Արամ Խաչատրյան - Տաղանդավոր կոմպոզիտորի կյանքն ու ժառանգությունը

Արամ Խաչատրյան - Տաղանդավոր կոմպոզիտորի կյանքն ու ժառանգությունը

July 25, 2019

Արամ Խաչատրյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտոր և դիրիժոր է, որը ճանաչված է որպես համաշխարհային դասական։ Նրա գործերն այսօր էլ հնչում են աշխարհի ամենամեծ բեմերում։ 

Արամ Խաչատրյան։ Կենսագրութունը

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականին՝ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում։ Թիֆլիսն այն ժամանակ Կովկասի բազմազգ մշակութային մայրաքաղաքն էր, որտեղ ապրում էին նաև շատ հայեր։ Խաչատրյանը միշտ նշել է, որ Թիֆլիսի մթնոլորտը և միջավայրը մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքի և կարիերայի վրա։

Արամ Խաչատրյան։ Կենսագրութունը

18 տարեկանում Խաչատրյանը տեղափոխվել է Մոսկվա։ 1922թ-ին ընդունվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ չունենալով նույնիսկ տարրական երաժշտական գիտելիքներ։ Նա միևնույն ժամանակ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում։Կոնսերվատորիայում նա սովորում էր կոմպոզիտորական գործ և նվագախմբի համար նոտայագրություն։ Այս ընթացքում նա սովորում էր նվագել թավջութակի վրա: Այստեղ նա ծանոթանում է կոմպոզիտոր Նինա Մակարովայի հետ և ամուսնալուծվելով առաջին կնոջից, 1933 թվականին ամուսնանում է վերջինիս հետ։

Արամ Խաչատրյանի կարիերան

Նախքան կոնսերվատորիա ընդունվելը Խաչատրյանն արդեն գրել էր իր առաջին երկու գործերը՝ «Պար» և պոեմ՝ դո դիեզ մինորում: Դեռ այդ ժամանակվանից Խաչատրյանը լայնորեն օգտագործում էր հայկական ժողովրդական երաժշտությունն իր ստեղծագործությունների մեջ։

Խաչատրյանը որպես ավարտական աշխատանք ներկայացրել է իր գրած առաջին սիմֆոնիան, որն ամբողջությամբ ներշնչված էր հայկական ազգային երաժշտությամբ։ Այն գրավել է նշանավոր դիրիժորների ուշադրությունը և շուտով կատարվում էր խորհրդային լավագույն նվագախմբերի կողմից։

Արամ Խաչատրյանի կարիերան

Կոնսերվատորիան ավարտելուց հետո սկսվում է նրա կարիերայի ակտիվ շրջանը։ 1936թ․-ին Խաչատրյանը գրում է իր առաջին մեծ գործը՝ «Դաշնամուրի կոնցերտը», որը նրան հաջողություն է բերում ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Այնուհետև նա գրել է ևս երկու սիրված կոնցերտ՝ «Ջութակի կոնցերտը» (1940) և «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» կոնցերտը (1946)։ «Ջութակի կոնցերտ»-ն արժանացել է պետական մրցանակի և ստացել է համաշխարհային ճանաչում։ Այն դարձել է միջազգային երաժշտացանկի մաս։

Խաչատրյանը գրել է նաև երգեր, եկեղեցական երաժշտություն, ինչպես նաև երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար: Նա ստեղծել է մոտ 25 ֆիլմերի երաժշտություն, այդ թվում՝ հայկական առաջին հնչունային ֆիլմի՝ «Պեպո»-ի համար (1935): 

1950 թվականին «Ստալինգրադի ճակատամատ» ֆիլմի երաժշտության համար Խաչատրյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (Ստալինյան մրցանակ):

Արամ Խաչատրյան։ Ստեղծագործությունները

Արամ Խաչատրյանը հայկական առաջին բալետի կոմպոզիտորն է։ Բալետը կոչվում էր «Երջանկություն»: Այնուհետև նա գրում է նաև «Գայանե» և «Սպարտակ» բալետները, որոնք դասվում են նրա լավագույն ստեղծագործությունների շարքին։ 

«Գայանե» բալետի վերջին գործողության համար գրված «Սուսերով պար»-ը Խաչատրյանի ամենաճանաչված և աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է։ 

Խաչատրյանն այսպես է ասել․ «Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի»:

Արամ Խաչատրյան

Խաչատրյանի «Սպարտակ»-ը ճանաչվեց 1970-ականներին, երբ BBC հեռուստաալիքը օգտագործեց այն հեռուստաալիքի կողմից նկարահանվող դրամայի սերիաներում: Օպերայի կուլմինացիան օգտագործվել է նաև «Կալիգուլա» (1979) և «Սառցե դարաշրջանը. հալոցք» (2006) ֆիլմերում:

Առանձնահատուկ տեղ է գրավում Խաչատրյանի «Դիմակահանդես»-ի երաժշտությունը, որը նա գրել է 1943 թվականին՝ Միխայիլ Լերմոնտովի համանուն պիեսի ներկայացման համար։ Նա գրել էր ներկայացման համար երաժշտություն, որը հետագայում վերափոխել է նվագախմբային սյուիտի։ 

Կոմպոզիտորի մահից հետո նրա աշակերտ Էդգար Հովհաննիսյանը ստեղծել է «Դիմակահանդես» բալետի պարտիտուրան՝ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա՝ նրանում ներառելով կոմպոզիտորի այլ ստեղծագործություններից հատվածներ։

Արամ Խաչատրյանի ժառանգությունը

Արամ Խաչատրյանը թողել է հսկայական մշակութային ժառանգություն: Նրա ստեղծագործությունները ճանաչված և սիրված են ամբողջ աշխարհում: Նա գրել է հանրահայտ բալետներ, նվագախմբային երաժշտություն, կոնցերտներ, սիմֆոնիաներ և բազմաթիվ այլ երաժշտական գործողություններ:

Հայ ժողովուրդն անսահման գնահատում է մեծ երաժշտին և հարգանքի տուրք է մատուցում առ այսօր։ Երևանի Օպերային թատրոնի ֆիլհարմոնիկ դահլիճը կոչվում է կոմպոզիտորի անունով։ Համերգասրահը գտնվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։ Կառույցի գլխավոր մուտքի դիմաց Արամ Խաչատրյանի արձանն է, որը տեղադրվել է 1999թ.՝ մեծն Ա. Խաչատրյանի ծննդյան օրը (հունիսի 6)։ 

Արամ Խաչատրյանի աչձանը Երևանում

Երևանում է գտնվում նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը։ Նրա երևանյան բնակարանում հիմնականում ապրել են մայրը և եղբայրը՝ իր ընտանիքով։ Հայրենիք այցելելիս Խաչատրյանը հանգրվանել է այս տանը։ Ներկայումս այստեղ անցկացվում են տարբեր երաժշտական միջոցառումներ։

Հայաստանում կոմպզիտորի անունով են կոչվում նաև լավագույն երաժշտական դպրոցները և քաղաքների կենտրոնական փողոցները։

Ձեզ կհետաքրքրի նաև