Տոլմայի փառատոն

Տոլմայի փառատոն

September 18, 2017

Հայերը սիրում են ընտանիքի և ընկերների հետ հավաքվել սեղանի շուրջ և համեղ կերակուրներ ճաշակել։ Համարվում է, որ հայ կինը պետք է կարողանա իր ընտանիքի համար համեղ և բազմատեսակ ուտեստներ  պատրաստել։ 

Հայկական սեղանի ամենասիրված և գլխավոր ուտեստներից մեկը տոլման է։ Տոլման հայկական ծագում ունեցող ավանդական ուտեստ է, որը պատրաստում են և՛ տոնական, և՛ առօրյա սեղանի համար։ Դժվար է երևակայել, բայց հայերն ունեն տոլմայի ավելի քան 50 տեսակ։ Եվ բնավ զարմանալու չէ, որ մենք ունենք նաև տոլմայի փառատոն։

Տոլման պատրաստում են կաղամբի կամ խաղողի տերևներով, բրնձով, աղացած մսով, ընդեղենի որոշ տեսակներով և այլ բաղադրիչներով:  Աղացած միսը համեմվում է, ավելացվում է բրինձ և փաթաթվում խաղողի կամ կաղամբի տերևներով։ 

Տոլմայի փառատոն

Տերևների փոխարեն կարելի է նաև օգտագործել բանջարեղեն (բիբար, սմբուկ, լոլիկ): Եփվում է ձիթայուղով, քիչ քանակությամբ ջրի մեջ։ Ամանօրյա սեղանի տոլման ավանդաբար պատրաստվում է խաղողի տերևներով։ 

Տոլմայի սիրված տեսակներից է “պասուց տոլման”, որը լցոնում են մի քանի ժամ թրջած կարմիր լոբով, սիսեռով, ոսպով, բլղուրով և տարբեր կանաչեղենով: Փաթաթում են թթու կաղամբի շերտերով և մատուցում սառը վիճակում։ 
Հոգ չէ, եթե դեռ չեք համտեսել հայկական տոլմա։ Դուք կարող եք ծանոթանալ գրեթե բոլոր տեսակներին՝ մասնակցելով Հայաստանում կազմակերպվող Տոլմայի փառատոնին։ 

Տոլմայի առաջին համահայկական փառատոնը տեղի է ունեցել 2011 թվականին։ Փառատոնի նպատակն է հայկական ավանդական ուտեստի նորովի ներկայացնելը և ժողովրդականացումը։

Փառատոնի ընթացքում երկրի լավագույն խոհարարներն ու Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած մասնակիցները ներկայանում են տոլմայի իրենց տարբերակով: Համտեսելուց հետո՝ փորձագետները հայտարարում են փառատոնի հաղթողներին: Այս ամենն ուղեկցվում է ազգային երգ ու պարով:

2017 թվականի փառատոնին ներկայացվել է աշխարհի ամենաերկար տոլման (60 մ, 44 սմ), ինչն իսկական սենսացիա է դարձել:

Այնպես որ, դարձեք ազգային փառատոնի մի մասը և համտեսեք տոլմայի ավանդական, կամ էլ լրիվ նոր և անսպասելի տարատեսակները: 
 

Ձեզ կհետաքրքրի նաև