քաղաքի կարգավիճակ է ստացել 1963 թվականին:

Աբովյանի պատմությունը

1960-ական թվականներին պատմաբան Մեսրոպ Սմբատյանցի գլխավորությամբ Աբովյանի տարածքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոցի ավերակներ, Արգիշտի Առաջինի (մ.թ.ա. VIII դ.) սեպագիր արձանագրություն, հին գերեզմանատուն և ապաստարաններ, ինչպես նաև բրոնզե դարաշրջանի երեք փուլերը ներկայացնող մի շարք առարկաներ: Պեղումների արդյունքում պարզվել է, որ ժամանակակից Աբովյանի շրջանը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 4-րդ դարի վերջից: 

Ներկայիս Աբովյանի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի, իսկ արևելյան մասը՝ Մազազ գավառի կազմի մեջ։ Մ.թ.ա. 5-7-րդ դարերի ընթացքում շրջանը եղել է Ամատունյաց նախարարական տան իշխանության նարքո:

Մինչև 1961 թվականը Էլար փոքր գյուղը եղել է շրջանի ամենամեծ բնակավայրը։ 1963-ին խորհրդային կառավարության որոշմամբ Էլար գյուղի և հարակից տարածքների միավորմամբ հիմնվել է ժամանակակից Աբովյան քաղաքը` Հրազդան և Ազատ գետերի միջև ընկած սարահարթում: Այն արագ զարգացել է որպես ՀՍՍՀ արդյունաբերական կենտրոն: Քաղաքում նախատեսված են ութ բնակելի թաղամաս և արդյունաբերական շրջան։ 

Աբովյանի տեսարժան վայրերը

Աբովյանն ունի մշակութային պալատ, հանրային գրադարան և արվեստի մանկապատանեկան կենտրոն: Քաղաքում կա նաև հայ և ռուս ժողովուրդների եղբայրությանը և բարեկամությանը նվիրված թանգարան, որը բացվել է 1982 թվականին: Աբովյանում վերջերս վերանորոգված դրամատիկական թատրոնը գործում է ներկայացումների ցուցադրման հաստատված ժամանակացույցով։

Այստեղ կարող եք այցելել նաև հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը, ով հսկայական ազդեցություն է ունեցել հայ գրականության և հայոց լեզվի վրա:

Աբովյանում է գտնվում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որի կառուցումը ֆինանսավորվել է հայ գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից: 

Սուրբ Ստեփանոս եկեղեցին (1851 թ.) և Էլառ-Դարանի ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) գտնվում են քաղաքի հարավ-արևելքում:

Քաղաքում շատ են կանաչ տարածքները, հարմարավետ փողոցները և ցածրահարկ շենքերը: Աբովյանի հյուսիս-արևմուտքում Գեղամա լեռնաշղթան է, հյուսիսում՝ Հատիսի և Գութանասարի լեռները, իսկ արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը: