Քաղցրավենիքը երջանկություն է, իսկ հայկական քաղցրավենիքները՝ կրկնակի երջանկություն: Հավանաբար, չկա աշխարհում մի հայ, որը չի սիրում գաթա, փախլավա, քաղցր սուջուխ կամ մրգի լավաշ: Իսկական քաղցրակերներն անշուշտ կգնահատեն հայկական ավանդական քաղցրավենիքների բազմազանությունն ու յուրահատուկ համը:
Այնպես որ, եկեք տեսնենք, թե ինչ կարող եք համտեսել Հայաստանում և, ինչու ոչ, տանել ձեր հարազատների և ընկերների համար:
Հայկական քաղցրավենիք №1- Խմորեղեն
Գաթան հայկական ամենահայտնի խմորեղենն է: Կան գաթայի մի քանի բաղադրատոմսեր: Համեղ և նուրբ խմոր և շաքարավազի ու կարագի լցոն, որը հալվում է բերանի մեջ․․․ Ինչպե՞ս կարելի է գաթա չսիրել:
Փախլավան ոչ պակաս սիրված հայկական հրուշակեղեն է, որը պատրաստվում է շերտավոր խմորով և օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Անպայման համտեսեք այս ֆանտաստիկ քաղցրավենիքը, նույնիսկ եթե դիետայի վրա եք:
Հայկական քաղցրավենիք №2 - Քաղցր սուջուխ և չրեր
Հայկական ավանդական քաղցրավենիքների մեջ առանձնհատուկ տեղ ունեն մրգերի չրերը, որոնց բազմազանությունը պարզապես ապշեցուցիչ է։ Թվում է, թե հայերն ամեն ինչից են չիր պատրաստում։
Շուկաներում ցուցադրված հարուստ տեսականին կարող է նույնիսկ գլխապտույտ առաջացնել։ Այստեղ դուք կգտնեք նույնիսկ ձմերուկի, լոլիկի և թթի չիր։ Բազմազան է նաև քաղցր սուջուխի տեսականին, որը պատրաստվում է տարբեր ընկույզներով և մրգերի օշարակով։
Հայկական քաղցրավենիք №3 - Մուրաբաներ և ջեմեր
Մուրաբաներ իհարկե բոլորն են պատրաստում, սակայն հայ կանանց պատրաստած մուրաբաներն ու ջեմերն անկրկնելի են։ Գաղտնիքը, հավանաբար, հյութեղ մրգերի և անուշաբույր հատապտուղների մեջ է, որ առատորեն աճում են հայոց հողում։ Այստեղ պատրաստում են ծիրանի, ընկույզի, թզի, դդումի, վարդի ծաղկաթերթիկների և նույնիսկ սմբուկի մուրաբա։
Հայկական քաղցրավենիք № 4 - Քաղցր մրգային լավաշ
Քաղցր լավաշը պատրաստվում է տարբեր մրգերի խյուսից՝ հիմնականում ծիրանի և սալորի։ Թթու մրգերով կարելի է պատրաստել թթու լավաշ, որի սիրահարները նույպես շատ են։