«Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»:
Այսպես է նկարագրել հայկական գինին լեգենդար հայ երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ և դերասան Շառլ Ազնավուրը։
Հայաստանը համարվում է գինեգործության հայրենիքը, քանի որ ըստ առասպելի՝ Նոյ նահապետը խաղողի առաջին որթը տնկել է Արարատ լեռան ստորոտին։
Երկրի տարածքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված գինեգործությանը վերաբերող գտածոները աշխարհում ամենահինն են և ապացուցում են, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս 6000 տարի առաջ։
Հայաստանում գինեգործության հայտնի կենտրոն է Արենի գյուղը, որտեղ էլ անցկացվում է Գինու փառատոնը։ Փառատոնին ներկայացվում են հայկական գինու տեսակները, լինում է գինու հյուրասիրություն, համերգային ծրագիր, հայկական երգ ու պար։
Նման մի միջոցառում է Արցախի գինու փառատոնը։ Այն առաջին անգամ կազմակերպվել է 2004 թվականին։ Փառատոնն անց է կացվում ամեն տարի՝ սեպտեմբեր ամսվա երրորդ շաբաթ օրը։
Փառատոնի ծրագիրը ներառում է գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարությունը՝ տաշտում գինի ճզմելը, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ։ Փառատոնն ավանդաբար ուղեկցվում է հայկական ազգային երգ ու պարով և վերածվում է ազգային տոնի։
Գինու փառատոն անց է կացվում նաև Երևանի սրտում։ Ամեն տարի ամռան մի հրաշալի օր ամբողջ Սարյան փողոցը փակ է լինում գինու սիրահարների կողմից։ Այս մթնոլորտը պարզապես զգալ է պետք։
Ի դեպ, վերջերս Հայաստանն ընդգրկվել է աշխարհի լավագույն գինեգործական ավանդույթներ ունեցող 15 երկրների ցանկում: