Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Թարմացված է Ապրիլ 17, 2026

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում մենք կբացահայտենք հնարավորինս ամեն ինչ աշխարհահռչակ հայի մասին։

Արշիլ Գորկու կենսագրությունը

Արշիլ Գորկին նախնական կրթություն ստացել է իր ծննդավայր Խորգոմի ինչպես նաև Վանի դպրոցներում։ 1915 թվականին ապագա նկարիչը մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթել է Էջմիածին քաղաք, որտեղից էլ տեղափոխվել է մայրաքաղաք Երևան։

Այստեղ նա սովորել է Երևանի թեմական դպրոցում, ուսումնասիրել է նկարչությունը և փորագրությունը փայտի վրա։ Մոտ մեկ տարի անց Ադոյանի մեծ քույրերը տեղափոխվել են Ամերիկայի միացյալ նահանգներ։ Իսկ 1919 թ․, երբ մահացել է Շուշանիկը՝ Ոստանիկի մայրը, նկարիչը քրոջ հետ տեղափոխվել Թիֆլիս, այնուհետև Բաթում, իսկ 1920 թվականին մեկնել ԱՄՆ։

Արշիլ Գորկու կենսագրությունը

Արշիլ Գորկին ուսանել է Բոստոնի նկարչական դպրոցում։ Ավելի ուշ՝ 1924 թ․, Գորկին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նախ սովորել է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում։ Հենց այս դպրոցում էլ նկարիչը 5 տարի գծանկար և գեղանկար է դասավանդել։ 1924 թվականին էր, երբ Ոստանիկ Ադոյանն անվանափոխվեց Արշիլ Գորկու։ 

1935 թ․ Արշիլ Գորկին ամուսնացել է Մարնի Ջորջի հետ, սակայն  այս ամուսնությունը երկար չի տևել․ մեկ տարուց զույգն ամուսնալուծվել է։ Իսկ 1941 թ․ Գորկին ամուսնացել է Ագնես Մակգրոդերի հետ։

Արշիլ Գորկի՝ փաստեր

Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան։ Օրինակ՝ 1939 թվականին նկարիչը մասնակցել է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։

Նյու Յորքում 1941 թ․ կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում Գորկին երկու նկար է նվիրել կարմիր բանակին օգնելու նպատակով։ 

1946 թվականին, երբ Գորկին պատրաստվում էր Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք իր ցուցահանդեսին, այրվել է նրա արվեստանոցը։ Այնտեղ կար նկարչի 36 նկար և նրա գրադարանը։

Արշիլ Գորկի փաստեր

1946 թ․ Գորկին  քաղցկեղի վիրահատություն է տարել։ 

1948 թ․ ավտովթարից վնասվել է նկարչի ողնաշարը, ինչի պատճառով նրա աջ ձեռքը անաշխատունակ է դարձել։ 

1948 թ․ Գորկին ինքնասպան է եղել՝ այլևս չդիմանալով դժվարություններին և դուրս մնալով ամերիկահայության ուշադրությունից։

Արշիլ Գորկի՝ նամակներ

Կյանքի որոշ ժամանակահատվածում Արշիլ Գորկին նամակներ է գրել քրոջը՝ Վարդուշին և քրոջ որդուն՝ Կառլենին: Այս նամակներից յուրաքանչյուրը գրական մի յուրօրինակ ստեղծագործություն է, որի միջոցով նկարիչն արտահայտել է իր սերը և նվիրվածությունը:

Արշիլ Գորկի՝ նկարներ

Այսօր Արշիլ Գորկու կտավները կարող եք գտնել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող թանգարաններում ու պատկերասրահներում։ Գորկու ինքնատիպ նկարները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր թանգարաններում (Ուիթնի ամերիկյան արվեստի, Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և  այլուր։ Նկարչի գործերը ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: Իսկ 2004 թվականից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը: Գաղտնիք չենք բացի, եթե ասենք, թե որն է Գորկու ամենահայտնի և սիրված նկարը։

Արշիլ Գորկի նկարներ

Արշիլ Գորկի «Նկարիչն ու իր մայրը»

Արշիլ Գորկու ամենահայտնի նկարներից մեկը «Նկարիչը և նրա մայրը» ստեղծագործությունն է: Ներկայացվում է այս ստեղծագործության երկու  տարբերակ, ինչն էլ ավելի է մեծացնում հետաքրքրությունը Գորկու կտավի հանդեպ:

Այսօր Արշիլ  Գորկու «Նկարիչը և իր մայրը» կտավի առաջին տարբերակը գտնվում է Նյու Յորքի Ուիտնի թանգարանում և թվագրված է 1926-1936թթ.: Կտավի երկրորդ տարբերակը գտնվում է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում և թվագրված է 1926-1942թթ.։ Կտավի առաջին տարբերակում մայրն ավելի երիտաարդ է, իսկ երկրորդում՝ ավելի ծեր: Առաջին նկարում փոքրիկ Ոստանիկի ոտքերն իրար շատ մոտ են, իսկ երկրորդում՝ ուղիղ:

Արշիլ Գորկի Նկարիչն ու իր մայրը

Այս կտավում Գորկին ամեն կերպ փորձել է խուսափել մոր ձեռքերը պատկերելուց: Նկարում դրանք նման են խմորագնդերի: Ներկայացված է Գորկու ցավն ու ծանր հիշողությունը: Նկարիչն աշխարհին է ներկայացնում իր մորը, որպես կորսված հայրենիքի ու նրա գեղեցկութան խորհրդանիշ:

Գորկու արվեստում մշտապես արտահայտված է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը: Կյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ինքնատիպ կտավներ է ստեղծել՝ յուրահատուկ ու վառ գույներով։ Այս կտավների մեջ ամենանշանավորներն են` «Հոգեվարք», «Ջրվեժ», «Այգիներ Սոչիում» և այլն։

Արշիլ Գորկի Հոգեվարք

Այս կտավների շնորհիվ հետագայում Գորկին արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի սկզբնավորող: 

Մեծերն Արշիլ Գորկու մասին

Մարդիկ արվեստի տարբեր բնագավառներից անդրադարձել են Արշիլ Գորկուն և նրա ստեղծագործություններին։ Ստորև կներկայացնենք, թե ինչ են նրանք ասել։

«Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով: Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»: 

Ուիլյամ դե Կունինգ, ամերիկացի նկարիչ

Արշիլ Գորկին և Ուիլյամ դե Կունինգը

Արշիլ Գորկին և Ուիլյամ դե Կունինգը

«Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին: Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո: Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք: Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության՝ գեղանկարչության...»

Ալեն Ջուֆրի

«Ստեղծագործական դեգերումների մեջ Գորկին հաճախ էր դիմում իր ակունքներին... Եվ նա մեզ հետաքրքրում է նաև այն ազդեցությամբ, որն ունեցել է հայ ժամանակակից արվեստի զարգացման վրա»

արվեստաբան Նազարեթ Կարոյան

«Ստալինիզմն ու ավանգարդը զարմանալիորեն հատվեցին նրա ճակատագրում: Ստալինը Գորկու համար արտիստիկ հրեշտակ էր»

արվեստաբան Վարդան Ազատյան

«Գորկին միակն է, ով կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել»

ֆրանսիական մամուլ, 1967թ.

Արշիլ Գորկու մեջբերումները

Արշիլ Գորկին արտահայտել է իր սերը հայրենիքի հանդեպ ոչ միայն կտավներով, այլ նաև խոսքերով։ Կարդացե՛ք նկարչի հայտնի մեջբերումներից մի քանիսը՝


Արշիլ Գորկու մեջբերումները


Ամփոփելով՝

Արշիլ Գորկին այն մեծագույն հայերից է, ովքեր աշխարհին ի ցույց են դրել հայկական արվեստը։ Նկարչի ստեղծագործությունների գունային խարիսխը նրա մանկության պայծառ հիշատակների՝ Վանա լճի կապույտի, դեղնավուն ավազի, ծիրանի արևախանձ գույնի արձագանքն է։ Հոգևոր արմատներով Գորկին կապված է Հայաստանին ու հայ ժողովրդին։

Armenia Discovery
Ստեղծված է Փետրվար 21, 2020 / Թարմացված է Ապրիլ 17, 2026

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր
Ապրիլ 27, 2026 Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր

Ավիացիոն երթևեկության շուրջօրյա աճը վկայում է օդանավակայանների կայանատեղիների նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին: Քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ օդանավակայանի տարածքում մնում են երկար ժամանակ՝ օրեր կամ նույնիսկ շաբաթներ, հողատարածքի սահմանափակումները պետք է ճիշտ հաշվարկվեն՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:...

Շարունակել
Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Ապրիլ 16, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Բենգալուրուի հայտնի ուտեստներ
Ապրիլ 16, 2026 Բենգալուրուի հայտնի ուտեստներ

Բանգալորը կամ Բենգալուրուն Կառնատակայի մայրաքաղաքն է և լայնորեն հայտնի է «Հնդկաստանի պարտեզային քաղաք», «Հնդկաստանի Սիլիկոնային հովիտ» և «ՏՏ կենտրոն» անուններով։ Այն ունի հսկայական ռեսուրսներ և իր բնակիչներին առաջարկում է շատ բան։ Բանգալորը հայտնի է իր գեղեցիկ...

Շարունակել