Հայկական երաժշտություն

Հայկական երաժշտություն

October 16, 2017

Հայկական երաժշտությունը ծագել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Հին ձեռագրերում հանդիպում են հեթանոսական ժամանակաշրջանի առասպելական և պատմական հերոսներին վերաբերող երգեր (Վահագնի, Արա Գեղեցիկ և Շամիրամ, և այլն): 

Հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ հայտնի է, որ հայերը դեռևս 5-րդ դարում ունեցել են այնպիսի երաժշտական գործիքներ, ինչպիսիք են թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը։ Խորենացին նշում է նաև “փանդիռ” կոչվող եզակի հայկական երաժշտական գործիքը, որը դուրս է եկել գործածությունից միջնադարում։

5-րդ դարում են ծագել հայկական շարականները, որոնք սկսել են գրառվել Հայոց այբուբենի ստեղծումից հետո: Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ հայկական դպրոցներում երաժշտություն էր դասավանդվում դեռևս 4-րդ դարում։ 

Հայկական երաժշտության կերտողները

16-րդ դարում ծագում և լայն տարածում է ստանում երաժշտության մի նոր տեսակ՝ ճամփորդող երաժիշտների՝ աշուղների երաժշտությունը: Աշուղներն ազգային պոետ-երգիչներ էին, որոնց երաժշտությունը հիմնվում էր հայկական ժողովրդական արվեստի բազմադարյա ավանդույթների վրա։ Հայտնի հայ աշուղներ էին Սայաթ-Նովան, Նաղաշ Հովնաթանը, Ջիվանին, Շերամը, Հավասին։

Հայկական դասական երաժշտությունը վերելք է ապրում 19-րդ դարի 2-րդ կեսում: Այս ժամանակահատվածում են ձևավորվել առաջին երգչախմբերը, գործիքային համույթները և սիմֆոնիկ նվագախմբերը: 1868-ին Տիգրան Չուխաջյանը ստեղծում է հայկական առաջին օպերան՝ «Արշակ Երկրորդ»-ը:

1880-ական թվականներին պրոֆեսիոնալ կոմպոզիտորները (Մակար Եկմալյան, Նիկողայոս Տիրգրանյան) սկսեցին հավաքել և մշակել հին հայկական ժողովրդական երգերը: Հայ երաժշտական ​​մշակույթի պատմության ամենանշանավոր գործիչը՝ մեծ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասը, հավաքել և գրառել է ավելի քան 2000 հայկական ժողովրդական երգ: Որպես նվիրյալ ուսուցիչ և երաժշտական ​​հանճար, նա հսկայական մշակութային ժառանգություն է թողել հայ ժողովրդին:

20-րդ դարում սկսվում է հայ դասական երաժշտության զարգացման նոր շրջանը: Ալեքսանդր Սպենդիարյանը, Արմեն Տիգրանյանը, Արամ Խաչատրյանը, և շատ այլ տաղանդավոր երաժիշտներ, ապրել և ստեղծագործել են այս ժամանակաշրջանում:

Առաջին հայկական ջազային նվագախմբերը նույնպես ստեղծվել են 20-րդ դարի սկզբում: Այս երաժշտական ժանրը մինչև այսօր էլ շատ գնահատված և սիրված է հայ ունկնդրի կողմից: Երևանում պարբերաբար ջազային համերգներ և փառատոններ են անցկացվում:

Հայկական ազգային պարեր

Հայ ազգային պարերը մշակվել են նախաքրիստոնեական շրջանում: Դրանք եղել են ծիսական արարողությունների անբաժան մասը, սակայն հետագայում կորցրել են իրենց ծիսական կարևորությունը և սկսել են կատարվել միայն հարսանիքների և միջոցառումների ժամանակ: Ըստ հայ պատմիչների, Գողթի նահանգը հայտնի է եղել իր երաժիշտներով և պարողներով, ովքեր նվագում էին «փանդիռ» և պարում ավանդական պարեր:

Հայ ազգային պարերը ներառում են խմբակային պարեր, մենապար, զուգապար և շուրջպար: Ամենասիրված և հայտնի ազգային պարերն են.

  • լորկե
  • քոչարի
  • յարխուշտա
  • բերդ

 

Ձեզ կհետաքրքրի նաև