Հայկական խոհանոց՝ ազգային ուտեստներ և խմիչքներ

Հայկական խոհանոց՝ ազգային ուտեստներ և խմիչքներ

October 25, 2017

Հայկական խոհանոցն ամենահներից է Ասիայում և Անդրկովկասում։ Դեռ 2500 տարի առաջ հայերը գիտեին, թե ինչպես հաց թխել կամ խորոված պատրաստել։ Հայկական խոհանոցը հարուստ է քաղցրավենիքով, ինչն էլ ավելի համեղ է դարձնում խոհանոցը ու յուրահատուկ մի համ ավելացնում։ Այնպես որ, Հայաստանը հրաշալի երկիր է քաղցրավենիքի սիրահարների համար։

Հայկական ազգային ուտեստներ

Մի բան, որ հնարավոր չէ մոռանալ Հայաստանի մասին խոսելիս, ազգային խոհանոցի ախորժաբեր ուտեստներն են, որոնք արտացոլում են նաև հայկական հնագույն պատմությունը։ Մենք՝ հայերս, մեր նախնիներից ժառանգել ենք հարուստ և յուրահատուկ խոհանոց։

Հայկական խորոված

Հայկական ազգային ուտեստները հայտնի են իրենց յուրահատուկ համով և համեմունքների բույրով։ Խորովածը հայկական սեղանի ամենակարևոր և հատում ուտեստներից է։ Այն պատրաստվում է խոզի, գառան, տավարի, հավի մսից, որը համեմվում է տարբեր խոտաբույսերով ու համեմունքներով, իսկ մատուցվում է հայկական ազգային լավաշով։ Այս ուտեստը հայկական ամեն մի տոնակատարության և իրադարձության անբաժան մասն է կազմում։

Հայկական տոլմա

Տոլման հայկական խոհանոցի մեկ այլ ավանդական ուտեստ է, որ հայտնի է նաև «դոլմա» անվամբ։ Հայաստանում պատրաստում են ազգային տոլմայի ավելի քան 50 տեսակ։ Այն համարվում է հայկական սեղանի երկրորդ հիմնական ուտեստը։ Տոլման պատրաստվում է կաղամբի կամ խաղողի թփի տերևներից, աղացած մսից և այլ համեմունքներից։ Մսին ավելացնում են բրինձ, ապա համեմելուց հետո փաթաթում տերևների մեջ ու եփում։ Երբեմն տերևների փոխարեն օգտագործվում է բանջարեղեն (բիբար, սմբուկ, լոլիկ)։ Հայաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է փորձի այս ուտեստը։

Հայկական խոհանոց

Ձուկ

Հայկական խոհանոցում ձուկն իր յուրահատուկ տեղն ունի։ Այստեղ մարդիկ սիրում են ձուկ պատրաստել հատկապես իշխան, թառափ, սիգ։ Ձուկ պատրաստելու բազմաթիվ ձևեր կան։ Իսկ Հայաստանի լավագույն ձուկն ուտելու համար պետք է այցելել Սևան քաղաք (Երևանից մեքենայով 1 ժամվա ճանապարհ)։ Բացի այդ Հայաստանում ձկանը նվիրված հատուկ փառատոն կա, որ տեղի է ունենում Աբովյան քաղաքում։

Խաշ

Հավանաբար, Հայաստանում ամենահայտնի ուտեստներից է խաշը։ Չնայած երկար գործընթացին՝ հայերը սիրում են խաշ։ Այս ուտեստը պատրաստվում է տավարի եփած ոտքերից։ Հայկական ավանդական լավաշը նույնպես խաշի բաղկացուցիչ մաս է կազմում։ Խաշը մատուցվում է հիմնականում չորացրած լավաշով և բողկով։ Դե իհարկե, այն ավելի համեղ է հայկական օղու ուղեկցությամբ։

Հայկական խաշ

Հարիսա

Ավանդական հարիսան նույնպես հատուկ տեղ է զբաղեցնում, ի թիվս այլ ուտեստների։ Սա հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մեկն է, որը պատրաստում են հավի մսից և ցորենից։  Հայերը ապուրների և աղցանների լայն տեսականի ունեն, հատկապես բուսակերների համար։  Ավելուկով հատուկ ապուրը հայտնի ուտեստ է Հայաստանում։  Ավելուկը մի խոտաբույս է, որն ունի օգտակար հատկություններ։ Հայերն Ավելուկով շատ համեղ աղցան են պատրաստում։

Նույնիսկ եթե ինչ-որ մեկը հատուկ սննդակարգի է հետևում, Հայաստանում  հնարավոր չէ հրաժարվել ազգային խոհանոցի աղանդերներից և քաղցր ուտեստներից: Այնպես որ, պետք է մոռանալ դիետայի մասին և վայելել հրաշալի աղանդերի իրական համը: Բոլորը գիտեն հայկական հայտնի գաթայի և փախլավայի մասին։  Խմորեղենի այս երկու տեսակները զարդարում են ցանկացած ավանդական սեղան։

Հայկական քաղցրավենիք

Գաթան սովորական քաղցրավենիք չէ։ Այն մեծ կարևորություն է վայելում հայկական յուրաքանչյուր տոնակատարության ժամանակ։ Խմորեղենի այս տեսակը հատուկ կլոր տեսք ունի և յուրահատուկ նշանակություն։ Ասում են՝ դեռ հին ժամանակներից հայ տատիկները գաթայի վրա պատառաքաղով խաչ էին պատկերում, ինչը նշանակում էր, որ նրանք վանում էին չարը։ Ոմանք պնդում են, որ այն ընտանեկան ամրություն է խորհրդանշում։ Մեկ այլ հայտնի խմորեղեն է հայկական փախլավան։ Այն շերտավոր խմորից պատրաստված քաղցրավենիք է՝ մանրացված ընկույզով ու օշարակով կամ մեղրով։ Փախլավան շատ համեղ է՝ հատկապես թեյի հետ։

Հայկական քաղցրավենիք

Սուջուխը կամ հայկական սնիկերսը մեկ այլ հայտնի քաղցրավենիք է։ Սա հատուկ աղանդեր է՝ պատրաստված ընկույզից, դոշաբից և շաքարավազից։  Չրերը հայկական խոհանոցի մեկ այլ առանձնահատկություն են։  Դրանք յուրաքանչյուր հայկական տոնական սեղանի անբաժանելի մասն են։  Հայ կանայք ամռանը միշտ զբաղված են ու միայն այն պատճառով, որ ձմռան համար տարբեր մուրաբաներ են պատրաստում։

Հայկական հաց

Հայկական հացը հայկական խոհանոցի անբաժանելի մասն է։  Մենք շատ հաց ենք օգտագործում, քանի որ ամեն ինչ հացով ենք ուտում։ Ահա թե ինչու հայկական սեղանին միշտ շատ հաց կարելի է կտեսնել։ Հայկական լեգենդար լավաշն աշխարհի ամենահանրաճանաչ հացատեսակն է։  Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։  Լավաշը թխվում է գետնի տակ փորված թոնրի մեջ։ Այն շատ համեղ է, հատկապես, եթե փորձեք այն թարմ կանաչեղենի հետ: Հայաստանում շատ տեղեր կան, որտեղ կարելի է տեսնել լավաշի թխման գործընթացը։  Լավաշն օգտագործվում է նաև հայկական խորովածի և ավանդական խաշի հետ։  Հայկական հացի շատ տեսակներ կան, որոնցից ամենահայտնին մատնաքաշն ու հրազդանն են։  Մատնաքաշը փափուկ հաց է, որ կարող է լինել օվալաձև կամ կլոր բոքոն։

Հայկական լավաշ

Մենք՝ հայերս, սիրում ենք համեղ և առողջ սնունդ ուտել։ Իսկ այն լիովին վայելելու համար էլ ինչ է պետք, եթե ոչ հայկական խմիչքներ։

Հայկական խմիչքներ

Լեգենդար կոնյակն ու գինին հայկական խոհանոցի պարծանքն են։

Գինին Հայաստանի ազգային խմիչքներից մեկն է։ Դեռ հնագույն ժամանակներից մենք խաղող էինք աճեցնում։ Ըստ հին ավանդության՝ Նոյն առաջինն էր, որ Արարատյան դաշտավայրում խաղողի որթատունկ տնկեց։  Հայաստանի կլիմայական և աշխարհագրական պայմաններն ապահովում են խաղողի քաղցր համը, որից էլ բարձր որակի գինի են պատրաստում։  Պեղումները ցույց են տվել նաև, որ դեռևս մ.թ. ա. 6-5-րդ դարերում հայերը սկսել են վայրի խաղող աճեցնել։  Այս տեսանկյունից Հայաստանը տարածքում առաջատար երկիր է համարվում։

Հայկական գինի

Հայկական կոնյակի պատմությունը սկիզբ է առել 1887 թվականին, երբ հայտնի հայ վաճառական Ներսես Տաիրյանը Երևանում հիմնադրեց գինու և կոնյակի առաջին գործարանը։ Չկարողանալով կառավարել ընկերությունը՝ Տաիրյանն այն վաճառեց ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին։ «Շուստովը և որդիները» ընկերությունը միանգամից շուկա հանեց հայկական կոնյակը և հաջողության հասավ, հատկապես ռուսական շուկայում։

Հայկական կոնյակ

1990-ին Շուստովը հայկական կոնյակը ներկայացրեց Փարիզի ցուցադրության ժամանակ և լավագույնը ճանաչվեց՝ գերազանցելով նույնիսկ Grand Prix-ին։ 1945թ․ Յալթայի կոնֆերանսի ժամանակ Վինսթոն Չերչիլն առաջին անգամմ համտեսեց հայկական «Դվին» կոնյակը և սիրահարվեց հայկական այս խմիչքին։ Տարիներ հետո, երբ Չերչիլին հարցրել են, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է՝ «Երբեք մի՛ ուշացեք ճաշից, ծխեք հավայան սիգարներ և խմեք հայկական կոնյակ»։