Հավանաբար դուք երբեք չեք լսել Արա Պարսեղյանի անունը, եթե ամերիկյան ֆուտբոլի երկրպագու չեք կամ չեք հետևում Նոթր Դամի համալսարանի մարզական կյանքին։ Սակայն նրա պատմությունը արժանի է ճանաչման բոլոր նրանց կողմից, ովքեր ոգեշնչվում են այնպիսի հերոսներով, որոնք համեստ սկզբից հասել են համաշխարհային մեծության։
![Notre Dame University Notre Dame University]()
Առաջին սերնդի ամերիկահայ Արա Պարսեղյանը 20-րդ դարի կեսերի ամենահայտնի մարզիչներից էր և քոլեջային ֆուտբոլի պատմության մեծագույն ներկայացուցիչներից մեկը։ Նա վերածնեց «Նոթր Դամի» ֆուտբոլային ծրագիրը և երկու անգամ թիմին բերեց ազգային չեմպիոնի տիտղոսը։
![A first-generation Armenian American, Ara Parseghian A first-generation Armenian American, Ara Parseghian]()
Նրա կերպարը նույնիսկ հայտնվեց 1993 թվականի «Ռուդի» ֆիլմում, որը AFI-ն դասեց 54-րդ ամենահուսադրող ֆիլմերի շարքում։
Վաղ կյանք
Պարսեղյանի հայրը՝ Մայքլը, հայ էր, ով 1915 թվականին գաղթել էր ԱՄՆ՝ փրկվելով Օսմանյան կայսրությունում սկսված Հայոց ցեղասպանությունից և արհավիրքներից։ Նա հաստատվեց Օհայո նահանգի Ակրոն քաղաքում, որը հայտնի էր իր կաուչուկի ու անվադողերի արդյունաբերությամբ և գտնվում էր Կլիվլենդից 40 մղոն դեպի հարավ։ 20-րդ դարի սկզբին Ակրոնում ձևավորվել էր հայ ներգաղթյալների ամուր համայնք, ինչը քաղաքը գրավիչ էր դարձնում Օսմանյան կայսրությունից տեղափոխվողների համար։
Արա Պարսեղյանը ծնվել է Ակրոնում 1923 թ. մայիսի 21-ին՝ Մայքլ և Ամելիա Պարսեղյանների ընտանիքում։ Վաղ տարիքից նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում սպորտի նկատմամբ և հաճախ էր բասկետբոլ խաղում տեղի YMCA-ում (Երիտասարդ քրիստոնյաների ասոցիացիա)։ Նա ձեռք բերեց տոկուն և վստահելի մարզիկի համբավ։ Հատկանշական է, որ նրա առաջին աշխատանքը եղել է Ակրոնի դպրոցների տարածքում գիշերային հերթապահություն անելը՝ կարգուկանոնը պահպանելու և ներխուժումները կանխելու նպատակով։
Ֆուտբոլային կարիերա
Պարսեգյանն սկսեց խաղալ ամերիկյան ֆուտբոլ, երբ մոտենում էր համալսարանական տարիներին։ 1942 թվականին նա կարճ ժամանակով սովորեց Ակրոնի համալսարանում, այնուհետև միացավ ԱՄՆ ռազմածովային ուժերին և ծառայեց Չիկագոյի (Իլինոյս) մոտ գտնվող «Նավալ Սթեյշն Գրեյթ Լեյքս» ռազմածովային կայանում։
![Ara Parseghian: Football Playing Career Ara Parseghian: Football Playing Career]()
Հենց այստեղ Պարսեղյանը ծանոթացավ Օհայոյի հանրահայտ մարզիչ Փոլ Բրաունի հետ, ով այդ ժամանակ ղեկավարում էր զինվորականներից կազմված ֆուտբոլային թիմը։ Հետագայում Բրաունը հիմնադրեց NFL-ի «Կլիվլենդ Բրաունզ» ակումբը և դարձավ դրա առաջին գլխավոր մարզիչը։ 1944 թվականի մրցաշրջանից առաջ Պարսեղյանը միացավ Բրաունի թիմին՝ որպես ֆուլբեք (հարձակվողական ոճի խաղացող)։ Չնայած նախամրցաշրջանային փուլում ստացած կոճի վնասվածքը թույլ չտվեց նրան այդ տարի դուրս գալ խաղադաշտ, սակայն նա ստացավ հարուստ մարզչական փորձ՝ կողքից հետևելով Բրաունի աշխատանքին։
Պարսեղյանին տպավորել էր Բրաունի մեթոդական մոտեցումը և այն թեթևությունը, որով նա ոգեշնչում էր իր խաղացողներին՝ ներդնելու իրենց ողջ ներուժը։ Նավատորմում ծառայությունն ավարտելուց հետո Պարսեղյանը վերադարձավ քոլեջային սպորտ՝ այս անգամ արդեն Օհայոյի Մայամիի համալսարանի թիմում։ 1946 և 1947 թվականներին նա հանդես եկավ ֆուլբեքի դիրքում՝ մարզիչ Սիդ Գիլմանի ղեկավարությամբ, ով հայտնի էր որպես երկար փոխանցումների մարտավարության նորարար։
Մինչ զարգանում էին Պարսեղյանի խաղային հմտությունները, նա գիտակցաբար թե անգիտակցաբար ձեռք էր բերում խաղի խորը ընկալում, ինչը հետագայում նրան լեգենդար մարզիչ դարձրեց։
![Football Playing Career of Ara Parseghian Football Playing Career of Ara Parseghian]()
1947 թվականին նրան դրաֆտեցին (ընտրեցին) թե՛ «Փիթսբուրգ Սթիլերզը», թե՛ «Կլիվլենդ Բրաունզը»: Պարսեղյանը նախընտրեց խաղալ «Կլիվլենդում», ինչը նրան կրկին միավորեց Փոլ Բրաունի հետ։ Նա թիմում հանդես եկավ որպես կիսապաշտպան (halfback) և պաշտպանական հետապահ (defensive back), մինչև որ 1949 թվականի մրցաշրջանի երկրորդ խաղում ստացած կոնքազդրային հոդի վնասվածքը ստիպեց նրան ավարտել խաղային կարիերան։
Մարզչական ժառանգության ստեղծում
Պարսեղյանը խաղի նկատմամբ իր անդադար հետաքրքրությունը վերածեց մարզչական աշխատանքի իր հարազատ բուհում՝ Օհայոյի Մայամիի համալսարանում։ Այստեղ նա կրկին հայտնվեց մեկ այլ ապագա լեգենդի՝ Վուդի Հեյսի ենթակայության տակ։ Հեյսը, ով հետագայում հինգ անգամ Օհայո նահանգի համալսարանին բերեց ազգային չեմպիոնի տիտղոսը, այդ ժամանակ Մայամիի համալսարանի հիմնական թիմի (varsity) գլխավոր մարզիչն էր։ Նա Պարսեղյանին նշանակեց առաջին կուրսեցիների թիմի պատասխանատու։
Ամերիկահայ մարզչի հաջողությունը քոլեջային մակարդակում իրեն սպասեցնել չտվեց։ Իր առաջին իսկ մրցաշրջանում նա նորեկների թիմին առաջնորդեց դեպի բացարձակ հաղթանակ (4-0 հաշվով)։ Սրա շնորհիվ արդեն հաջորդ տարի նա ստանձնեց համալսարանի հիմնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, երբ Հեյսը տեղափոխվեց Օհայո նահանգի համալսարան։
![Ara Parseghian Ara Parseghian]()
Օհայոյի Մայամիի համալսարանում իր հնգամյա մարզչական գործունեության ընթացքում Պարսեղյանը գրանցեց տպավորիչ՝ 39-6-1 արդյունք: 1954 և 1955 թվականներին նա առաջնորդեց «Ռեդսկինզին» (այժմ՝ «Ռեդհոքս») դեպի Միջին-ամերիկյան կոնֆերենցիայի (MAC) չեմպիոնական տիտղոսներ: Այդ երկու տարիներին էլ հիմնական թիմն անպարտելի մնաց:
Շնորհիվ իր աճող հեղինակության՝ 1956 թվականին Պարսեղյանին վստահվեց «Բիգ Թեն» (Big Ten) կոնֆերենցիայի «Նորթուեսթերն» թիմի ղեկը: 32 տարեկանում նա կոնֆերենցիայի ամենաերիտասարդ գլխավոր մարզիչն էր:
Թեև «Ուայլդքեթսի» (Wildcats) հետ իր առաջին տարում նա գրանցեց 4-4-1 արդյունք, իսկ 1957-ին թիմը կրեց 9 պարտություն (0-9), Պարսեղյանը շարունակում էր գովեստի արժանանալ իր մարզչական մարտավարության և խաղացողների հետ հաղորդակցվելու բացառիկ ունակության համար: Նրան բնորոշում էին որպես անմիջական ու հասանելի մարզիչ, ով փայլուն կերպով հասկանում էր ֆուտբոլի հոգեբանական նրբությունները:
![Ara Parseghian's Coaching Legacy Ara Parseghian's Coaching Legacy]()
Պարսեղյանն աստիճանաբար կարողացավ շտկել իրավիճակը և մնաց «Նորթուեսթերնի» գլխավոր մարզիչ մինչև 1963 թվականի մրցաշրջանի ավարտը։ Էվանսթոնում անցկացրած ութ մրցաշրջանների արդյունքում նա գրանցեց 36 հաղթանակ և 35 պարտություն։ Նրա լավագույն արդյունքը եղավ 1962 թվականին, երբ «Ուայլդքեթսը» մրցաշրջանն ավարտեց 7-2 հաշվով, իսկ ինքը՝ Պարսեղյանը, լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակում բարձրացավ մինչև 16-րդ հորիզոնականը։
1963 թվականի դեկտեմբերին Պարսեղյանը ստացավ այն զանգը, որը պետք է հավերժացներ նրա անունը սպորտի պատմության մեջ. «Նոթր Դամը» նրան առաջարկեց 20 000 դոլար աշխատավարձ՝ Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաք տեղափոխվելու և դժվարին ժամանակներ ապրող «Ֆայթինգ Այրիշ» թիմը գլխավորելու համար։ Դա մասնագիտական մեծ թռիչք էր, որն իր հետ բերում էր ահռելի պատասխանատվություն և մարտահրավերներ։
![Ara Parseghian's Coaching Legacy for Notre Dame Ara Parseghian's Coaching Legacy for Notre Dame]()
«Նոթր Դամը» նախորդ լեգենդար մարզիչների՝ Քնութ Ռոքնիի և Ֆրենկ Լեհիի օրոք տասնամյակներ շարունակ համարվում էր երկրի ուժեղագույն թիմերից մեկը, սակայն 1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին ծրագիրն անկում էր ապրում։ Համալսարանի վարչակազմը գտնվում էր հասարակական մեծ ճնշման տակ՝ թիմի նախկին փառքը վերականգնելու հարցում։ Համալսարանի մարզական խորհրդի նախագահ հայր Էդմունդ Ջոյսը եզրակացրեց, որ հենց Պարսեղյանն է այս գործի համար լավագույն թեկնածուն։
Պարսեղյանի գլխավորությամբ «Ֆայթինգ Այրիշի» վերելքը սկսվեց անմիջապես՝ 1964 թվականին։ Նա ոգևորեց հուսահատված թիմին՝ ներդնելով նոր ռազմավարություն և լուծումներ տալով խաղացողների մոտ տարիներով կուտակված խնդիրներին։
Մարզումները դարձան խիստ պլանավորված և չափազանց արդյունավետ։ Հավաքագրվեցին նոր խաղացողներ՝ ուժեղացնելու փոխանցումների վրա հիմնված խաղը, որի նրբություններին Պարսեղյանը տիրապետում էր դեռ Սիդ Գիլմանի հետ աշխատած տարիներից։ Ամենակարևորն այն էր, որ Պարսեղյանը նկատեց քվարտերբեք Ջոն Հուարտեի և լայն ընդունող (wide receiver) Ջեք Սնոուի տաղանդը։ Մինչև Պարսեղյանի Սաութ Բենդ ժամանելը՝ նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում, այս երկու խաղացողները հիմնականում մնում էին պահեստայինների նստարանին։
![Parseghian recognized the talents of quarterback John Huarte and wide receiver Jack Snow. Parseghian recognized the talents of quarterback John Huarte and wide receiver Jack Snow.]()
Հուարտեն և Սնոուն ընդգրկվեցին մեկնարկային կազմում, և Նոթր Դամը 1964 թվականի մրցաշրջանի բացման խաղում անակնկալ 31-7 հաշվով հաղթեց մեծ հավանականությամբ հաղթող համարվող Վիսկոնսինին։ Թիմը հակառակվեց բոլոր սպասումներին և մրցաշրջանը ավարտեց 9-1 հաշվով։
Հուարտեն մրցաշրջանում փոխանցեց 2,062 յարդ, ինչի շնորհիվ սահմանեց թիմային 12 ռեկորդ և արժանացավ Հեյսմենի մրցանակի՝ որպես քոլեջային ֆուտբոլի լավագույն խաղացող։ Սնոուն երկրի առաջատարն էր ընդունումների թվով։ Իր հերթին, Պարսեգյանը ստացավ բազմաթիվ մարզչական մրցանակներ, այդ թվում՝ Ամերիկյան ֆուտբոլի մարզիչների ասոցիացիայից, Ամերիկայի ֆուտբոլի գրողների ասոցիացիայից և Football News-ից։
Հաջորդ տասնամյակում հաղթանակը դարձավ Նոթր Դամի սովորույթը, երբ Պարսեղյանն էր թիմի ղեկին։ «Ֆայթինգ Այրիշը» 1964-ից 1974 թվականների ընթացքում երբեք պարտվողական ցուցանիշ չի ունեցել և մարզիչների քվեարկությունում երբեք չի զբաղեցրել 15-րդ տեղից ցածր։ Թիմը 1966 և 1973 թվականներին նվաճել է ազգային չեմպիոնությունը։
![The “Era of Ara” - Notre Dame University The “Era of Ara” - Notre Dame University]()
«Արաի դարաշրջանը» ավարտվեց Սաութ Բենդում 1974 թվականի մրցաշրջանից հետո։ Պարսեղյանի անթերի ելույթը Նոթր Դամում տասնմեկ մրցաշրջանում կազմեց 95 հաղթանակ, 17 պարտություն և 4 ոչ-ոքի։ Նրա «Ֆայթինգ Այրիշ» թիմի 82 խաղացողներ ընտրվել են NFL-ի դրաֆտով կամ այլ կերպ են հայտնվել լիգայում։ Այդ ցուցակում է պրոֆեսիոնալ MVP և Սուպեր Բոուլի հաղթող Ջո Թեյզմանը։
Մրցակցային խաղերի կարևորությունը
Ամենամյա սկզբունքային մրցակցությունները Պարսեղյանի՝ «Նոթր Դամում» թողած ժառանգության կարևոր մասն էին: «Ֆայթինգ Այրիշը» փայլուն արդյունքներ էր գրանցում հատկապես Փիթսբուրգի համալսարանի թիմի դեմ խաղերում: Թեև «Պանտերները» տարբեր ժամանակներում (օրինակ՝ 2010-ականների վերջին) կարողացել են հաղթական մրցաշրջաններ ունենալ և հաղթել ֆավորիտներին, սակայն 1960-ական և 1970-ական թվականներին պատկերը բոլորովին այլ էր:
«Փիթը» (Pitt) այդ տարիներին անկում էր ապրում և ինը տարի անընդմեջ չէր կարողանում հաղթական հաշվեկշիռ ապահովել: Պարսեղյանը վստահորեն օգտվեց մրցակցի թուլությունից. նրա գլխավորությամբ «Նոթր Դամը» հաղթեց «Փիթին» իր պաշտոնավարման բոլոր 11 մրցաշրջաններում:
Այդ ժամանակահատվածում «Ֆայթինգ Այրիշը» գերիշխող դիրք ուներ նաև մեկ այլ կատաղի մրցակցի՝ «Միչիգան Սթեյթի» նկատմամբ: «Սպարտացիների» դեմ խաղերում, որտեղ հաղթողին շնորհվում էր «Մեգաֆոնի գավաթը», Պարսեղյանը գրանցեց 8-2-1 արդյունք: Միակ թիմը, որն այդ տարիներին կարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ և նույնիսկ գերազանցել Պարսեղյանին, Հարավային Կալիֆորնիայի համալսարանն էր (USC): «Արայի դարաշրջանում» «Տրոյացիները» «Նոթր Դամի» հետ հանդիպումներում ունեցան 6-3-2 հարաբերակցությունը:
Մարզչական կարիերայից հետո
Մարզչական կարիերայից հեռանալուց հետո Պարսեղյանը դեռ երկար տարիներ կապված մնաց քոլեջային ֆուտբոլին, թեև արդեն մեկնաբանի դերում։ 1975-1981 թվականներին նա աշխատեց ABC Sports-ում որպես հեռուստամեկնաբան, իսկ այնուհետև՝ մինչև 1988 թվականը, իր մասնագիտական գործունեությունը շարունակեց CBS Sports հեռուստաալիքում
![Post Coaching Career of Ara Parseghian Post Coaching Career of Ara Parseghian]()
Պարսեղյանը Քոլեջային ֆուտբոլի փառքի սրահում ընդգրկվել է 1980 թվականին՝ որպես գլխավոր մարզիչ իր 24 մրցաշրջանների ընթացքում գրանցած 170–58–6 տպավորիչ արդյունքի համար։ Իր անցած ուղով նա դարձավ ամերիկյան սպորտի պատմության վրա ազդեցություն թողած հայկական ծագումով ամենանշանավոր անհատներից մեկը։
Արա Պարսեղյանը կյանքից հեռացել է 2017 թվականի օգոստոսի 2-ին, 94 տարեկան հասակում, Ինդիանա նահանգի Գրեյնջեր քաղաքում։