Որոշ ազգեր պնդում են, որ հայերը տաքարյուն են ու իմպուլսիվ բնավորություն ունեն։ Գուցե հենց դրա համար էլ մենք տաք ու համեղ խոհանոց ունենք։ Մեր ախորժաբեր ուտեստների գաղտնիքը կայանում է նրանում, որ հայ կանայք պատրաստում են մեծ սիրով և օգտագործում են բնական սնունդ։
Հայկական խոհանոցն ամենահներից է համարվում Ասիայում և ամենահինն Անդրկովկասում։ Հնագետները պնդում են, որ դեռ 2500 տարի առաջ հայերը գիտեին հաց թխել։
Խորոված
Հայկական խոհանոցի միակ ու անկրկնելի թագավորը խորովածն է։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ այս ուտեստը յուրահատուկ է հայերի համար։ Խորովածը հայկական սեղանի գլխավոր զարդարանքն է։ Ավանդաբար հայ տղամարդիկ են խորոված պատրաստում, սակայն եթե խորոված պատրաստող կին տեսնեք, չզարմանաք (կանայք նույնպես պատրաստում են):
Խորոված պատրաստում են խոզի, գառան, տավարի կամ հավի մսից։ Միսը համեմվում է տարբեր խոտաբույսերով, իսկ արդեն պատրաստ խորովածը մատուցվում է հայկական լավաշով։ Այնպես որ, եթե Ձեզ հյուրասիրեն այս ախորժաբեր ուտեստը, անպայման համտեսեք այն հայկական օղիով։ Հայերը հատուկ փառատոն ունեն՝ նվիրված խորովածին։
Խաշ
Հավանաբար, հայկական ամենաավանդական ուտեստը խաշն է։ Չնայած նախապատրաստությունը երկար է տևում, հայերը սիրում են խաշ։ Այս ուտեստը պատրաստվում է տավարի խաշած ոտքերից (մաքրած և լվացած)։ Ավանդական լավաշը նաև այս ուտեստի մի մասն է կազմում։ Խաշի հետ սովորաբար մատուցվում է չորացված լավաշ և բողկ։ Դե, իհարկե, խաշն ավելի համեղ է օղիով։
Տոլմա
Հայկական խոհանոցի հաջորդ ավանդական ուտեստը հայտնի տոլման կամ դոլման է։ Հայերը պատրաստում են ավելի քան 50 տեսակի ավանդական տոլմա։ Այն համարվում է հայկական սեղանի երկրորդ հիմնական ուտեստը։ Ուտեստը պատրաստում են մսից և բրնձից, որոնք համեմում են և փաթաթում կաղամբի տերևներով կամ խաղողի թփով։
Անշուշտ, այս ուտեստները հայկական խոհանոցի միայն մի փոքր մասն են կազմում։ Դուք ինքներդ էլ կարող եք ուսումնասիրել և բացահայտել Հայաստանի արտասովոր ուտեստները։ Հայկական ավանդական ուտեստներին ավելի լավ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս կարդալ այս հոդվածը։